Այն,ինչ պատմում էի աշակերտներիս, ինձ բաժին հասավ․ արցախցի ուսուցչի մտորումները.Անահիտ Պետրոսյան
02.12.2024 11:19

 Արցախ վերադառնալու հույսը մեր մեջ երբեք չի մարելու. պատմության ուսուցչուհի․

Բռնի տեղահանված արցախյան բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել ու արարել՝ ամեն մի օրը պայքարի վերածելով։ Անկախ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության չնչին գումարների՝ մեր հայրենակիցներից շատերը մայր հայրենիքի

գրկում են փորձում սփոփանք գտնել՝ առկա մարտահրավերներին համառորեն դիմադրելով։

2023-ի սեպտեմբերից ի վեր բազմաթիվ նոր ընտանիքներ են ձևավորվել Հայաստանում։

—Կյանքը շարունակվում է ու այն պիտի իր բնականոն հունով ընթանա, չնայած նրան, ինչ և ինչպես ենք ցանկանում մենք։ Մեզ նման բազմաթիվ ծնողներ շատ երկար ու անհուն կարոտով են սպասել իրենց զավակների ամուսնության օրվան։ Երկու զավակներս դեռ Արցախում էին նշանադրվել։ Վերջերս ավագ որդիս ամուսնացել է։ Մտածում էինք, որ մեր սեփական հարկի տակ կտոնենք մեր կյանքի ամենամեծ ուրախությունը։ Սակայն ի՞նչ արած։ Մարդն ի զորու է դիմակայելու ամեն մի դժվարության։ Այս պահին կարևորը մարդկային կյանքն է ու իմ միակ սփոփանքն է, որ կարողացանք առանց մարդկային կորուստների դուրս գալ այդ դժողքից,— ասում է Արցախի Իվանյանի միջնակարգ դպրոցի պատմության երկարամյա ուսուցչուհի Լուսինե Սահակյանը։

Տիկին Սահակյանն անհուն ցավով է հիշում իր բոլոր աշակետներին, ովքեր նահատակվել են հանուն հայրենիքի փրկության։ Նրանցից շատերը փրկվելով շրջափակումից ու թշնամու ծուղակից՝ զոհ գնացին բենզինի պայթյունին։

—Երբ սկսվեց մեկօրյա պատերազմը երկու որդիներս ու ամուսինս դիրքերում էին։ Իմ շուրթերը միայն աղոթք էին մրմնջում։ Փառք Աստծո նրանք ողջ –առողջ կարողացան դուրս գալ շրջափակումից ու մեզ վերադառնալ։ Ավագ որդիս դաժան պայթյունի ժամանակ այնտեղ էր, վիրավորվել էր։ Երբ գնացինք հանրապետական հիվանդանոց՝ քիչ էր մնում գժվեի։ Մարդկային գիտակցությանն անհասանելի վիճակ էր այնտեղ։ Այն, ինչ անում էին մեր բուժաշխատողներն՝ անհրաժեշտ դեղորայքի բացակայության պայմաններում, միայն հերոսություն կարելի է համարել։ Անմարդկային պայմաններում նրանք իրենց հոգու հետ կռիվ տալով շարունակում էին իրենց աշխատանքը,- երախտագիտորեն ասում է զրուցակիցս։

Հարութին ուղղաթիռով են Երևան տեղափոխել, որից հետո Հայրապետյանների ընտանիքը ևս բռնեց գաղթի ճանապարհը։

—Դասապրոցեսի ընթացքում էի աշակերտներիս պատմում տաբեր ժամանակներում պարտադրված հայրենիքը, ծննդավայրը լքելու մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագրի մասին։ Հիմա ինքս էի անցնում այդ դժողքի միջով։ Միակ մտածմունքս այդ պահին վիրավոր որդիս էր, ուզում էի րոպե առաջ նրան հասնել։

Չնայած անտանելի ցավը, մարդկային բազմաթիվ կորուստները խլացրել էին բոլորին, սակայն մարդիկ չէին հավատում, որ ճանապարհն այդ միակողմանի է լինելու։

Շատ դանդաղ էինք առաջ շարժվում ու ամեն մի մետրը ցավ էր ու տառապանք։ Հայաստանում մեզ գրկաբաց են ընդունել, միշտ լավ վերաբերմունքի եմ հանդիպել, սակայն սփոփանք ոչ մի բանի մեջ չեմ գտնում։ Արցախյան առաջին ազատամատում նահատակված մորս գերեզմանն եմ թողել Արցախում, ու ինձ նման շատ-շատերն ամենաթանկն են թողել այնտեղ։

Փառք Աստծո որդիս ապաքինվել՝ մեզ է հասել։ Այժմ աշխատում է։ Աշխատում են ամուսինս ու մյուս որդիս ևս։ Աղջիկս ուսանողուհի է։ Ինքս դեռ աշխատանք չեմ գտել։

Նոր Խարբերդում է ապաստանել Հայրապետյանների ընտանիքը։ Այստեղ են տեսնում իրենց ապագան։

—Կաշխատենք, կարարենք մայր հայրենիքում՝ երբեք չկորցնելով Մեծ Հայքի 10-րդ նահանգ վերադառնալու հույսը,- ասում է պատմության ուսուցչուհին։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter