Նրա վերջին բառերը դեռ ականջներումս են․ զոհված ազատամարտիկի մայր
20.10.2024 20:57

Արցախցի Հարությունյանների ընտանիքի համար շրջափակումը ծանր էր ոչ թե սննդամթերքի սակավության կամ բացակայության պատճառով, այլև որ երկար ժամանակ չէին կարողանում այցելել Եռաբլուր, որտեղ ամփոփված էր իրենց հերոսը՝ ԱՀ ոստիկանության ՊՊԾ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Կարենի Հարությունյանը։

«Վրա հասավ պատերազմն ու վայրկյանների ընթացքում

փշուր-փշուր արեց բոլոր երազանքներն ու նպատակները։ Գիտեմ, որ մենակ մենք չենք այս անսփոփ վշտի ու անդառնալի կորստի հետ, որ իմ նման բազմաթիվ մայրեր իրենց զավակների կորուստն են ողբում, բայց անասելի դժվար է։ Միակ սփոփանքը Արսենիս զավակներն են, որոնց համար թե հոգի էլ տանք՝ էլի սրտներս չի հովանա»,- Ա1+-ի հետ զրույցում նշում է Արսենի մայրը։



Թամարան առայսօր չի կարողանում ներել իրեն, որ որդու հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում շտապել է անջատել հեռախոսը։ Վախենում էր բջջայինի ազդանշանների պատճառով թշնամին տղաների տեղը ֆիքսի։

«Իսկ Արսենս, որ ի բնե անվախ ու քաջ էր, ու մենք համոզված էինք, որ նա ցանկացած դժվարին իրավիճակից ելք կգտնի, այդ օրը մի տեսակ մտահոգված էր խոսում և ցանկանում էր երկար խոսել։ Չեմ կարողանում ինձ ներել, որ որդուս հետ երկար չխոսեցի։ Նրա վերջին բառերը դեռ ականջներումս են ու մինչև կյանքիս վերջ որդուս քաղցրածոր ձայնը ականջներումս կլինի»,- ասում է տիկին Հարությունյանը։

Եղբոր մասին անվերջ սիրով ու կարոտով է խոսում քույրը՝ Տաթևիկը։

«Եղբայրս ի ծնե պաշտպան էր, ու նա մեծ ազդեցություն ուներ բոլորիս վրա։ Նա մեզ համար օրինակ էր՝ հայ տղամարդու ու հայրենիքի պաշտպանի։ 2020 թվականի պատերազմի առաջին իսկ օրվանից նա պաշտպանական մարտերի էր մասնակցում Մարտակերտում, Վարանդայում, Ջրականում, այնուհետև՝ Հադրութում: Հադրութ քաղաքից դուրս է բերել շրջափակման մեջ գտնվող զինակիցներին, փրկել վիրավոր զինվորների և քաղաքացիական անձանց կյանքեր: Արսենը 3 անգամ փրկվել է շրջափակումից և մեզ թվում էր, թե նա անխոցելի է, քանզի ամեն հեռախոսազույցի ընթացքում նա այդպես էր իրեն պահում։ Ցավոք, 18-օրյա ծանր մարտերից հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, թշնամու ԱԹՍ-ի հարվածներից նետվեց փրկելու զորքը համալրելու եկած նորակոչիկներին, որոնց հետ էլ անմահացավ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում»,- պատմում է քույրը։


Երևանում հաստատված Հարությունյանների հիշողությունները տանում են Արցախ՝ Ստեփանակերտ։

«Որդիս չնայած ամփոփվեց Եռաբլուրում, սակայն մենք վճռեցինք, որ պետք է վերադառնանք հայրենիք։ Այստեղ մեր ցավերին նոր ցավեր ավելացան՝ շրջափակում, մահվան սպառնալիքի տակ բռնի տեղահանություն»,- ասում է ոստիկանության կապիտանի մայրը։

«Շրջափակման ծանր օրերից մի օր հայրս գալիս է մեր տուն, թե բա աղջիկ ջան մայրդ գժվելա։ Իմ հարցական հայացքից նա մանրամասնեց՝ կիլոգրամը 5000 դրամով պոմիդոր է գնել։ Ասեցի՝ դե հայրիկ, որ չկա ի՞նչ անի։ Ասաց՝ աղջիկ ջան 10 կիլոգրամ պոմիդոր է առել»,- հիշում է Տաթևիկը։


Այդպիսին էր շրջափակման ամեն մի անորոշությամբ լցված օրը։ Հանդիպած սակավադեպ ապրանքերից էլ աշխատում էին հնարավորինս շատ գնել։ Մյուս կողմից էլ ամեն մեկն այդ պահին մտածում էր հարազատների հետ կիսվելու մասին։

«Գաղթի ճանապարհին թվում էր չէինք հասնելու անիծյալ կամրջին։ Մեծերը կտրականապես հրաժարվում էին հացի վերջին պաշարներից, պատճառաբանելով, որ սոված չեն»,- ասում է Տաթևիկը։

Անորոշությունն ամենուր էր, ոչ ոք չէր իմանում քանի ժամ կպահանջվի վերջին 70 կմ ճանապարհն անցնելու համար։

«Իմ հայրն ու նրա նման հազարավոր հերոսներ իրենց կյանքը զոհել են մեր խաղաղ ապագայի համար, այլ ոչ թե որպեսզի մենք գլուխներս կախ անցնենք թշնամու կողքով»,- ասում է Մ. Հերացու անվան ավագ դպրոցի սան Թամարը՝ Արսենի դուստրը։


Որոշել է բժշկուհի դառնալ։ Հայրիկը նրան սպիտակ խալաթով էր երազում տեսնել։

«Ամեն ինչ անելու եմ հայրիկիս երազանքն իրականություն դարձնելու համար»,-ասում է նա։

Տան ավագները թոշակառուներ են, առողջական բազմաթիվ խնդիրներ ունեն։ Արսենի մայրը ողնաշարի ծանր վիրահատություն էր տարել, հայրն էլ շաքարային դիաբետ ունի։

«Շաբաթ օրերը թոռնիկներիս օրն է, նրանք են այժմ իմ միակ մխիթարանքը։ Այդ օրը ես ինձ հավաքում եմ, թոռներիս ու երեխաներիս մոտ թույլ չերևալու համար։ Այդ օրն անցկացնում եմ խոհանոցում՝ մեծ սիրով կատարում նրանցից յուրաքանչյուրի պատվերը»։

Արսենի կինը՝ Սիրուշ Սիմոնյանը, ոչ մի կերպ չի համակերպվում նոր իրականությանը։

Նրան հաճախ կարելի է տեսնել Եռաբլուրում։ Ամուսնու մասին անսահման սիրով ու կարոտով է խոսում։

«Արսենն անձնվեր էր ու հայրենասեր, նվիրված ամուսին, լավ հայր, աննման զավակ, լավագույն ընկեր, ազնիվ, քաջ ոստիկան։ Նրա մասին երբեք լեզուս չի պտտվի անցյալ ժամանակով խոսել, քանզի նա միշտ մեզ հետ է, միշտ ներկա։ Փոքր աղջիկս զարգացման հապաղման խնդիրներ ունի, հայրիկին կորցնելուց հետո վիճակն ավելի վատացավ, անընդհատ գոռում էր, բղավում էր, հայրիկին էր կանչում։ Հոգեբանների ասելով՝ ինքն ամեն ինչ լավ հասկանում է, չնայած չի խոսում»,- հուզմունքով ասում է Սիրուշը։


«Վիոլիա ջուր» ընկերությունում է աշխատանքի անցել։ Հարազատներն ամեն ինչ անում են, որպեսզի նա իրեն միայնակ չզգա, սակայն գիտակցում է, որ իր և Արսենի աղջիկների համար պատասխանատվության առյուծի բաժինն իրենն է։ Հայտնվելով նոր միջավայրում ու բավականին ցավալի իրականության մեջ իր մեջ առաջ նայելու ուժ է գտել։ Լինել հայրենիքի պաշտպանի կին՝ մեծ պատիվ է իր համար՝ ասում է, ուստի պետք է արժանի լինել այդ կոչմանը, լինել Արսենի պես ուժեղ կամքի տեր։

Քույրը ցավով է պատմում, որ եղբայրն այդպես էլ չզգաց քեռի լինելու բերկրանքը։ Արսենն ու Արսենչիկն այդպես էլ իրար չհանդիպեցին…


«Եղբորս զոհվելուց հետո ամուսինս վճռեց, որ եթե տղա լինի, Արսեն է կնքելու անունը։ Եղբայրս գիտեր, որ պիտի քեռի դառնար, սակայն չհասցրեց մեզ հետ ուրախանալ, մենք չկարողացանք լիաթոք ուրախանալ։ Մեր ընտանիքի համար լիարժեք ուրախություն այլևս գոյություն չունի»,- նշում է քույրը՝ Տաթևիկը։

Փոքրիկ Արսենչիկը քեռիին շատ է նման՝ ասում է Տաթևիկը։ Բոլորը նրան ընդգծված սիրով են սիրում, քանի որ հերոս քեռիի անունն է կրում։

«Նրա ամեն մի չարաճճիություն մայրս համադրում է եղբորս նույն տարիքի պահվածքի հետ։ Փոքրիկը հոգու սպեղանի է բոլորիս համար՝ բոլորիս համար այսքան ծանր ժամանակներում, սակայն եղբորս բացակայությունը ոչնչով չի կարող լցվել ու մեր վիշտն ու ցավը ոչ ոք ի զորու չէ փարատել։ Մենք դատարկված ենք ու այդ դատարկությունը ուղեկցելու է մեզ մինչև կյանքի վերջ։ Ուղղակի ապրում ենք, ինչպես հազարավոր մեր պես ընտանիքներ։ Ապրում ենք հանուն եղբորս ու մեր երեխաների»։

Տաթևիկը հաճախ է մտքերով կիսվում եղբոր հետ, անձայն զրուցում նրա հետ։ Համոզված է՝ Արսենը երկնքից իրենց հետևում է։

«Գուցե Արցախում լինեինք այսքան դժվար չլիներ», ասում է նա։

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter