ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ ԻՎԱՆՅԱՆՈՒՄ |
04.05.2019 17:18 |
Մայիսի 4-ին Իվանյանի համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիների կարևորագույն տոնը՝ հրաժեշտ այբբենարանին։ 16 առաջին դասարանցի՝ դասվար Արինա Մնացականյանի օգնությամբ և ջանադրությամբ պատվով հաղթահարել է մայր լեզվին տիրապետելու առաջին ու կարևորագույն բարձունքը։ Այսուհետ նրանք տառաճանաչ ու գրաճանաչ են, գիտեն, թե ինչպիսի դժվարին ճանապարհ է անցել հայոց այբուբենը՝ իրենց հասնելու համար։ Եվ այն անաղարտ պահելու և պահպանելու պատասխանատվությունը հետայսու նաև իրենց վրա է դրված։ Տոնական միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, դպրոցի տնօրեն Գուրգեն Ղուլյանի գլխավորությամբ ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Ողջունելով ներկաներին, դպրոցի փոխտնօրեն Անի Մայիլյանը կարևորեց փոքրիկների առաջին լուրջ ձեռքբերումը՝ տառաճանաչությունն ու գրաճանաչությունը։ Ապա բեմահարթակը տրամադրվեց 1-ին դասարանցիներին, ովքեր տոնը սկսեցին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի §Թմկաբերդի առումը¦ պոեմի մոտիվներով գրված բանաստեղծական տողերով՝ նվիրված հայոց այբուբենի ստեղծմանը, ինչպես նաև փառաբանեցին Մեծն Մաշտոցին՝ հայոց գրերը ստեղծելու, հային հայ պահելու համար։ Երգերի, արտասանությունների ու պարերի գեղեցիկ կատարումները փոխարինում էին մեկը մյուսին, և անհնարին էր չնկատել մանուկների հարազատների, ինչպես նաև սիրելի դասավարի անթաքույց սերն ու հպարտությունը, որ տածում էին օրվա փոքրիկ հերոսների հանդեպ։ Իրոք, հիասքանչ էր մանուկների անաղարտ, ջինջ ու մաքրամաքուր մոլորակը, որտեղ տեղ չունեն չարը, վատն ու անարդարը։ Որպես Հայրենիքի փոքրիկ զինվորիկներ երեխաները երդվում էին լինել հարազատ հողի հուսալի պաշտպանները։ Քանի որ տարին Թումանյանական է, ուստի հաջորդիվ 1-ին դասարանցիները ներկայացրեցին մեծն լոռեցու §Փիսիկի գանգատը¦ ձևափոխված §Լիդուշիկի գանգատը¦ տարբերակով, ինչպես նաև §Շունն ու կատուն¦ հեքիաթը՝ յուրօրինակ իմպրովիզացիաներով։ Բավականին հետաքրքիր էին §Բարեկենդան¦ և §Ծիտը¦ հեքիաթների բեմականացումները, որոնք հանդիսականներին հրամցվեցին վարպետորեն։ Ակնառու էր դպրոց-աշակերտ-ծնող կայուն կապը, որի արդյունքում հնարավոր եղավ ապահովել երեխաների հեքիաթային և անմոռաց տոնը։ Երեխաներից յուրաքանչյուրը ամենայն լրջությամբ իր դերի մեջ էր մտել՝ հաճելի պահեր պարգևելով ներկաներին։ Տոնական միջոցառումն ավարտվեց փոքրիկների միասնական պարով։ Փոքրիկներին ողջունեց և նրանց առաջին դպրոցական կայացած տոնը շնոհավորեց Կառլեն Մայիլյանը. -Դպրոցներում ուսուցիչների հիմնական գործառույթը Հայրենիքի համար կայացած և զարգացած պիտանի մարդ դաստիարակելն է։ Եվ այսօր առաջին դասարանցիները կարծես թե սպասվածից ավելի շատ գիտելիքների են տիրապետում՝ ի շնորհիվ դասվար Արինա Մնացականյանի։ Շնորհավորում եմ ձեր մուտքը դեպի գիտելիքների մեծ աշխարհ, սիրելի՛ փոքրիկներ,- ասաց Կ. Մայիլյանը, շնորհակալություն հայտնելով դպրոցի անձնակազմին և ծնողներին, որոնց փոխադարձ կապի պայմաններում հնարավոր կլինի միշտ էլ հաջողություններ գրացել՝ դպրոցականների առօրյան դարձնելով հետաքրքիր և բովանդակալից։ Կրթության բաժնի վարիչը նշեց նաև որ Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը բավականին հաջողություններ ունի ինչպես առարկայական օլիմպիադաներում, այնպես էլ մարզական, մշակութային միջոցառումներում։ Առաջին դասարանցիների ծնողների անունից Նինա Երիցյանը երախտագիտություն հայտնեց սիրելի դասվար Արինա Մնացականյանին և բոլոր այն անձնաց, որոնց միահամուռ ջանքերի և նվիրվածության արդյունքում հնարավոր եղավ երեխաների օրն անմոռաց ու տոնական դարձնել։ Սրտառուչ էր դասվարի խոսքն ուղղված իր սանիկներին՝ մայրենի լեզվի դերի ու նշանակության մասին։ Նա մաղթեց, որ իր սիրելի աշակերտները լավ սովորեն, միշտ խոսեն մաքուր և գեղեցիկ հայերենով։ Քանզի մենք պարտավոր ենք անաղարտ պահել մեր Մայր լեզուն, որը մեզ կտակել են մեր պապերը, և փոխանցել սերունդներին՝ ինչպես պատգամել են մեր մեծերը։ Իսկապես, սովորական թվացող ցերեկույթը վերածել էր մայրենի լեզվի, հայոց տառերի, Այբուբենի և Մեծն Մաշտոցի հանդեպ խոնարհումի, հիացումի ու երկրպագության հանդիսության` երեխաների սրտին, հոգուն և գիտակցությանը հասցնելով մայրենիի դերը, նշանակությունը, իմաստն ու ոգին: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |