ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՎԵՐԺ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ Է, ՆՐԱ ՍՐՏՈՒՄ
02.05.2019 15:36

Ասկերանի շրջանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները։ Մայիսի  2-ին Ասկերանի մշակույթի տանը տեղի ունեցավ  մեծարման հուշ-ցերեկույթ՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի, ամենայն հայոց որբերի հոր, հայ ժողովրդի հալածանքի, հառաչանքի ու ափսոսանքի մեծ երգչի անմահ հիշատակին։ Այն կազմակերպել էր Գուրգեն Գաբրիելյանի անվան Ասկերանի կենտրոնական գրադարանը։ Միջոցառմանը ներկա էր ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ

-ձեռնարկությունների, մշակութային օջախների տնօրեններ, ասկերանցիներ։

-Հովհաննես Թումանյանը տիեզերական մեծություն է, որում ինչքան խորանում, այնքան նորանոր շերտեր են բացվում։ Գրող, ում 150-ամյակը նշում ենք ազգովի, ով յուրաքանչյուրիս հետ է վաղ մանկությունից մինչև խոր ծերություն-, ողջունելով հանդիսականին ասաց միջոցառման հաղորդավար Նինել Գաբրիելյանը։

Նա ներկայացրեց մեծն Թումանյանի կյանքն ու գործունեությունը, ստեղծագործական բեղուն ուղին, նրա անսահման սերն իր ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անհուն ցավն ու տառապանքը, անհամակերպվելի ծով վիշտը։

Թումանյանը սկսել է ստեղծագործել պատանեկության տարիներից։ Առաջին բանաստեղծությունը գրել է 12 տարեկան հասակում, երբ պատանու սրտում արթանանում է նոր, դեռևս չգիտակցված զգացմունք։

Մեծ վարպետը սկսել է ստեղծագործել 1880-ական թվականներից, և իր՝ մարդկանց սրտերին, հոգուն, բանականությանը անչափ մոտ ստեղծագործություններով հեղաշրջում կատարեց հայ բազմադարյա գրականության մեջ։ Նա գրել է քառյակներ, բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, պատմվածքներ, հեքիաթներ, որոնց առանցքում հայ գեղջուկն էր, իր նիստ ու կացով՝ անարդարության դրոշմը ճակատին։ Հայ ժողովրդի անհուն վիշտը ծովացել էր մեծ Մարդու հոգում, սակայն նա իր մեջ ուժ գտավ, ինչը բնորոշ էր միայն գերմարդուն, սատար կանգնեց եղեռնազարկ ժողովրդի որբերին, դառնալով նրանց համար ամենայն հայոց որբերի հայր։  Այդ տանջալից տարիներն իրենց դրոշմը թողեցին Թումանյանի առողջական վիճակի վրա, ինչը պատճառ հանդիսացավ մեծ ազգասերի ու հայրենասերի անժամանակ վախճանի։

Միջոցառմանը ներգրավված էին շրջանի մշակութային բոլոր օջախները։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրեցին Թումանյանի բանաստեղծություններն ու քառյակները։ Ուշագրավ էին մեծն հեքիաթասացի §Շունն ու կատուն¦, §Անխելք մարդը¦ և §Կիկոսի մահը¦ հեքիաթների բեմականացումները, որոնք հանդիսականների դատին հանձնեցին ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզի (դաստիարակ Իննա Հարությունյան), Ասկերանի արվեստի դպրոցի թատերական խմբակի (խմբակավար Մարինե Բադալյան), ԱՀԱԸ Ասկերանի §Շող¦ ցերեկային կենտրոնի սաները՝ (համակարգող՝ Անահիտ Դանիելյան, դաստիարակներ՝ Թամարա Ղազարյան և Արմինե Գասպարյան) արժանանալով ներկաների ջերմագին ծափողջույններին և համակրանքին։ Անչափ գեղեցիկ ու հեզաճկուն պարեր ներկայացրեցին Ասկերանի ՄՊՍԿ Իվանյանի մասնաճյուղի և արվեստի դպրոցի աշակերտները (պարուսույցներ Ռիտա Բեգլարյան և Վարդիթեռ Ադամյան)։  Մեծարման ցերեկույթը համեմված էր Ասկերանի մշակույթի տան §Բերդ¦ համույթի մենակատարներ Արայիկ Հասրաթյանի և Հերմինե Խաչատրյանի՝ Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի գեղեցիկ կատարումներով։

Ասկերանի մշակույթի տան տնօրեն Ռոմելա Գրիգորյանը խոսելով բոլորիս կողմից սիրված, հայ ժողովրդի հոգու և ոգու մեկնիչ Հովհաննես Թումանյանի, ում մանկության գիրքը եղել է ծաղկուն բնությունը, ուսուցիչները՝ շքեղ երևակայության տեղ ցնցոտիապատ հեքիաթասացները և թափառաշրջիկ աշուղ-երգասացները, նշեց.

-Թումանյանը բնության ամենահիասքանչ երևույթներից է։ Նա օժտված էր ոչ միայն տաղանդով, այլև այդ տաղանդը սնող կենարար սրտով, շռայլ ու լայն բնավորությամբ, հոգու առողջությամբ։ Հատկանիշներ, որ ունի ժողովուրդն իր հավաքականության մեջ,  իր դարակուտակ փորձով և իմաստնացած կյանքով։ Թումանյանը չի հնանում։ Նա ապրում է բոլորիս հետ, բոլոր տարիքում, հավատարիմ մնալով իր կոչումին՝ մարդ կոչումին։ Եվ իզուր չէ, որ նա ասել է, Չկա ոչ մի պաշտոն և կոչում, որ համեմատվի կամ կարելի լինի համեմատել Մարդ կոչումի հետ։ Նա աշխարհ եկավ, որպեսզի  երգի բնության ներդաշնակությունը, գեղեցիկը, սերը, կյանքը ու նաև վիշտը։ Սակայն վշտի մեջ անգամ բանաստեղծը մնաց լուսավոր, վեհ ու վսեմ։ Նա այդպես է ապրել ու այդպես էլ հեռացավ մեզանից՝ կտակելով մեզ Թումանյանական աշխարհ...

Խոսելով Թումանյան մեծ Մարդու, հումանիստի, հրապարակախոսի և պարզապես վեհագույն, ազնիվ հայի մասին Ալյոշա Գաբրիելյանը նշեց, որ նա և իր սերնդակիցներն ապրել, շնչել և դաստիարակվել են Թումանյանի ստեղծագործություններով։

-Թումանյանի գրվածքներն այնքան տպավորիչ, այնքան արդիական են, որ կոնկրետ իմ պարագայում, §Գիքորը¦ ֆիլմը չեմ կարողանում մինչև վերջ դիտել, որովհետև հոգիս տակնուվրա է անում։ Ուղղակի մեծ մարդ էր, և ես իմ շնորհակալությունն եմ հայտնում գրադարանի անձնակազմին՝ նման բովանդակալից միջոցառում կազմակերպելու համար, ինչպես նաև բոլոր այն կոլեկտիվներին, որոնց տաղանդի շնորհիվ այսօր զգացինք Վարպետի շունչը, նրա կենդանի ներկայությունը,- նշեց Ա. Գաբրիելյանը։

Անտարակույս, հանճարներն ապրում են հավետ, և Թումանյանի հանճարով սնված ժողովուրդը կապրի հար ու հավիտյան։ Նա այն վիթխարի ընկուզենին է, որի տակ հովացել է հայի դաղված սիրտը, որի տակ հայոց պապերն օրհնանք են տվել։ Եվ ինչքան էլ անցնեն դարեր ,թե հազարամյակներ, Թումանյանը կա ու կլինի իր ժողովրդի հետ, իր ժողովրդի մեջ, քանզի նրա ստեղծագործությունները գրված են բոլոր դարերի, հազարամյակների համար։

Իհարկե, սահմանափակ ժամանակում ներկայացնել հայ պոեզիայի հսկային այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն գրադարանի տնօրեն Նունե Կարապետյան և կոլեկտիվի համառ ջանքերի շնորհիվ շրջանում գործող մշակութային օջախները համախմբվեցին մեկ միասնական նպատակի շուրջ՝ ներկայացնել օրվա խորհուրդն այնպես, որ միջոցառման մասնակից յուրաքանչյուր ոք՝  մեծից փոքր դահլիճից հեռանա Թումանյանացած։ Ու դա նրանց հաջողել է, և յուրաքանչյուրիս մոտ վերահստատվել է հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. §Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնքան բարձր է Թումանյանի բարոյական դեմքը և ինչքան խորն են Հայաստանի լճերը, այնքան խորն են Թումանյանի մտքերը¦։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter