ԼՂՀ պատմություն
05.02.2012 19:32

ԼՂՀ անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան: Այդ օրվանից ի վեր հանրապետության իշխանությունները հետեւողականորեն վարում են կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված քաղաքականություն: Լեռնային Ղարաբաղը /հայերեն ինքնանվանումն Արցախ/ գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում եւ հնուց ի վեր հանդիսացել է պատմական Հայաստանի նահանգներից մեկը, որի հյուսիսարեւելյան սահմանը, ըստ բոլոր հնագույն աղբյուրների, Քուռ գետն է: Լեռնային երկրամասի բնա-կլիմայական պայմանները պայմանավորված են նպաստավոր աշխարհագրական դիրքով:Հին հայկական Ուրարտու պետության կազմում /մ.թ.ա. VIII-Vդդ./ Արցախը հիշատակվում է Ուրտեխե-Ուրտեխինի անվամբ: Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի եւ այլ հեղինակների աշխատություններում նշվում էր, որ Հայաստանի եւ լեռնային ժողովուրդների խառնակույտ ներկայացնող կովկասյան հարեւան հնագույն պետության` Աղվանքի /Աղուանք/ միջեւ սահմանը հանդիսանում էր Քուռ գետը:

Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ Հայաստանի բաժանումից հետո /387թ./ Արեւելյան Անդրկովկասի տարածքը, այդ թվում եւ Արցախը, անցավ Պարսկաստանին, ինչը, սակայն, մինչեւ ուշ միջնադար ազդեցություն չունեցավ տարածաշրջանի էթնիկ սահմանների վրա. Քուռի աջակողմյան ափն Արցախի /Ղարաբաղի/ հետ միասին շարունակեցին մնալ հայաբնակ: Եվ միայն XVIII դարի կեսերին Ղարաբաղի հյուսիսային սահմաններ սկսեցին թափանցել թուրքական քոչվոր ցեղեր, որը հայկական իշխանական տների հետ բազմադարյան պատերազմների սկիզբը դրեց:

Լեռնային Ղարաբաղի մելիքությունները /իշխանությունները/, որոնք կառավարվում էին ժառանգական, ավատակալվածքային իշխանների մելիքների կողմից, կարողացան պահպանել փաստացի ինքնիշխանություն, այդ թվում ունենալով նաեւ սեփական, իշխանական եւ այլ տիպի զորամիավորումներ: Ստիպված լինելով հարյուրամյակների ընթացքում դիմակայել ոչ միայն Օսմանյան կայսրության զորքերի հարձակումներին, քոչվոր ցեղերի եւ մեծաքանակ ու հաճախ թշնամաբար տրամադրված հարեւան խաների ջոկատների, այլ նաեւ հենց պարսկական շահերի զորաբանակների արշավանքներին` Արցախի մելիքները ձգտում էին ազատագրվել այլադավան գերիշխանությունից: Այդ նպատակով XVII-XVIIIդդ. Ղարաբաղի մելիքները նամակագրության մեջ էին գտնվում ռուսական ցարերի, այդ թվում Պետրոս I եւ Պավել I կայսրերի հետ:

1805 թվականին ՙՂարաբաղի խանություն՚ ձեւական անունը ստացած Արցախի պատմական տարածքը, Արեւելյան Անդրկովկասի այլ լայնարձակ տարածքների հետ միասին անցավ Ռուսական կայսրության ՙմշտնջենական տիրապետության՚ տակ, որն ամրագրվեց Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Գյուլիստանի /1813թ./ եւ Թուրքմենչայի /1828թ./ պայմանագրերով:

Սկսվեց խաղաղ կյանքի ժամանակաշրջանը, որը տեւեց մինչեւ 1917 թվականը: Ռուսական կայսրության անկումից հետո, Կովկասում պետությունների կազմավորման նոր գործընթացում, Լեռնային Ղարաբաղը 1918-20թթ. դարձավ իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության եւ թուրքական ինտերվենցիայի պայմաններում ձեւավորված նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միջեւ սկսված դաժան պատերազմի թատերաբեմ: Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց Անդրկովկասի հայկական զգալի տարածքների նկատմամբ:

Թուրքական կանոնավոր զորքերն ու ադրբեջանական զորամիավորումներն, օգտվելով համաշխարհային պատերազմի եւ Ռուսական կայսրության անկման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, որպես Թուրքիայում 1915թ. հայերի ցեղասպանության շարունակություն, 1918-20թթ. բնաջնջեցին հարյուրավոր հայկական գյուղեր, կազմակերպեցին հայերի ջարդեր Բաքվում եւ Գյանջայում: Եւ միայն Լեռնային Ղարաբաղում այդ կազմավորումները հանդիպեցին լուրջ զինված դիմադրության չնայած նրան, որ երկրամասի մայրաքաղաք Շուշին 1920թ. մարտի 23-ին հրկիզվել էր ու թալանվել, իսկ նրա հայ բնակչությունը` բնաջնջվել:

Հենց այդ ժամանակ էր, որ միջազգային հանրությունն անհրաժեշտ համարեց խառնվել էլ ավելի ողբերգական բնույթ ստացած հակամարտությանը: 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի V Կոմիտեն, III ենթակոմիտեի զեկույցի հիման վրա, արձագանքելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին ու հայկական զանգվածային կոտորածներին, միաձայն արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելու դեմ: Այն ժամանակ Ազգերի լիգան, մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը, Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես վիճելի տարածք, ինչի հետ համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում եւ Ադրբեջանը: Եւ այսպես, 1918-20թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանում նրա ինքնիշխանությունը չէր տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա /ինչպես եւ Նախիջեւանի /:

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ:1920թ. Խորհրդային Ադրբեջանի հռչակումից հետո ռուսական զորքերը, մինչեւ հարցի խաղաղ լուծումը, համաձայն Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պայմանագրի, ժամանակավորապես գրավեցին Լեռնային Ղարաբաղը:

Սակայն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, Ադրբեջանի Հեղկոմը /Հեղափոխական կոմիտե - բոլշեւիկյան այն ժամանակվա իշխանության գլխավոր մարմին/ հայտարարությամբ ճանաչեց ՙվիճելի տարածքների՚ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի Հայաստանի անբաժանալի մաս լինելը: Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին հայտարարության պահին այդ տարածքները չէին մտնում Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:

Վիճելի տարածքների՚ նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության եւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջեւ համաձայնագրի հիման վրա 1921թ. հունիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մասը: Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում /ՙԲաքվի աշխատավոր՚ - Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան. 1921թ. հունիսի 22/: Այդպիսով, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի փաստացի միացումը Հայաստանին, որը միջազգային-իրավական իմաստով Անդրկովկասում կոմունիստական վարչակարգի ընթացքում եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը, ինչն ամրագրված է Ազգերի լիգայի ժողովի /Ասամբլեա/ բանաձեւում /18.XII.1920թ./, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում եւ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի /նախարարության/ իշխանության բարձրագույն մարմնին` Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-21թթ. տարեկան զեկույցում:

Շուտով, սակայն, Ռուսաստանի բոլշեւիկյան ղեկավարությունը, ՙհամաշխարհային կոմունիստական հեղափոխությանն՚ օժանդակելու քաղաքականության համատեքստում, որում Թուրքիային վերապահվում էր ՙԱրեւելքում հեղափոխության ջահակրի՚ դերը, փոխում է իր վերաբերմունքը վերջինիս էթնիկապես մերձավոր Ադրբեջանի եւ ՙվիճելի տարածքների՚ խնդրի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Ադրբեջանի ղեկավարությունը Մոսկվայի ցուցումներով վերսկսում է խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնությունների մասին: ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի պլենումը քամահրելով Ազգերի լիգայի որոշումը եւ մերժելով ժողովրդական հանրաքվեն /պլեբիսցիտ/ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժողովրդավարական մեխանիզմ, 1921թ., Ստալինի անմիջական ճնշման ներքո եւ ի հակադրումն միացման ակտի, արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Լեռնային Ղարաբաղի բռնի անջատման մասին այդ հայկական տարածքներում Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով:

Ադրբեջանն ամեն կերպ ձգձգում էր Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու պահանջների կատարումը: Բայց ղարաբաղցիների երկամյա զինված պայքարի եւ ՌԿ/բ/Կ պնդմամբ 1923թ. երկրամասի մի փոքր մասին տրվում է ինքնավար մարզի կարգավիճակ, որը ԽՍՀՄ պետական կառույցում ազգային պետական կազմավորման սահմանադրական ձեւերից մեկն էր: Ավելին Լեռնային Ղարաբաղը, ըստ երեւույթին, հեռահար նշանառությամբ, մասնատվեց. մի մասում կազմավորեցին ինքնավարություն, իսկ մյուս մասը տարրալուծեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջաններում: Ընդ որում այնպես, որպեսզի չեզոքացվեր ֆիզիկական ու աշխարհագրական կապը Հայաստանի եւ հայկական ինքնավարության միջեւ:

Այսպիսով, Ազգերի լիգայի կողմից ՙվիճելի՚ ճանաչված տարածքների նշանակալի մասն ուղղակի բռնակցվեց Ադրբեջանին եւ ինքնավար մարզի սահմաններից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղի մեծ մասը /Գյուլիստան, Քելբաջար, Քարահատ /Դաշքեսան/, Լաչին, Շամխոր եւ այլն/:

Այդպիսով, ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծվեց, այլ սառեցվեց 70 տարով չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայկական մեծամասնությունը բազմիցս նամակներով եւ հանրագրերով դիմում էր Մոսկվայի կենտրոնական իշխանությանը պահանջելով չեղյալ համարել 1921 թվականի հակասահմանադրական եւ անիրավասու որոշումը եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի Հայաստանի կազմը տեղափոխելու հնարավորությունը: Նույնիսկ ստալինյան բռնադատումների տարիներին, պատմական հայրենիքից ամբողջ հայ ժողովրդի աքսորվելու վտանգի առկայության պայմաններում /բռնադատումների ենթարկված այլ ազգերի օրինակով/, չդադարեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարը երկրամասը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու համար:

1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Հետեւելով գործող բոլոր իրավական նորմերին եւ օգտագործելով կամքն արտահայտելու բացառապես ժողովրդավարական ձեւեր Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը հանդես եկավ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Այդ իրադարձությունները բեկումնային եղան ոչ միայն արցախցիների կյանքում. դրանք, փաստորեն, նախասահմանեցին ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը: 1988թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի Գերագույն խորհրդին նրա կազմի մեջ մտնելու մասին եւ ԽՍՀՄ ԳԽ այդ դիմումը բավարարելու մասին հիմնվելով իրավական նորմերի եւ ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:

Սակայն, վեճը քաղաքակիրթ հուն տեղափոխելուն ուղղված յուրաքանչյուր գործողության հետեւում էին բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում եւ այլն: ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական քաղաքներում Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, իսկ հետո նաեւ ողջ Ադրբեջանում կազմակերպվեցին հայերի ջարդեր ու զանգվածային սպանություններ, որոնց հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ:

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը /դեկլարացիա/: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ի ՙԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին՚ ԽՍՀՄ օրենքում, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետա-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Այդ նույն ժամանակահատվածում /նոյեմբեր 1991թ/, ի հակադրումն բոլոր իրավական նորմերի, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունեց ԼՂԻՄ-ի լուծարման մասին Օրենքը, որը ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի կողմից որակվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող ակտ:

1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետեւած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման եւ նրան հետեւած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Օգտագործելով իր տարածքում կենտրոնացված ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ պատերազմն, ինչպես հայտնի է, փոփոխական հաջողություններով 1991թ. աշնանից շարունակվեց մինչեւ 1994թ. մայիս: Եղան պահեր, երբ ԼՂ տարածքի գրեթե 60 տոկոսը գրավված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը գրեթե անդադար հրետակոծումների եւ ռմբակոծումների էին ենթարկվում:

1992թ. մայիսին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը կարողացան ազատագրել Շուշի քաղաքը, միջանցք ՙբացել՚ Լաչին քաղաքի շրջանում հնարավորություն ստեղծելով վերամիավորել ԼՂՀ եւ Հայաստանի տարածքները, դրանով իսկ մասնակիորեն վերացնելով ԼՂՀ երկարամյա շրջափակումը:

1992թ. հունիս-հուլիս ամիսներին ադրբեջանական բանակին հաջողվեց գրավել ԼՂՀ ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, Մարտունու, Ասկերանի եւ Հադրութի շրջանների մի մասը:

1992թ. օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող եւ կառավարական մակարդակով ԱՄՆ կողմից այդ պետությանը տնտեսական օժանդակությունն արգելող բանաձեւ:

Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու նպատակով ԼՂՀ կյանքն ամբողջովին տեղափոխվեց ռազմական հուն. 1992թ. օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե, իսկ ինքնապաշտպանության անջատ ջոկատներրը վերաձեւավորվեցին եւ ամուր կարգապահության ու միահրամանատարության հիմունքներով կազմեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը:

ԼՂՀ Պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Ադրբեջանի կողմից ավելի վաղ շրջանում ԼՂՀ գրավված տարածքները, մարտական գործողությունների ընթացքում գրավելով նաեւ հանրապետությանը սահմանամերձ, կրակակետերի վերածված ադրբեջանական մի շարք շրջաններ: Հենց անվտանգության այդ գոտու ստեղծմամբ էր, որ կանխվեց խաղաղ ազգաբնակչության անմիջական սպառնալիքի հնարավորությունը:

1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը , որի հիման վրա մայիսի 12-ին այդ նույն կողմերը պայմանավորվեցին կրակի դադարեցման շուրջ, որը գործում է ցայսօր:

1992թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում իրականացվում է բանակցային գործընթաց ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստման նպատակով, որը կոչված է հասնելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման:

www.nkr.am