ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՁԵՐ ՏՈՆԸ, ԿԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ…
10.04.2019 12:43

Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց:

Ժ.Ռուսո

Դարեր շարունակ հայ կինը պայքար է մղել իր հոր, ամուսնու, որդու հետ կողք կողքի` կռվելով իր երկրի և ժողովրդի անկախության համար: Արցախյան հերոսամարտը ևս բացառություն չէր: Մեր արիասիրտ կանայք կամավոր զինվորագրվեցին, տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին թշնամու դեմ և դարձան այս փառավոր հաղթանակի կերտողները: Նրանք կանգ չառան ոչնչի առջև, չերկնչեցին սոսկալի թշնամուց…

Հիրավի, հայրենասիրությունը անձնազոհություն է պահանջում: Եվ մեր կանայք գնացին այդ անձնազոհությանը, նրանցից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մայր հողի և դարձան հավերժի ճամփորդներ:

Կին ազատամարտիկները կռվում էին հերոսաբար, բուժօգնություն էին ցուցաբերում և գորովանքով պատում երիտասարդ և դեռևս մայրական սիրուց չկշտացած տղաներին: Նրանք նայելով մահվան սահմռկեցուցիչ աչքերին՝ դողացող ձեռքերով մարտի դաշտերից հանում էին արնաշաղախ տղաներին, գրկում և աղոթում Աստծուն, որ կենդանի մնան… Ծանր և դժվարին այդ տարիներին  կին ազատամարտիկները մարտի դաշտերում էին՝ թշնամու գնդակների տակ, պատրաստ ցանկացած անձնազոհության…

Այսօր մեր շարքերում քայլում և իրենց արածի մասին համեստորեն լռում են մեր կին ազատամարտիկները: Նրանք լռում են, իսկ մենք գնահատում և արժևորում ենք նրանց:

Փա՜ռք կին ազատամարտիկներին, փա՜ռք նրանց հիշողներին և մեծարողներին…

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանի նախաձեռնությամբ կին ազատամարտիկների համար կազմակերպվեց հաճելի անակնկալ: Շրջանի 58 կին ազատամարտիկներ նվերներ ստացան և նրանց տոնն ավելի գեղեցկացավ: Յուրաքանչյուր կին ազատամարտիկ լցվեց հպարտությամբ և պատրասատակամությամբ: Աստված մի արասցե, եթե հանկարծ վտանգվի Հայրենիքը, նրանք կլինեն զինվորի կողքին՝ սահմանում:

Իրինա Սարգսյանը, ով 18 տարեկանից մարտի դաշտերում էր, իր ուրախությունը կիսեց մեզ հետ.

-Հայրենիքի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից և ես սրբազան պարտքս էի համարում լինել մարտի դաշտում: Չէի վախենում, ասես մի գերբնական ուժ էր մտել իմ մեջ: Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ մասնակցությունն ունենալ այս հրաշալի երկրի ազատության ու անկախության համար: Երկու որդիներիս դաստիարակում եմ նույն ոգով և համոզված եմ, որ նրանք ավագ սերունդների արժանի հերթափոխն են լինելու:

Բոլոր կին ազատամարտիկների անունից շնորհակալություն եմ հայտնում ԱՀ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորմանն այսպիսի գեղեցիկ նախաձեռնության համար: Այն, որ միությունը մշտապես հիշում է մեզ, ուրախացնում և ուժ է տալիս յուրաքանչյուրիս:

Հիրավի, ճիշտ է ասված. <<Հայրենասիրությունը ապացուցվում է ոչ թե խոսքով, այլ գործով>>: Մեր կանայք ապացուցեցին, որ նրանց հայրենասիրությունը բարձր էր ամեն ինչից…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter