ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՄԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ |
03.05.2019 15:24 |
Սիրե՛ ազգդ ոչ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը, Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը... (Ռ. Պատկանյան) Ազգը հզոր է և իր բարերարներով՝ Ալ. Մանթաշյան, Գ. Կյուլպենկյան, Ալ. Մանուկյան, Ք. Քրքորյան, Շ. Ազնավուր... Մեծագույն հայերից մեկը, որ համապատասխանում էր Ռ. Պատկանյանի §Հայ և հայություն¦ բանաստեղծության գաղափարին, Ալ. Մանթաշյանն էր։ Նա ամենուր բացում էր հայկական դպրոցներ, օգնում հրատարակչական գործին, նպաստներ նշանակում կարիքավոր խավերին։ Մեծ բարերարը տարեկան 200 ուսանող-որդեգիր էր պահում։ Նրա միջոցներով են կրթություն ստացել Ն. Ադոնցը, Ստ. Շահումյանը, Կոմիտասը, Սիամանթոն... Տարբեր առիթներով Մանթաշյանի հովանավորությունն են վայելել Հ. Թումանյանը, Շիրվանզադեն, Արշակ Չոպանյանը, Մուրացանը և այլ մեծեր։ Իսկ բարերար Լևոն Հայրապետյանի արած-թողածը մեր բոլորիս աչքի առաջ է։ Նա գտնում էր, որ ազգի համար յուրաքանչյուրը պիտի իր ձեռքից եկածն անի։ Եվ ինքն էր տալիս առաջին օրինակը։ Ի՜նչ լավ է, որ այսօր մեր շրջապատում ևս ապրում են մարդիկ՝ պատրաստ ամեն անհրաժեշտ պահի կանգնելու դպրոցի և աշակերտի կողքին, սատարելու, թև ու թիկունք լինելու։ Այսօրվա դպրոցը շատ է զգում գործարար-բարերարների աջակցության կարիքը թե՛ նյութական, թե՛ հոգեբանական առումով։ Նորագյուղցի Լևոն Ենգիբարյանh իր կյանքի հավատամքն է դարձրել ուրիշներին օգնելը։ Նա գտնում է, որ աշակերտները մեր ապագան են, և իր վրա է վերցրել ուսման մեջ առաջադեմ սովորողներին ոգևորելը։ Արդեն ո՛րերորդ տարին է, ինչ նա խրախուսում է շրջանային և հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթած նորագյուղցի դպրոցականներին։ Յուրաքանչյուր հաղթանակի համար աշակերտը ստանում է քսան հազար դրամ։ Այս տարի ևս նորագյուղցի 6 դպրոցականներ, հաղթելով 9 առարկաներից, վայելեցին նրա հովանավորությունը՝ ստանալով ընդհանուր գումարով 240 հազար դրամ։ Լ. Ենգիբարյանը գումար է տրամադրել նաև սպորտային մարզագույք գնելու համար։ Մեր դպրոցին հովանավորում է նաև Արմեն Հարությունյանը։ Նա գտնում է, որ գյուղի երեխան կրթվելու և զարգանալու համար պիտի ունենա նույն հնարավորություններն ու պայմանները, ինչ և քաղաքի աշակերտը։ Նրա հովանավորությամբ հաճախ են դպրոցականներին հյուր գալիս սիրած մուլտֆիլմերի հերոսները, իրենց ամանորյա նվերներն են ստանում կրտսեր դպրոցականները, կազմակերպվում են համերգներ և այլն։ Վերջերս էլ դպրոցը Արմեն Հարությունյանի կողմից նվեր ստացավ թանկարժեք (250 հազար դրամ արժողությամբ) երաժշտական հատուկ սարքավորում, որի կարիքն անչափ զգում էր։ Ուզում ենք ի սրտե շնորհակալություն հայտնել գործարար-բարերարներ Լևոն Ենգիբարյանին և Արմեն Հարությունյանին ՝ իրենց կատարած բարեգործությունների համար։ Կամելա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Նորագյուղի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի կոլեկտիվի անունից |