78 ԱՍԿԵՐԱՆՑԻ ՈՐԴԵԳԻՐ ԴԱՐՁԱՎ ՔՐԻՍՏՈՍԻՆ |
06.05.2019 10:10 |
Մկրտության օրինակը տվել է հենց ինքը՝ Քրիստոսը: Նրա մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբորեն մոտենալ այդ վեհ խորհրդին: Քրիստոսը, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծո արքայություն մտնել: Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից. այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով , և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը: Աստծո պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ դարձավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտային կյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և ապրի Դրախտից դուրս: Այդ անհնազանդությունը պատնեշ առաջացրեց մարդու և Աստծո, ինչպես նաև՝ հոգու և մարմնի միջև, որով և մարդու բնությունը շնորհազրկվեց: Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոսն իր քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Հետևաբար, ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն: Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և Քրիստոսի Եկեղեցու անդամ: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծնունդով՝ նա դառնում է երկնքի արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով: Մկրտության համար պետք է հավատք ունենալ, հրաժարվել չարից ու նրա բոլոր գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը, ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ: Մկրտվելուց առաջ պետք է անցնել որոշակի նախապատրաստական շրջան և ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում: Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորել Աստծուն որդեգիր դարձած և Աստծո խնամքին հանձնված, քանի որ մկրտության շնորհիվ ոչ միայն մարդկային հոգածությամբ ենք կյանքի փորձություններին դիմակայում, այլև աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, ով Աստծո առջև մեր բարեխոսն է: Մայիսի 5-ին Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ մկրտության արարողություն: Ասկերանի շրջանը սպասարկող հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը Մկրտության խորհուրդը կատարեց Սուրբ Երրորդության անունով, և այդ պահին մկրտվողներն ազատվեցին ադամական մեղքից՝ մեկընդմիշտ դառնալով Քրիստոսի Եկեղեցու անդամներ: 78 ասկերանցիների կնաքահայրեր կանգնեցին Իվան Հարությունյանը, Մարատ Հայրապետյանը և Արամ Ասրյանը: Քրիստոնեական գիտելիքների հմտությամբ մկրտված և հավատացյալ կնքահայրերը ուղեցույց կլինեն իրենց սանիկներին: Հիրավի, ասկերանցիներիս կյանքում տեղի ունեցավ մեծ ու կարևոր իրադարձություն: Մկրտվողներս լցվեցինք հավատով առ Աստված՝ խնդրելով Նրան օգնել մեղավորներիս և ապրելու համար ուղղորդել ճիշտ ճանապարհով: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |