ԿԻՆ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է |
03.05.2019 15:38 |
Աչքերիս մեջ գարնան օրեր, Ճամփես դեպի աստղերն անմեռ. Ինձ ելնելու քարեր կան դեռ, Ինձ ելնելու դարեր կան դեռ, Քարեր, սարեր, դարեր կան դեռ… Հովհաննես Շիրազ Կյանքի 60 -րդ գարունն է դիմավորում Ասկերանի շրջանի Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսանա Գալստյանը, ում ավելի քան 37 տարիների մանկավարժական կենսագրության ամեն մի օրը բացվում է դպրոցական զանգի ղողանջներով, փակվում՝ գրքերի էջերով։ Հայ գրականության գանձերն ու հայոց լեզվի խորախորհուրդ իմաստություններն է նա տասնամյակներ շարունակ սփռում հայ մանուկների հոգիներում։ Լայն են նրա գիտական հետաքրքրությունների շրջանակները։ Նա ազգային, հոգևոր, մշակութային արժեքների սերմնացան է, գործի նվիրյալ։ Մարդկային առաքինի հատկանիշների շնորհիվ նա հրաշալի մարդ լինելուց բացի անկրկնելի ընկեր է, խորհրդատու իր գործընկերների համար։ Վայելում է իր բազմաթիվ սաների սերն ու հարգանքը: Նվիրյալ մանկավարժի կրթած ու դաստիարակած սերունդներն այսօր իրենց մասնագիտական կարողություններով նպաստում են Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը՝ ամենատարբեր ոլորտներում։ Նա գիտի մանուկների սիրտ տանող ճանապարհը, որի շնորհիվ էլ շատ կարճ ժամանակամիջոցում դառնում է նրանց համար երկրորդ մայր։ Սաներից շատերը ընտրել են սիրելի ուսուցչուհու մասնագիտությունը։ Ս. Գալստյանի մանկավարժական աշխատանքի արդյունավետության առհավատչյան նրա սաների արձանագրած բարձր ցուցանիշներ են ամենամյա առարկայական օլիմպիադաներում: Ճշմարիտ մանկավարժի համար չկա վատ աշակերտ: Նա կարողանում է յուրաքանչյուրի մեջ գտնել ազնիվ հատիկը, աճեցնել, զորացնել և դարձնել արժանի անհատականություն և քաղաքացի: Ամեն օր նա մտնում է դպրոց՝ դեմքին մեղմ ժպիտ, որը ծնվում է անմնացորդ սիրուց դեպի իր մասնագիտությունն ու աշակերտը: Իսկ ոգեշնչման անսպառ աղբյուրը՝ իր աշակերտների հաջողություններն ու ձեռքբերումներն են։ Սուսանա Գալստյանը ծնվել է 1959 թ. Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում, ապրիլի 28-ին՝ գարնան զարթոնքի հետ: Ամեն ինչ շռայլորեն է տվել նրան բնությունը, որը զարգացել է անխոնջ աշխատանքի արդյունքում: 1978 թ. ընդունվելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ 1982թ. ավարտել է այն և գործուղվել Նորագյուղի միջնակարգ դպրոց, ուր աշխատում է մինչ օրս: Սիրված մանկավարժի գործունեությունը բազմաբովանդակ է, որը չի սահմանափակվում միայն դասավանդումով: Նրա հոդվածները կարելի է տեսնել թերթերում, ամսագրերում: Նրա հանրային ելույթները բազմաթիվ միջոցառումներում են հնչել: Կատարած պատվաբեր աշխատանքների համար ուսուցչուհին բազմիցս արժանացել է պատվոգրերի ու գովասանագրերի, սակայն նրա համար ամենամեծ գնահատականը իր սաների ձեռքբերումներն են։ Իր ակտիվ մասնագիտական գործունեությանը զուգահեռա կերտել է ամուր և հայեցի բազմանդամ ընտանիք. 5 երեխաներից յուրաքանչյուրն իր առաքելությունն է իրականացնում Հայրենիքի համար: Նա հաճախ է ներանձնանում և երկխոսում ինքն իր հետ և իր խղճի հետ։ Այդ ներանձնության պահերին ծնվում են նրա բանաստեղծական խոհերը, որոնք պատմում են կնոջ տառապանքի, մաքառումի, անսպառ սիրո տրոփող զարկերակի մասին։ Նրա բանաստեղծությունները ճանապարհ են դեպի երջանկություն, տառապանք են, հավերժություն, պայծառություն։ Մանկավարժ մայրի՛կ, շնորհավոր ծնունդդ, թող օրդ սկսվի և ավարտվի ժպիտով, քանզի ժպիտդ կենսատու աղբյուր է շատ-շատերի համար: Տարիները իրենց դրոշմն են դրել քո դեմքին, իսկ հոգուն՝ ոչ։ Թող գարնան թարմությամբ լցվի ամեն մի օրդ, և եթե կյանքն անակնկալներ մատուցի, լինեն միայն հաճելի։ Գեղեցիկ, արժանապատիվ կյանքով է ապրում մանկավարժ Գալստյանը, կյանք, որ ընդօրինակելու արժանի էջեր շատ ունի: Նարինե ՀԱՅՐԻՅԱՆ, Ստեփանակերտի համար 12 հիմնական դպրոցի ԴԱԿ |