ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ/22 photo/
23.04.2019 23:45

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով Օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:

Լուիս Էյնշտեյն

Հայոց Մեծ Եղեռն կամ ցեղասպանություն, այսպես որակվեց Օսմանյան կայսրությունում իրականացված լայնածավալ բնաջնջումը, որին զոհ գնաց ավելի քան մեկ ու կես միլիոն հայ, իսկ ողջ մնացածները սփռվեցին

աշխարհով մեկ: Խելացնոր բռնակալները իրենց պանթուրքիստական զառացանքի մեջ, երազելով օտոմանյան տիրակալության ասիական տարածքով մեկ, նոր էին իրենց զավթողական ցնորքների ճանապարհին հաղթահարել առաջին խոչընդոտը՝ հային: Առաքելական եկեղեցու քրիստոնյան, իսլամացման չենթարկվողը պետք է բնաջնջվեր աշխարհի երեսից և բարաբարոս նվաճողներին թողներ Հայաստանը…առանց հայի…

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և շարունակում են ճանաչել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ:

Ճանաչում, դատապարտում, հատուցում…Սա է հայ ժողովրդի և ցեղասպանությունները դատապարտող ազգերի կոչը վայրագ Թուրքիային:

Ապրիլի 23-ին  Ասկերանի  Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջներով ազդարարվեց Հայոց Ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերի հիշատակին պատարագի մատուցումը: Ասկերանի շրջանը սպասարկող հովիվ, Արցախի թեմի քարոզչական կենտրոնի պատասխանատու  Տեր-Մեսրոպ  Խունոյանը կատարեց սրբադասված նահատակների ոգեկոչման արարողակարգ: Հնչեց տերունական աղոթքը: Եկեղեցու ճրագից վառված ջահը, որը Ցեղասպանության դատապարտման և պահանջատիրական ոգին սերունդների մոտ միշտ վառ պահելու խորհուրդ է իմաստավորում, փոխանցվելով հասավԱսկերանի բերդի մատույցներում հավաքված պահանջատերերին:

Ավանդության համաձայն միջոցառումը կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական միությունը և ՀՅԴ Ասկերանիշրջանային կոմիտեն՝ փոխհամագործակցելով Ասկերանի շրջվարչակազմի հետ: Բերդի մոտ հավաքվել էին Ասկերանի ու շրջանի տարբեր բնակավայրերի 15 դպրոցների 408 դպրոցականներ և բնակիչներ: Ջահերթն առաջնորդում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջանը սպասարկող հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների և հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ:

Եղեռնագործությունը դատապարտողները պահանջատիրական և ոգեկոչման ջահերթով շարժվեցին դեպի Ասկերանի Փետրվարի 22-ի հրապարակ: Նրանք Մեծ Եղեռնը դատապարտում և  հատուցում էին պահանջում: Վրեժխնդրությամբ լցված դպրոցականները երդվում էին վերժ լուծել թշնամուց և ապացուցել աշխարհին, որ ինչպիսի ոճիր էլ իրականացվի հայ ազգի նկատմամբ, միևնույն է՝ մենք գոյատևելու, ավելի ենք ուժեղանալու և վերջում հաղթանակը մերն է լինելու:

Ասկերանի Փետրվարի 22-ի հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական միտինգը: Միջոցառումը վարում էր Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանը: Նրա խրոխտ ձայնը վստահություն, կամքի ուժ և վրեժխնդրություն էր հաղորդում յուրաքանչյուրին: Աղջնակը կոչ էր անում աշխարհին բացել խղճի աչքերը, ճանաչել Հայոց  ցեղասպանությունը:

Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արեն Սարուխանյանի ելույթը հայրենասիրության վառ զգացումներով և ցեղասպանությունը ճանաչելու պահանջով էր լցված.

-1915 թվականը հայոց պատմության ամենամռայլ էջերից է: Դարեր շարունակ հայաբնակ պահպանված Մեծ Հայքի կեսից ավելին լիովին հայազրկվեց: Երեք փուլով իրականացված հայերի էթնիկ բնաջնջման երիտթուրքերի քաղաքականությունն ակնառու կերպով դրսևորեց 1915-16 թվականներին, երբ սրի ու հրի մատնվեց մոտ 1.5 միլիոն հայ, 800 հազարը դարձավ գաղթական, մահվան ճիրաններից մի կերպ ազատվելով ապաստան գտավ այլ երկրներում:

Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում սրբադասված նահատակներին և համոզմունք հայտնում, որ կգա այն բաղձալի օրը, երբ թուրքը պատասխան կտա իր գործած ոճրագործործությունների համար:

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանն իր խոսքն ուղղեց միջոցառման մասնակիցներին՝ շեշտելով.

-Ցեղասպանության ճանաչումը բարոյականության կատեգորիաներից է: Այդուհանդերձ, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և նրա հետևանքների վերացումը կարող է բերել թուրքական պետության միջազգային վարկի, քաղաքական կուլտուրայի բարձրացմանը, նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը, հայերի և թուրքերի միջև բարի-դրացիական հարաբերությունների հաստատմանը, խաղաղ համակեցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Սակայն դա խնդրի բարոյական և իրավական կողմն է: Պետք է խորամուխ լինել ներկա աշխարհաքաղաքական իրողություններում: Խորհել ու հասկանալ, որ մեր արտաքին քաղաքական խնդիրների լուծման հաջողությունը կախված է մեր երկրի ներքին վիճակից, ժողովրդի պոտենցիալ հնարավորություններից, այսինքն՝ ինչ ունենք, ինչ ենք կարողանում, ինչի ենք ընդունակ Հայոց համազգային շահերի պաշտպանության դեպքում, ինչի ենք հասել 1994 թվականի մայիսյան զինադադարից առայսօր հայկական երկու հանրապետությունների զարգացման և հզորացման գործում: Խոսքս կայուն բարոյահոգեբանական վիճակի մասին է, ամուր իրավական և արդյունավետ գործող պետական կառույցների մասին է…

Հետևաբար, մեր բոլոր  ջանքերը պետք է ուղղված լինեն երկրի ներսում կարգ ու կանոնի հաստատմանը, օրենքի գերակայության վերականգնմանը, արդյունավետ պետական օրգանիզմի ստեղծմանը: Որովհետև գիտեմ, որ այդ ամենը կարող են նպաստել արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը, որ այդ ամենը վճռական նշանակություն ունի այս աշխարհի հզորների դիրքորոշման կանխորոշման գործում՝ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներում:

Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ծովինար Բաբայանի խոսքում երևում էր այսօրվա սերնդի նախնիներից փոխանցված խիզախությունը:

<<Հողը կարմիր  ներկվեց հայերի արյամբ: Բնակչությունը քաղաքներից տարվեց ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ իրագործվեց սպանդ, հայ ժողովրդի աննախադեպ ջարդ: Հայաստանը վերջին շունչն էր փչում, բայց վերածնվեց:

Աշխարհը շատ վշտեր ունի, բայց ում հետ համեմատեմ իմ փոքրիկ ազգի մեծ վշտերը, թե չչորանային ողջ մնացած հայ մայրերի ու որբ մանուկների արցունքները, այժմ ջրասույզ կանեին հայոց վշտի դեմ մշտալուռ ողջ հողագունդը>>.-ասաց  ոգեշնչված աշակերտուհին և հուզմունքից դողացող ձայնով դիմեց մարդկային մեծ բանականությանը արթնացնել խղճի խիղճը և ճանաչել աշխարհում իրականացված ամենամեծ և սոսկալի ցեղասպանությունը:

Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը շեշտեց, որ հայերը ամենաշատն են հալածվել, աքսորվել, խաչվել ու պատժվել: սակայն հայը գիտի հարություն առնել ու կառուցել ավելի լավը, ազգայինը` շարունակելով կյանքը: Սրբադասված նահատակների համար աղոթենք Տիրոջը, լինենք համախմբված, աչալուրջ:

Պահանջատիրական անհաղթելի ոգին մշտարթուն էր Ալյոշա Գաբրիելյանի մոտ.

-Ամբողջ աշխարհը պետք է իմանա, քանի կա հայը, նա միշտ պահանջատեր է լինելու: Մենք պահանջում ենք գազանի կողմից զավթված մեր հողերը, ունեցվածքը: Թուրքը պետք է վարձահատույց լինի, ինչի համար մենք պարտավոր ենք բռունցքվել և լինել միասնական ու ողջամիտ: Այսօր մեր վշտի կրակը ոչ թե մարում, այլ ավելի է բորբոքվում ու վերաճում անմարելի ցասման, և մենք պարտավոր ենք լինել մեր իրավունքների պահանջատերը:

Երջանիկ եմ և ողջունում եմ այն փաստը, որ տարեցտարի ավելի են ստվարանում ջահակիրների շարքերը, սաստկանում ցեղասպանությունը դատապարտող կոչերը:

Կոչ եմ անում երիտասարդներին անձեռնմխելի պահել հայրենի հողը, ոգու ուժը և հիշել, որ թշնամին մշտարթուն է: Մենք երբեք չենք կարող խաղաղություն սպասել մի ժողովրդից, ով միայն հայի արյուն է տենչում:

Թշնամին պիտի իմանա, որ մենք հայրենիք պահող ազգ ենք, կանք ու միշտ կլինենք և պահանջատիրական երթեր կկազմակերպենք նաև ազատագրված մեր տարածքներում:

Միջոցառումն ավարտվեց մասնակիցների պահանջատիրական կանչերով` ուղղված ողջ աշխարհին, իսկ Սյուզաննա Մելքումյանի ասմունքը կատարելության հասցրեց օրվա խորհուրդը:

Իրավմամբ, այսօր դաստիարակվում է առողջ, պատվախնդիր, գիտակից սերունդ, ով պատրաստ է ատամներով պահել հայրենի հողը և մի թիզ հող անգամ չզիջել թշնամուն, քանզի այն ներծծված է մեր հերոսների արյամբ: Անկասկած է, որ այս սերունդը երբեք չի մոռանա կատարվածը և հիշողությունը կփոխանցի սերնդեսերունդ: Մենք համոզված ենք, որ արդարությունը կհաղթի և ավելի շատ երկրներ կճանաչեն ու կդատապարտեն Մեծ եղեռնը: Եվ թող իմանան բոլորը, հայը երբեք ծնկի չի իջնի ոչ ոքի առջև…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter