ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
25.04.2019 17:39 |
Այսօր Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի շրջանում Արցախի Հանրապետության Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքին ու արդյունքներին, ինչպես նաև 2019 թվականի ծրագրերին: Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին` նախագահը կարևոր համարեց այսպիսի հանդիպումները, որոնք միտված են տեղերում պարզաբանել, վեր հանել տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրները։ §Այն, որ մենք գնում ենք պետականաշինության ճիշտ ճանապարհով, անկասկած է։ Եվ ձեռքբերումները պահպանելու, դրանք կրկնապատկելու համար տրվել է նման ձևաչափով հանդիպումների մեկնարկ, որի ընթացքում առկա թերությունները և բացթողումները տեղում վերհանելու ժամանակ կկարողանանք դրական տեղաշարժեր արձանագրել¦,- նշել է նախագահը։ Քննարկման դրված առաջին հարցը գյուղատնտեսության վերաբերյալ էր։ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները՝ հանրապետության և կոնկրետ Ասկերանի շրջանի վերաբերյալ։ Նա խոսեց գյուղոլորտի զարգացման հեռանկարներից, հողագործության, անասնապահության և ոռոգման համակարգերում իրականացրած աշխատանքներից և ծրագրերից։ Խոսելով ոռոգման համակարգում կատարված աշխատանքներից Բ. Սահակյանը նշեց, որ այս ոլորտում առկա բացերը լրացնելու համար, ինչպես նաև ելնելով անհրաժեշտությունից, որ պետք է ունենանք ջրային պաշարների որոշակի քանակ, շուտով համապատասխան մասնագետների կողմից տեղանքի ուսումնասիրություններ կատարելուց հետո Պատարա գետի վրա կկառուցվի ջրամբար, ինչը խթան կհանդիսանա այգեգործությունը զարգացնելու համար։ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը մանրամասն ներկայացրեց շրջանի գյուղատնտեսական վիճակը, ինչպես նաև վերջերս Շոշի համայնքում տեղի ունեցած վարչակազմի ղեկավարի արտագնա նիստում ոլորտին առնչվող վեր հանված խնդիրներն ու առաջարկները։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր շրջանի վերին ենթաշրջանում պտղատու այգիներ հիմնելու նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում ընդգրկել տվյալ զոնային բնորոշ պտղի տնկիներ տրամադրելուն, ինչպես նաև բանջարա-բոստանային կուլտուրաների մշակության խթանմանը։ Նա խոսեց նաև գարնանացանի ընթացիկ աշխատանքների, ապա նաև բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների, դրանք կազմակերպված և անկորուստ անցկացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։ Եթե հողագործության առումով շրջանը հանրապետությունում առաջատարների շարքերում է, ապա անասնապահության ոլորտի ցուցանիշները մտահոգիչ են։ Ա. Ղուլյանը մտահոգություն հայտնեց նաև շրջանը սպասարկող գյուղատնտեսների կրճատման ուղղությամբ։ Ինչին ի պատասխան գյուղատնտեսության նախարարը տվեց հիմնարար պարզաբանումներ։ Արցախի նախագահն իր գոհունակությունը հայտնեց շրջանում կատարված հողաշինարարական աշխատանքների ուղղությամբ, հորդորելով ձեռբերումների վրա կանգ չառնել, այլև ոլորտի աշխատանքները զուգակցելով՝ հասնել ավելիի։ §Գաղտնիք չէ, որ Արցախն ագրարային երկիր է և մեր ուշադրությունը սևեռված է այս ոլորտին և քանիցս մտահոգություններ են հնչել այլ պետություններից ներկրված սերմացուների անորակության վերաբերյալ, արդյոք դրանք իրավական հիմքեր ունե՞ ն¦ նախագահի հարցին ի պատասխան Արվիդ Ղուլյանը պատասխանեց, որ շրջանում նման դեպքի կամ խնդրի մասին բարձարձայնող չի եղել, ինչ մնում է սերմացուի որակը կասկածի տակ դնելուն, ապա կան առավել կարևոր հանգամանքներ, ինչը վերաբերում է հողի ճիշտ մշակությանը, հողի լեզուն հասկանալուն։ Ասել է, թե ժամանակն է, որպեսզի հողագործությամբ զբաղվողներն անցնեն գրագետ հողագործությանը, այլ ոչ թե ամեն ինչ թողնեն եղանակային պայմանների և բախտի քմահաճույքներին։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հետաքրքրվեց շրջանի մեղվաբուծության և թռչնաբուծության վիճակով, որոնք, պարզվեց՝ այնքան էլ մխիթար վիճակում չեն գտնվում։ Եզրափակելով գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերն ու դրանց ուղղությամբ հնչած պարզաբանումները Բակո Սահակյանը նշեց, որ չի լինի նման մի դեպք, երբ բնական աղետներից տուժած քաղաքացիներին օրենքի շրջանակներում օգնության ձեռք չմեկնվի, ուղղակի դրանք պետք է բարձրաձայնվեն։ Շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը ներկայացրեց շրջանի քաղաքաշինության վիճակը, մանրամասն տեղեկություններ հաղորդեց շրջանի բնակիչների բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ տրամադրվող շինանյութերի բաշխմանը, այդ գործընթացում արդարություն և թափանցիկություն ապահովելու համար ստեղծված հանձնաժողովների կատարած աշխատանքների մասին։ Նա խոսեց նաև սահմաննամերձ բնակավայրերում ճանապարհների երկայնքով հենապատերի կառուցապատման ու փողոցների սալահատակման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, որոնք ներկայում դադարեցված են՝ շինանյութերի բացակայության պատճառով։ Նախագահ Բակո Սահակյանը կարևորելով հանրապետության քաղաքացիների բարեկեցիկ կյանք ապահովելու ուղղությամբ կառավարության մի շարք ծրագրերը՝ ոլորտի պատասխանատուներին մեկ անգամ ևս զգուշացրեց գործել արդարության սկզբունքներով և օրենքի տարրին համապատասխան։ Այս պահանջն, իհարկե, անխտիր բոլոր ոլորտներին է վերաբերում։ Շրջանի սոցիալական վիճակի և հետագա անելիքների մասին տեղեկություններ ներկայացրեց ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը։ Ինչպես նշեց նախարարը, 2019 թվականից որոշակի սոցիալական խմբերի համար կգործի բնակարանային ապահովման նոր կարգ: Կհստակեցվեն համապատասխան սոցիալական խմբերն ու պետական աջակցության ձևերը: Ոլորտում կշարունակվեն կենսաթոշակային, զբաղվածության, հաշմանդամության, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերի, վերաբնակեցման բնագավառներում բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Շարունակական կլինեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերը և դրանց մոնիթորինգն ու գնահատումը: Ս. Ավանեսյանի հավաստմամբ, արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները ծառայություններ ստանալու հետ կապված խնդիրներ չունենան։ Վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը կրթական համակարգում արձանագրված ձեռքբերումների կողքին նաև չլուծված խնիրներ է տեսնում։ Դրանք վերաբերում են թե՛ դպրոցաշինությանը, մանկապարտեզների բացակայությանը, հանրակրթարանների ջեռուցման համակարգերին։ Օրակարգային խնդիրների շարքում է նաև ուսուցիչների ցածր աշխատավարձը։ Ի ուրախություն ուսուցիչների, նշենք, որ նախագահի հավաստմամբ, այս հարցի լուծման ուղղությամբ արդեն որոշակի միջոցներ են ձեռնարկվել, և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ համապատասխան միջոցների հայթայթման գործընթացն ընթացքի մեջ է գտնվում։ Կրթության ոլորտի խնդիրների, մտահոգությունների մասին իր տեսակետը հայտնեց նաև նախարար Նարինե Աղաբալյանը։ Ասկերանի շրջանը, ինչպես և նախորդ տարի, հանրապետական օլիմպիադաներում առաջնակարգ տեղ է զբաղեցնում, սակայն նախարարն առավել կարևոր է համարում դպրոցներում աշակերտներին գիտելիքներով զինելուն զուգահեռ նաև տալ այնպիսի գիտելիքներ, որոնք կիրառելով՝ կապահովեն վերջիններիս բարեկեցիկ կյանքը Հայրենիքում, և նրանք ստիպված չեն լինի հայացք ուղղել դեպի հեռու եզերքներ։ Ն. Աղաբալյանը խոսեց նաև ԿՈՆԻՖԱ-2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն Արցախում անցկացնելու մասին՝ կոչ անելով ասկերանցիներին սեփական նախաձեռնություններով ակտիվորեն մասնակցել մեր հանրապետության համար աննախադեպ միջոցառմանը, ինչը նաև Արցախն աշխարհին ներկայացնելու լավ առիթ է։ Նախարարը նշել է, որ խաղերին, որոնք անցկացվելու են հանրապետության 4 մարզադաշտերում, մասնակցելու է 12 թիմ, ուստի կունենանք մեծ թվով հյուրեր: Մարզադաշտերի հիմնանորոգման աշխատանքները ներկայում ընթացքի մեջ են գտնվում, որոնք իրականացնելու համար մեծ աջակցությունն է ցուցաբերվել Ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի կողմից: Խաղերի անցկացմանը ներգրավվելու են նաև մեծ թվով կամավորականներ, որոնց համար առաջիկա օրերին սկսվելու է ուսուցողական ծրագիր: Ուշագրավ է, որ ավելի քան 100 լրագրող կլուսաբանի ոչ միայն առաջնության ընթացքը, այլ նաև աշխարհին ներկայանալի կդարձնեն Արցախը։ Քանի որ ֆուտբոլի առաջնությանը հաջորդելու են Համահայկական 7-րդ խաղերը, ուստի, Բակո Սահակյանը հորդորեց տեղերում ամենայն լրջությամբ պատրաստվել այդ միջոցառումներին, որոնք պետք է անցնեն ընդգծված բարձր մակարդակով, քանզի այս ամենի հիմքում մեր հայրենակիցների բարեկեցությունն է նաև։ Ասկերանի մշակույթի բաժնում որոշակի աշխատանքներ իրականացվել են շրջանի մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ, սակայն դեռևս չկան համապետական նշանակության միջոցառումների հստակ ծրագրեր։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարեց մշակութի, երիտասադրության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին կարճ ժամկետներում հստակեցնել մշակութային միջոցառումների ծրագրերը։ Ի պատասխան Լ. Հովհաննիսյանը նշեց, որ գործընթացը գտնվում է ընթացքի մեջ, Ստեփանակերտում և Շուշիիում դրանք հաստակեցված են, շուտով համապատասխան աշխատանքներ կտարվեն նաև Ասկերանում։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ իրենց մտահոգիչ հարցերը նախագահին ուղղեցին Խնածախի, Աստղաշենի, Այգեստանի, Սառնաղբյուրի համայնքների ղեկավարները, որոնք հիմնականում վերաբերում էին համայնքների ջրամատակարարման խնդիրներին, համայնքային նշանակության օբյեկտների բացակայությանն ու դպրոցաշինությանը։ Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ տվեց շահագրգիռ մարմիններին նշված հարցերի և հիմնախնդիրների առնչությամբ ուսումնասիրություններ կատարել՝ արժանի և արդարացի լուծումներ տալու համար։ Նախագահի դիրքորոշումն է՝ ամեն ինչի հիմքում տեսնել քաղաքացու ապահովված և բարեկեցիկ կյանքը սեփական հողի վրա, քանզի տիտղոսներից մեծագույնը եղել և մնում է Հայրենիքի նվիրյալ զավակ լինելը։ Նախագահը պատասխանեց նաև ներկաներին հուզող այլ հարցերի։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |