ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ |
08.04.2019 12:26 |
Ապրիլի 4-ին Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի միջնակարգ դպրոցում նշվեց Արցախյան ազգային - ազատագրական պայքարի նվիրյալ զավակ, ՙՙՄարտական խաչ՚՚ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Գառնիկ Ավանեսյանի ծննդյան 50-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, բարձրաստիճան սաներ, զինվորականներ, հերոսի հարազատներն ու մարտական ընկերները, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները։ Աստիճանաբար զինված հակամարտության վերածվող Շարժումն անտարբեր չէր կարող թողնել խրամորթցիներին, ովքեր առաջիններից մեկն իրենց վրա զգացին թշնամու սպառնալիքները, հարազատ գյուղի երկնակամարից կախված վտանգը։ Ողջունելով ներկաներին դպրոցի ԴԱԿ Հասմիկ Անդրյանը նշեց, որ Արցախյան ազատամարտն ազգանվեր շատ անուններ է թողել պատմությանը՝ հայրենասեր ու հմուտ զորականներ, խիզախ մարտիկներ, ովքեր իրենց անձնվիրությամբ ապահովեցին այսօրվա մեր ազատ ու խաղաղ կյանքը։ -Հայրենիքի նվիրյալ զավակներից մեկն էր Գառնիկ Ավանեսյանը, ում անունն այսօր հպարտությամբ կրում է այս կրթօջախը, որտեղ Գառնիկի և նրա բախտակիցների օրինակով դաստիարակվում և դաստիարակվելու են բազում սերունդներ։ Եվ բոլորիս համար պատիվ է հիշել և խնկարկել անձնուրաց տղաների հիշատակը, ովքեր Հայրենիքի փրկության համար չխնայեցին մատաղ կյանքը։ Մեր Բանաստեղծներից մեկն ասել է՝ Հերոսը մի մարդ է, ով անհրաժեշտ պահի անում է այն, ինչ անհրաժեշտ է անել հանուն մարդկության շահերի՚՚։ Այդ շնորհն ունեցավ Գառնիկն ու նրա նման շատ ազնիվ տղաներ, ովքեր արցախյան հողի ազատագրության համար ոտքի ելան և աչքի ընկան իրենց սխրագործություններով։ Նրանք գիտակցված մահվան գնացին՝ կերտելով մեր այսօրվա խաղաղությունը։ Փառք ու պատիվ մեր նահատակ տղաներին, ովքեր գիտակցված մահվանն ընդառաջ գնալով ամենաթանկը՝ կյանքը զոհաբերեցին Հայրենիքին ազատությանն ու անկախությանը, - ասաց Հ. Անդրյանը։ Դպրոցի 10-րդ դասարանցիներ Լուսինե Սահակյանն ու Վալենտինա Գրիգորյանը ներկայացրեցին հերոսի կենսագրությունն ու նրա անցած մարտական փառավոր ուղին։ Գառնիկ Վազգենի Ավանեսյանը ծնվել է 1969թ. ապրիլի 4-ին, Խրամորթ գյուղում։ Ավարտելով գյուղի միջնակարգը՝ ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի ագրոնոմիայի բաժինը։ 1987թ. զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել հեռավոր Կուբայում։ Նա ծառայում էր հորաքրոջ որդու՝ Մանվելի հետ, ով Գառնիկի մանկության, պատանեկության և երիտասարդության ամենասիրելի և նվիրված անձնավորությունն էր։ Այդ տարիներին Խրամորթի գյուղխորհուրդն ու Գառնիկի ծնողները բազմաթիվ շնորհակալական նամակներ էին ստանում Կուբայից, որոնցից շատերն անձամբ Ֆիդել Կաստրոյի ստորագրությամբ՝ Գառնիկի պես ազնիվ, խիզախ զավակ դաստիարակելու համար։ Գ. Ավանեսյանը պատվով կատարելով երկամյա ծառայությունը՝ վերադարձավ հայրենի գյուղ և շարունակեց ուսումը։ Սակայն սկիզբ առած Արցախյան ազգային-ազատագրական շարժումը փոխեց նրա մտադրությունների հունը։ Նա անվարան միացավ գաղտնի գործող կամավորական ֆիդայական ջոկատին։ Սկզբնական շրջանում գործողությունների վայրը Ասկերանի, Խրամորթի և Փառուխի տեղամասերն էին, ուր գիշերային հերթապահություն էին իրականացնում տղաները։ Իսկ երբ հակամարտությունը տեղափոխվեց մարտադաշտ, Գառնիկն ամբողջությամբ կորցրեց քուն ու դադար՝ մի՞թե կրկնվելու է պատմությունը։ Բայց ոչ՝ Գառնիկի նման քաջազուն տղաները պատրաստ էին նույնիսկ կյանքի գնով պաշտպանելու հող-հայրենին։ Գառնիկը ստանձնեց Խրամորթի վաշտի 1-ին դասակի հրամանատարի, ապա տղաների խնդրանքով վաշտի հրամանատարի պարտականությունները։ 1992 թվականի սեպտեմբերի 26-ին Քարագլխում ահեղ մարտեր էին ընթանում՝ Խնձրիստանի և Խաչենի տղաների պաշտպանության տակ գտնվող տեղամասում։ Անսալով շրջանի հրամանատարության հրամանը Գառնիկը օգնության է շտապում տղաներին ասելով՝ ՙՙԵրեխաների վիճակը ծանր է, շտապ պետք է օգնության մեկնել՚՚։ Թշնամին աստիճանաբար ետ էր մղվում, սակայն... դավադիր գնդակը գտավ քաջ հրամանատարին։ 24 տարին հազիվ բոլորած երիտասարդի բազում երազանքներ անկատար մնացին։ Նա անմահացավ, իսկ նրա անունը որպես մի սուրբ մասունք ապրելու է սերունդե-սերունդ։ Հայրենիքին մատուցած ծառայության և անմնացորդ նվիրումի համար Գառնիկ Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանով։ Միջոցառման ժամանակ դպրոցականները ելույթ ունեցան բավականին հագեցած ծրագրով, որտեղ տեղ էին գտել հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, պարեր։ Ելույթներով հանդես եկան նաև Ն զորամասի զինվորները։ Դպրոցականները խոնարհումի, ակնածանքի ու մեծարանքի խոսքեր ուղղեց Գառնիկ Ավանեսյանի հարազատներին՝ հավաստիացնելով, որ դպրոցում մշտապես անդրադառնում են հերոսների անցած փառավոր մարտական ուղուն։ Հենց հերոս նախնիների արյան կանչով են անհավասար մարտի բռնվել ապրիլյան պատերազմի ժամանակ մեր արիասիրտ տղաները, կյանքի ու մահվան կռիվ տալով դարավոր թշնամու դեմ։ Աշակերտները խորին ակնածանքով հիշեցին համագյուղացի Օնիկ Գրիգորյանին, ով քաջաբար ընկել էր ապրիլյան պատերազմի ժամանակ։ Նրանք խոստացան հերոս նախնիների արժանի հետնորդները դառնալ։ Աշակերտները միասնաբար երդվեցին տեր կագնել այս մի բուռ հողին, որի ազատության համար զոհված նախնիների թափած արյունը դեռ չի չորացել։ Երդվեցին միշտ բարձր պահել Գառնիկ Ավանեսյանի անունը կրող դպրոցի անունն ու պատիվը, լինել քաջ մարտիկների արժանի հետնորդները և հավերժ հիշել բոլոր անձնուրաց հերոսներին։ Խրամորթցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչներին քաջածանոթ էր Գառնիկն՝ իր աննկարագրելի համարձակությամբ, քաջությամբ, հայրենասիրությամբ ու ընկերասիրությամբ։ Ներկաների հետ իր ապրումներով կիսվեց մարտական ընկեր Էդիկ Սարգսյանը։ Անթաքույց հպարտությամբ էր նշում Էդիկը մարտական ընկերոջ սխրագործությունների մասին, սակայն Գառնիկի բացակայությունը և ոչ մի ուժ ի զորու չէ համալրելու։ -1992-ին թշնամին լայնածավալ գրոհ ձեռնարկեց Խրամորթի ուղղությամբ։ Արդեն անզոր էինք դիմագրավելու հակառակորդի մի քանի տասնյակի հասնող զրահատեխնիկային։ Ծանր ու օրհասական էր վիճակը։ Գառնիկը, ով հմուտ և բանիմաց հրամանատար էր, գիտակցելով իրավիճակի լրջությունը, կարգադրեց տղաներին օգնել խաղաղ բնակիչներին լքելու գյուղը՝ այդպիսով զերծ մնալով մեծ կորուստներից։ Վաշտը դիրքավորվեց Վերին շեն և Քարագլուխ տեղամասում, որտեղից գիշեր ու զօր հսկում էինք գյուղը։ Թշնամին իր անկուշտ աչքն էր տնկել այդ բարձունքի վրա։ Գառնիկը հաճախ էր ասում տղաներին, որ կյանքի գնով անգամ պիտի պահենք այս բարձունքը, քանզի այն կորցնելով սպառնալիքի տակ կդրվի Արցախ աշխարհի անվտանգությունը։ Գիշերները Գառնիկը տղաների հետ իջնում էին գյուղ, ականապատում գյուղամիջյան և դեպի Վերին շեն տանող ճանապարհը։ Նրա տեղադրած ականները միշտ իրենց նպատակին էին ծառայում։ Բավականին հուզիչ էր ժամկետային զինծառայողի սրտի խոսքը, որը հնչեց որպես երդում զոհված ազատամարտիկի ծնողների ու զինակիցների առջև՝ Հայրենիքի պաշտպանությանը չխնայել ամենաթանկը՝ կյանքը։ Ներկաների հետ օրվա մասին իր տպավորություններով կիսվեց Կառլեն Մայիլյանը։ - Արցախյան ազատամարտի տարիներին արցախցին ապավինելով միայն սեփական ուժին և կամքին կարողացավ ի լուր աշխարհի հայտարարել, որ մենք ունենք Հայրենիք, որի սահմաններն արյունով են գծված ու ինչքան էլ ոսոխը փորձի խաթարել այդ սահմանների անառիկությունը միևնույն է դա նրան չի հաջողվի։ Քանզի մենք ենք այս հողի իրական տերն ու ժառանգորդը։ Այս ամենը շատ քաջ են գիտակցում մեր դպրոցի աշակերտներն ու զինվորները։ Եվ հենց սա է նաև նման միջոցառումներ կազմակերպելու նպատակը, որպեսզի ներկայիս սերունդը ժառանգի պատմական հիշողությունը,- ասաց Կ. Մայիլյանը փառք ու պատիվ տալով արցախյան ազատամարտում զոհված տղաներին, նրանց, ովքեր մարտնչել են այս մի բուռ հողի խաղաղության համար, նրանց, ովքեր դեռ շարունակում են փառքով ու պատվով կատարել իրենց հայրենանվեր աշխատանքը՝ անսասան պահել Արցախ աշխարհի անդորրն ու սահմանների անառիկությունը։ Միջոցառումից հետո ներկաները այցելեցին զոհված խրամորթիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ ծաղիկներ և ծաղկեպսակներ տեղադրելու և խոնարհվելու մարտիրոսված տղաների հիշատակի առաջ։ Գովելի է, որ շրջանի դպրոցներում՝ բանակ-դպրոց-համայնք կապը սերտ է, որի շրջանակներում հաճախակի են կազմակերպվում Արցախյան ազատամարտի նվիրյալների հիշատակին նվիրված մեծարման միջոցառումներ։ Առանց ավելորդ մեկնաբանությունների ասեմ, որ դրանք օդի պես անհրաժեշտ են բոլորիս, քանզի պատմական հիշողությունն է, որ պահում է հայի գենը, անկոտրում կամքն ու հավատը… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|