«Այս ամբողջն իմն է. Հայրենիք, ես քեզ պաշտում եմ». Հերոս Արնոլդի հիշատակին Տարոնիկում օծվեց Զորաց մատուռը
10.11.2024 13:14

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում Սամվել և Անահիտ ամուսիններն իրենց հերոս զավակի՝ Արնոլդի և հազարավոր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնելու նպատակով «Հերոսների այգի» են հիմնել, որտեղ տնկված անվանական պտղատու ծառերը տարեցտարի ավելանում են։ Այգու հարևանությամբ անձնական միջոցներով նաև մատուռ — սրբատեղի են կառուցել՝ ի հիշատակ զորեղների, որն այսուհետ կրում է Զորաց մատուռ անվանումը։

 Նոյեմբերի 9-ին Տարոնիկը մարդաշատ էր։ Այստեղ էին տարբեր բնակավայրերից ժամանած որդեկորույս ծնողներ, տարոնիկցիներ, հյուրեր։ Արմավիրի մարզի հոգևոր հովիվ Ս. Սիոնի ձեռամբ կատարվեց Զորաց մատուռի օծման արարողակարգը և կատարվեց օրհնության կարգ։ Ս. Սիոնը նշեց, որ Արնոլդի և բոլոր հերոսների ծնողները ոչ թե պետք է սգան, այլև հպարտանան իրենց զավակների հերոսությամբ։ Ապա ներկաների շուրթերով հնչեց Տերունական աղոթքը։ Երախտիքի խոսքով հանդես եկավ Արնոլդի հայրը՝ Սամվել Հովսեփյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ Հերոսների այգին և Զորաց մատուռը լինելու են այն վայրը, որտեղ վերածնվելու են մեր հերոսները։ Տասներկու սյուներից է բաղկացած մատուռը, որոնք խորհրդանշում են Հիսուսի տսներկու առաքյալներին։ Վերևից դիտելիս այն խաչի տեսք ունի։

 «Աստծո այս տանը բոլորս կկարողանանք մեր խոսքն ուղղել առ Աստված։ Աստվածահաճո այս գործը կատարելով նպատակ ենք հետապնդել հավերժացնել մեր հերոսների հիշատակը։ Ու մեր ամուր հավատքի շորհիվ կկարողանանք ամուր կանգնել այս հողի վրա։ Նորակոչիկներն այստեղ զորություն և օրհնություն են ստանալու՝ անփորձանք ծառայելու և իրենց ծնողներին վերադառնալու համար։ Նորապսակներ կօրհնվեն, երեխաներ կկնքվեն՝ մի խոսքով սրբավայր է դառնալու, որտեղ բոլորը ձգտելու են գալ, օրհնություն և զորություն ստանալ»,- ասաց Սամվել Հովսեփյանը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր թեկուզ մի փոքր մասնակցություն են ունեցել մատուռի կառուցման աշխատանքներին։

 Վերջում նաև մատաղ մատուցվեց։

 Արցախից բռնի տեղահանված և տարբեր բնակավայրերում ապաստանած արցախցի որդեկորույս ծնողներից շատերի համար Հերոսների այգին միակ վայրը դարձավ, որտեղ կարողացան իրենց հարազատների համար հիշատակի վայր ունենալ։ Ու նրանք ժամանակ առ ժամանակ գալիս են այստեղ, խոնարհվելու, իրենց հերոսների անմար հիշատակը խնկարկելու համար։ 2020 թվականի հունվարի 14-ին Սամվել և Անահիտ ամուսինները հպարտությամբ են բանակ ճանապարհել իրենց կրտսեր որդուն՝ Արնոլդին։ Համոզված էին` Արնոլդը պատվով է կատարելու իր առջև դրված պարտականությունները։ Չէին սխալվում։ Ծառայության 9 ամսյա ժամանակահատվածում ծնողներն իրենց զավակով հպարտանալու բազմաթիվ առիթներ են ունեցել։ «Այդ ընթացքում բազմաթիվ շնորհակալագրեր ենք ստացել Արնոլդի հրամանատարներից,»- ասում է տիկին Հովսեփյանը։ Ցավոք, Արնոլդ Հովսեփյանը 44-օրյա պատերազմում նախահարձակ թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ընկել է անհավասար մարտում։ Ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

 «Հայրենիքի վտանգի պահին նա առանց երկմտելու մարտնչել է մինչև վերջ՝ մարտական 5 ընկերների հետ անմահացել, սակայն մարտական դիրքը չեն լքել։ Միայն 2021-ի նոյեմբերի 9-ին կարողացանք ԴՆԹ նույնականացման միջոցով գտնել որդուս և հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում։ Արնոլդիս հիշատակը հավերժացնելու համար միտք հղացավ ծիրանի ծառեր տնկել, քանի որ ծիրանի հայրենիքը Բիթլիսն է, ես էլ արմատներով՝ բիթլիսցի։ Պապս պատմում էր, որ իրենց մոտ գյուղում ծնված ամեն մի նոր երեխայի պատվին ծիրանի ծառ տնկելու սովորություն կար։ Իմ ցանկությունն է, որպեսզի մեր հերոսներն այս այգում վերածնվեն։

 Հայրենիքն ազատ ու անվտանգ տեսնելու տենչը, որ ունեցել է որդիս ու նրա նման հազարավոր երիտասարդներ՝ պետք է շարունակեմ։ Մեծագույն ցանկությունս է տեսնել այն օրը, երբ հայրենիքը կլինի կրկին միացյալ, ազատ, անվտանգ և այդ օրը փափագում եմ ձեռքերս կարկառեմ վերև և ասեմ՝ Որդի՛ս, իրականացել է քո երազանքը»,- մեզ հետ զրույցում ասում է Արնոլդի հայրը՝ Սամվել Հովսեփյանը։ Հենց այդպես՝ ձեռքերը երկնքին հառած է իր սերն առ հայրենիք խոստացել Արնոլդ Հովսեփյանը, երբ հերթական դաս-արշավի ժամանակ հրապուրված հայրենի բնության անկրկնելի տեսարաններով՝ հիացմունքով ասել է․ «Այս ամբողջն իմն է Հայրենի՛ք, ես քեզ պաշտում եմ»՝ հիշում է մայրը։ Տիկին Անահիտն ամենայն մանրամասնությամբ է հիշում այն ամենն, ինչ կապված է Արնոլդի հետ։ «Արնոլդը շատ էր սիրում լուսանկարվել ու անվերջ շտապում էր, ամեն ինչում էր շտապում, ասես զգում էր…։

 Ասում էր մայրիկ ինչո՞ւ Հովսեփի (ավագ եղբոր) անունով պիտի իմ ազգանունը լինի։ Եթե նա Հովսեփյան Հովսեփ է, ինձ էլ պիտի կոչեք Արնոլդյան Արնոլդ, Քնքուշն էլ (քույրը) Քնքուշյան Քնքուշ։ Թե չէ այդպես արդար չէ։ Այդպես դեռ վաղ մանկուց էր Արնոլդը մտորում արդարության մասին։ Հենց ես ու ինքը միայնակ էինք մնում, ասում էր մայրիկ արի զրուցենք։ Ու հիմնականում նա էր խոսում։ Ի տարբերություն հասակակիցների Արնոլդը բավականին տարբերվող մտածելակերպ ուներ։ Դրա համար էլ մասնագիտության ընտրության հարցում երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել։ Ընդունվեց մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի բաժինը։ Ասաց՝ գնամ բանակ գամ, հասկանամ այս կյանքից ինչ եմ ուզում, նոր մագիստրատուրան ուրիշ բաժին կսովորեմ։ Մի անգամ էլ մտահոգված ասաց՝ մամ, Արմավիրի մարզի անվանի մարդկանց հանրագիտարանում պապիկի ու հայրիկի մասին պատմող էջեր կան, ի՞նչ պիտի անեմ, որ ես էլ այդ գրքում տեղ ունենամ»։

 30 -ամյա մանկավարժական ուղի անցած ուսուցչուհու հոգու ցավը հանգիստ է գտնում հերոսների այգու անվանական ծառերը խնամելիս, որդու անունը կրող փողոցում քայլելիս․․․ Մուգ կարմիր վարդեր էր սիրում Արնոլդը ու տարածքում տարվա գրեթե բոլոր եղանակներին թփերը ծաղկած են։ Այստեղ ամեն ինչ ճաշակով է, բարեկարգ՝ այնպիսին ինչպիսին կուզենար տեսնել հերոսը։ Արնոլդ Հովսեփյանի անունն է կրում Տարոնիկի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը։ Նրա կարճ, սակայն իմաստալից կյանքին է նվիրված «Անանուն բարձունքի արծիվը» գիրքը, որտեղ զետեղված են հարազատների, մտերիմների, ընկերների հուշերը Արնոլդի մասին։

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter