ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ /33 photo/ |
21.04.2019 20:38 |
Սուրբ Զատիկը թե՛ հին և թե նոր կտակարաններում համարվում է եկեղեցական մեծագույն տոներից մեկը։ Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Հարության հրաշափառ տոնը նշում է ապրիլի 21-ին։ Զատիկը շարժական տոն է, այն նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչեւ ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Ապրիլի 21-ին Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում մեծ հանդիսավորությամբ և տոնական շուքով նշվեց Սուրբ Զատիկը։ Սուրբ պատարագի արարողակարգին ներկա էին շրջանի պատասխանատուները՝ վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ, շրջանի բնակիչներ, զինվորներ։ Եկեղեցում ժամերգություն, Անդաստանի արարողություն կատարելուց հետո Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը եկեղեցու սպասավորների հետ միասին մատուցեցին Սբ. Պատարագ: Ապա դառնալով դեպի պատարագի մասնակիցները՝ բացատրեց Զատկի խորհուրդը քրիստոնյա ժողովրդի համար.«Սիրելինե՛ր, Հարության տոնը բոլոր քրիստոնյաների մեծագույն տոնն է: Քրիստոսի հարությունն ամեն ինչից առաջ մեզ համար փոփոխության նշան է, որով պիտի նաև փոխվի մեր ներսի մարդը: Իսկ փոխվելն ինչպե՞ս պետք է լինի. Իհարկե՝ ներողամտությամբ: Քրիստոսը մեզ համար միասնության խորհրդանիշ է»: Մինչ այդ շաբաթ երեկոյան եկեղեցում մատուցվեց Քրիստոսի հարության ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը: Փաստորեն, Հիսուս Քրիստոսի Հարությամբ քրիստոնեության հիմքը դրվեց: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված: Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, Զատկի տոնին հավկիթ են ներկում, իսկ տոնական սեղանին անպայման գինին է՝ որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ՝ չամիչով և չորամրգերով: Հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոնին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժինը շրջանի մշակութային օջախներից մեկի,Ասկերանի ՄՊՍ կենտրոնի հետ միասին պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ։ Նախօրեին կենտրոն հաճախող երեխաներին մասնակից են դարձրել Զատկի տոնի նախապատրաստական աշխատանքներին։ Խմբակավարներից յուրաքանչյուրն իր սաներին տեսականորեն է ներկայացրել նշանակալից տոնի նրբությունները, բացատրել տոնի դերն ու նշանակությունը քրիստոնյաներիս համար։ Զատկի տոնին եկեղեցու բակում կենտրոնի խմբակավարները գեղեցիկ ու հմայիչ տաղավար էին պատրաստել, որտեղ կողք-կողքի շարված էին երեխաների հմուտ ձեռքերի աշխատանքները։ Եվ դժվար չէր կռահել, որ ներկայացրած խորհրդանշական կանաչ խոտը, որը հպարտորեն իր տեղն էր գտել եկեղեցու բակի կենտրոնում, աճեցվել է երեխաների անմեղ ձեռքերով։ Տեղին եմ համարում նշել, որ Սուրբ Հարության տոնի հյուրասիրության սեղանը պատրաստվել էր բարերարների կողմից և պատարագի ավարտից հետո տեր Մեսրոպ քահանա Խունոյանն օրհնեց այն՝ կարևորելով տոնի խորհուրդը, որը նաև բարի գործեր կատարելու, բարին սերմանելու մեջ է։ Ապա ներկաները օգտվեցին օրհնված սեղանի առատ բարիքներից։ Միջոցառմանը մասնակցում էին ՄՊՍԿ Ասկերանի, Իվանյանի, Նորագյուղի և Խնածախի մասնաճյուղերի երեխաները։ Երեխաները՝ տոնական հանդերձանքով, տեղեկություններ ներկայացրեցին Զատկի տոնի ծագման մասին, հանդես եկան խմբակային երգերի և ազգային պարերի գեղեցիկ կատարումներով։ Կենտրոնի սաները նաև իրենց նկարչական ձիրքերը ցուցադրելու հնարավորություն ունեցան՝ թեման օրվան համահունչ էր։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև ազգային ծիսական խաղեր։Երեխաներից յուրաքանչյուրը րոպե առաջ ցանկանում էր անցել իր սիրած՝ հավկթախաղին, պարզելու, թե ի վերջո ո՞վ է հաղթողը։ Հավկթախաղը մի առանձին ոգևորություն և ախուժություն հաղորդեց ներկաներին։ Տոնական միջոցառումն ավարտվեց կենտրոնի պարի խմբակի աղջիկների և զինվորականների միասնական պարով։ Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Հուսանք, որ եկեղեցական ամեն մի տոն մեզ ավելի է մոտեցնում Ամենաբարձրյալին և ուղղորդում դեպի բարի նպատակներ… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |