ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ |
23.02.2012 15:58 |
Սիրելի հայրենակիցներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:
1988 թվականի փետրվարի 20-ը ոսկե տառերով գրվեց մեր նորագույն պատմության մեջ եւ դարձավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգրության ամենափառավոր էջերից մեկը: Հայ ժողովրդի բազմամյա ընդվզումը հասավ իր բարձրակետին: Հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա` մենք փորձեցինք մեր օրինական ու արդարացի ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը:
Մայր Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների հետ ձեռք ձեռքի` հպարտ ու իր որոշման մեջ անսասան արցախցին դիմակայեց ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծված ծանր ու դաժան պատերազմին եւ ձեռնամուխ եղավ անկախ պետականության կերտման բարդ ու դժվարին գործին: Առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով` մենք իրականացրինք ինքնորոշման մեր բնական իրավունքը եւ մեր արժանի տեղը զբաղեցրինք տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում: Քայլ առ քայլ կայացավ պետական կառավարման համակարգը, հաստատվեցին ժողովրդավարական ինստիտուտները, ստեղծվեց ազատ շուկայական տնտեսություն:
Այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք կայուն զարգացող պետություն, կանոնավոր մարտունակ բանակ, առողջ քաղաքացիական հասարակություն: Մեր անկախության այս նվաճումները պետք է պահպանենք ու ամրապնդենք ամեն օր եւ ամեն ժամ: Դա յուրաքանչյուրիս պարտքն է:
Թանկագին արցախցիներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս ազատ ու անկախ Արցախի եւ մեր հերոսական ժողովրդի:
|