ՀԱՅԻ ՑԱՎԸ |
23.04.2019 11:10 |
Որտեղի՞ց է սկսել, ո՞ր թվականից, ո՞ր դարի խորքից... Հայկ և Բելի՞ց, Ավարայրի ճակատամարտի՞ց, 1915թ-ի եղեռնի՞ց, գերեվարված Մասիսի՞ց, և վերջապես, 70 տարի ուրիշի տիրապետության տակ գտնվող Ղարաբաղի՞ց: Մեծ է հայի ցավը, ծանր, որ չունի ո՛չ կշիռ ու ոչ էլ գին: Այն տարածված է աշխարհով մեկ, որտեղ օտարություն է, պանդխտություն, որտեղ հայը ընդմիշտ գաղթական է... Հուշավահանակներից նայող նկարներ, հուշաքարերի վրա գրված անուններ, որոնցից շատերը նույնիսկ քսան տարեկանը չէին բոլորել։ Մինչդեռ բազում երազանքներ ունեին փայփայած, ապագայի նկատմամբ մեծ հույսերով պարուրված։Սակայն Հայրենիքի փրկությունը վեր էր ամեն ինչից... Հայ ժողովրդի զավակները կռվեցին հերոսաբար, միաբանված, ուս-ուսի տված, անհավասար մարտերում ընկան հերոսաբար և իրենց արյան գնով փրկեցին մեր երկիրը, մեր լեզուն: Այսօր մենք ունենք Ազատ ու Անկախ Հայկական երկու պետություն, որոնք յուրաքանչյուրիս հպարտությունն են։ Մենք ապրում ենք խաղաղ երկնքի տակ, բայց մեր սրտերում բույն դրած ցավը մեծ է. այն նստած է որդի կորցրած մոր սրտում, հայր կորցրած զավակի հոգում...: Եվ յուրաքանչյուրիս հոգու ցավն այսօր ազատությունն ու անկախությունը պահպանելն է, քանզի չափազանց թանկ գին է վճարվել դրանք ձեռքբերելու համար։ Չեմ դադարի ձեր սխարնքը փառաբանել ու իմ խոնարհումը բերել Ձեր անմար հիշատակի առջև ո՜վ հայոց նահատակներ, ով հայ ազգի ազատարարներ, որ սեփական մարմինը պատնեշ դարձնելով պաշտպանեցիք ազատ Հայրենիքում հայ լինելու, հայ մնալու, հայերեն խոսելու մեր իրավունքը. Մեր երկիրը մենք ենք, մեր սարերը, Մայրենի լեզուն մեր քաղցրաբառ։ Դարերի խորքից մեզ հասած Մեսրոպյան գրերը հայատառ։ Մանկան հոգու պես փափուկ, Մտնում է ամեն տուն և օջախ, Մեղմում է ցավերը հայի, Մայրենի լեզուն մեր բարի: Սիսն ու Մասիսն ալահեր, Թախանձագին նայում են հեռվից, Ցավում է նրանց սրտերն էլ Մայրենի լեզվի կարոտից: Մենք հպարտ ենք, որ ունենք քեզ պես Մի հրաշք լեզու հայերեն։ Ու կանգ չի առնի երբեք քո երդը Դարերով՝ դարերն ի վեր: Մեր հոգու ճրագ, Մեր պայծառ արև, Մեր լույս ապագա, ՄԱՅՐԵՆԻ՛ ԼԵԶՈՒ։ Խոսքի շտեմարան, Հաց հանապազօրյա, Զանգի զիլ ղողանջ, Լեզո՛ւ հազարամյա, ՄԱՅՐԵՆԻ՛ ԼԵԶՈԻ: Վերա ԳԱՍՊԱՐՅԱՆ ք. Ասկերան |