ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ |
06.04.2019 10:14 |
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը: Այն վարում էր շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ: Օրակարգի առաջին հարցը շրջանի Նորագյուղի, Սարդարաշենի, Ծաղկաշատի և Ռևի համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակված ու համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության և պետական վերահսկողության արդյունքների մասին էր: Տեղեկանքով հանդես եկավ շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը: Բացառությամբ Ռևի համայնքի, նշված երեք համայնքների ղեկավարները համարվում են պաշտոնակատարներ: Համայնքների ավագանիները տարեսկզբի համապատասխան որոշումներով հաստատել են համայնքի աշխատակազմի հաստիքացուցակներ և պաշտոնային դրույքաչափերը՝ բացառությամբ Սարդարաշենի համայնքի: Ծաղկաշատի համայնքում ավագանու անդամ Էռնեստ Սարգսյանը երկարատև ժամկետով ավագանու նիստերին չի մասնակցում, նույն համայնքում ավագանու նիստերի արձանագրություններում բացակայում են ավագանու անդամների ստորագրությունները, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ավագանու նիստ է գումարվել ընդամենը 2 անդամի մասնակցությամբ: Նշված համայնքներում ավագանու նիստերը անց են կացվել ոչ պակաս, քան 2 ամիսը մեկ՝ պահպանելով ՏԻՄ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, սակայն ավագանու նիստերի օրակարգերը չեն հրապարակվում: Բացառությամբ Սարադարաշենի համայնքի, մյուս երեք համայնքներում ավագանու նիստերին բյուջեի կատարման մասին հաղորդումներ են քննարկվել ըստ եռամսյակների: 2018 թվականին համայնքների բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը Ծաղկաշատի և Ռևի համայնքներում կատարվել է 100 և ավելի տոկոսով, Նորագյուղի համայնքում՝ 98.3 տոկոսով, իսկ Սարդարաշենի համայնքում՝ 61 տոկոսով: Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում Նորագյուղի և Ռևի համայնքների ղեկավարներն իրականացրել են համայնքային սեփականություն համարվող շենք-շինությունների, գույքի ամենամյա գույքագրում և ներկայացրել ավագանու հաստատմանը, իսկ մյուս երկու համայնքներում գույքագրման արդյունքները չեն ներկայացվել ավագանու հաստատմանը: Համայնքներում կազմակերպվել են շաբաթօրյակներ և իրականացվել են աղբահանության որոշակի աշխատանքներ: <<Ստուգումների արդյունքում մեր կողմից բացահայտված այլ թերություններ վերացվել են տեղում, ցուցաբերվել է մեթոդական օգնություն, կազմվել են համապատասխան տեղեկանքներ և ՏԻՄ-ին առաջարկվել է իրականացնել կոնկրետ միջոցառումներ՝ հայտնաբերված թերությունները կարճ ժամանակահատվածում վերացնելու ուղղությամբ>>,-ավելացրեց Արթուր Մելքումյանը: Օրակարգային հարց էր նաև շրջանի Խրամորթի և Ուղտասարի համայնքներում քաղաքաշինության գործունեության մասին հարցը, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը: 2017-2018 թթ. և 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով վերոնշյալ երկու համայնքներում քաղաքաշինական գործունեության ուղղությամբ իրականացվել են որոշակի աշխատանքներ: Խրամորթի համայնքում բնակելի տուն կառուցելու համար հողամաս տրամադրելու նպատակով գյուղապետարան է մուտքագրվել 2 դիմում, բավարարվել է մեկ դիմումատուի խնդրանքը: Նվիրատվության կարգով մեկ միավոր տնամերձ հողամաս է հատկացվել բազմազավակ ընտանիքի համար բնակելի տուն կառուցելու նպատակով, համաձայնեցվել է ճարտարապետաշինարարական նախագիծը, տրվել շինարարության թույլտվություն և ձևակերպվել ավարտված շինարարության փաստագրական ակտ: ԱՀ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով շահագործման է հանձնվել բազմազավակ ընտանիքի համար մեկ բնակելի տուն, գյուղամիջյան կենտրոնական ճանապարհի բարեկարգման նպատակով կառուցվել է շուրջ 460 հազար խորանարդ մետր հենապատ, համայնքի միջոցների հաշվին իրականացվել է աղբանոցի շինարարություն, որը կազմել է 1200000 դրամ: Բնակարանային պայմանների բարելավման նպատակով համայնքի վեց ընտանիքների տրամադրվել է 2300000 դրամ գումարի չափով օգնություն: Բնակավայրում որոշակիորեն բարելավվել են աղբահանության և սանիատարական մաքրության կազմակերպման աշխատանքները: Ուղտասարի համայնքում աճուրդային եղանակով օտարվել է 8 միավոր հողամաս և 2 հողամաս նվիրատվության կարգով տրամադրվել է բազմազավակ ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու նպատակով: Համաձայնեցվել է 5 նախագիծ,տրվել 5 շինարարության թույլտվություն, ձևակերպվել ավարտված շինարարության փաստագրման 2 ակտ: Շահագործման է հանձնվել նորակառույց դպրոցական շենքը և բազմազավակ ընտանիքի համար մեկ բնակելի տուն, բարեկարգվել և խճապատվել է միջհամայնքային ճանապարհը: Ընթացքի մեջ է բազմազավակ և այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների համար բնակելի տների շինարարությունը: Որոշակիորեն բարելավվել է աղբահանության և սանիտարական մաքրության վիճակը, սակայն կազմակերպված աղբահանություն չի իրականացվում: Երկու համայնքներում առկա են որոշակի խնդիրներ և բացթողումներ, որոնց վերացման համար շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի կողմից կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր շրջանի Իվանյանի և Նորագյուղի պետական մանկապարտեզներում ուսումնադաստիարակչական աշխատանքների դրվածքին: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը փաստեց, որ երկու մանկապարտեզներն աշխատում են 5-օրյա աշխատանքային շաբաթով և 8-ժամյա օրական ռեժիմով: Իվանյանի պետական մանկապարտեզում գործում է 2 խումբ, հաճախում են 42 երեխա: Ստուգման օրը ներկա էին 28 երեխա, վերջին ամիսներին միջին հաճախելիությունը 21-22 երեխա է, ինչը կապված էր վերին շնչուղիների և ջրածաղիկ հիվանդությունների հետ: Նորագյուղի պետական մանկապարտեզում գործում է 4 խումբ՝ 84 երեխայի ընդգրկմամբ: Ստուգման օրը ներկա էին 31 երեխա, վերջին ամիսներին միջին հաճախելիությունը 56 երեխա է՝ կապված վերին շնչուղիների հիվանդությունների հետ: Երկու մանկապարտեզներն էլ նորակառույց են, ունեն բոլոր պայմանները երեխաների առօրյան պահանջվող նորմերին համապատասխան կազմակերպելու համար: Անց են կացվում մանկավարժական խորհրդի նիստեր, որոնց օրակարգում ընդգրկվում են կրթադաստիարակչական ծրագրին համապատասխան անհրաժեշտ թեմաները: Նշվում են բոլոր պետական և հիշարժան տոն օրերը, ձևավորվում համապատասխան պաստառներ և անկյուններ՝ երեխաների ձեռքի աշխատանքներով: Երկու կոլեկտիվներում տիրում է առողջ բարոյահոգեբանական մթոնոլորտ: Ներկայացվեցին նաև օրակարգային մի շարք հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ: Վերջում արվեցին հայտարարություններ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |