ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ
08.05.2019 16:56

Մայիսի 6-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը, ԱՀ ԱՎԾ հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսներ:

Խորհրդակցությունը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԱՀ-ում անցկացվելիք գյուղատնտեսական հաշվառմանը և համայնքներին տրամադրված վիճակագրական հաշվառման գրքերի լրացման կարգին:

Հարցի շուրջ հանդես եկավ Արմեն Սողոմոնյանը և մանրամասն տեղեկություններ հաղորդեց գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին: 2019 թվականի հոկտեմբեր ամսում ընտրանքային կարգով անցկացվելու է գյուղատնտեսական փորձնական հաշվառում Ասկերանի շրջանի Ասկերանի և Նորագյուղի համայնքներում: Համատարած հաշվառումն իրականացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը: Այդ աշխատանքները կատարելու համար ընդգրկվելու են ժամանակավոր աշխատողներ, որոնց ընտրության հարցը պետք է ուշադրության կենտրոնում պահել: Ողջունելի կլինի, եթե ընդգրկվեն գյուղատնտեսության բնագավառից մոտ մարդիկ, ովքեր կկարողանան պատշաճ մակարդակով անցկացնել պետական միջոցառումը:

Արմեն Սողոմոնյանը կանգ առավ նաև համայնքներին տրամադրված վիճակագրական հաշվառման գրքերի լրացման վրա՝ շեշտելով, որ այս հարցի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացվի համայնքների քարտուղարների հետ:

Օրակարգի երկրորդ և երրորդ հարցերը կապված էին շրջանի գարնանացան աշխատանքների ընթացքի և բերքահավաքի կազմակերպման ու միջդաշտային ճանապարհների բարեկարգման հետ:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանն անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ շեշտեց, որ շրջանում 2019 թվականի բերքի տակ կատարվել է գարնանացանի 4170.2 հա ցանքս, որից՝ 54.5 հա ցորեն, 32.7 հա գարի, 466.4 հա հաճար, 1311.5 եգիպտացորեն, 172 հա եգիպտացորեն (սիլոսի), 553.9 հնդկացորեն, 921.5 հա արևածաղիկ, 442.5 հա կտավատ, 1 հա սիսեռ, 12 հա ոսպ, 21 հա առվույտ, 63 հա կորնգան, 38.5 հա կարտոֆիլ, 3 հա լոբի, 36.5 հա բանջարաբոստանային կուլտուրաներ, 40.2 հա բանջարապարենային կուլտուրաներ:

Արվիդ Ղուլյանը հորդորեց համայնքների ղեկավարներին մինչև մայիսի 20-ը ճշտել և բաժին ներկայացնել, թե ինչքան տարածք է հնձվելու: Ինչպես նաև քանի կոմբայն, բեռնատար ավտոմեքենա և հերկի տրակտորներ են առկա: Պետք է ստուգել նաև նրանց սարքինության և անսարքության վիճակը և ստույգ տեղեկություններ հաղորդել գյուղբաժին:

Բերքահավաքն անկորուստ անցկացնելու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել միջդաշտային ճանապարհների նորոգման վրա, որը ֆինանսավորվում է պետական միջոցներով:

Գյուղբաժնի վարիչը կանգ առավ նաև արոտավայրերում բռնկվող հրդեհների վրա, որոնք հասնում են մինչև անտառներ ու պատճառում մեծ վնասներ:

Բերքահավաքի անկորուստ անցկացման նպատակով հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ընթացքի մասին հայտարարությամբ հանդես եկավ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ շրջվարչակազմի ղեկավարի համապատասխան որոշման համաձայն համայնքներում անհրաժեշտ է կազմավորել հանձնաժողովներ, հրշեջ կամավորական խմբեր և ցուցակները ներկայացնել շրջանային ՔՊ շտաբ:

Շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանի հայտարարությունը կապված էր քաղաքաշինության գործունեության իրականացման անհրաժեշտ քայլերի ուղեցույցի և հողերի նպատակային նշանակության փոփոխության մասին: Նա պահանջեց բոլոր աշխատանքները կատարել օրենքով սահմանված կարգով: Ըստ ուղեցույցի՝ պետք է ունենալ հողահատկացման որոշում, ճարտարապետա – հատակագծային առաջադրանք, նախագծի համաձայնեցում, ավարտված շինարարության փաստագրում: Ալբերտ Ավանեսյանը նշեց, որ որոշ համայնքներում կան առանձին դեպքեր, որոնք հակասում են սահմանված օրենքին: Նա շեշտեց, որ առանձնապես մեծ ուշադրություն պետք է դարձնել վարելահողերի օգտագործմանը և միայն բացառիկ դեպքում է թույլատրելի փոխել վարելահողերի տեսքերը:

Օրակարգային մյուս հարցը համայնքային բյուջեի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփման մասին էր, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելլի Միրզոյանը:

Շրջանի 2019 թվականի առաջին եռամսյակի համայնքային բյուջեի սեփական ճշտված պլանի 27669.9 հազար դրամի դիմաց կատարվել է 24171.9 հազար դրամ: Հարկային եկամուտների մասով նախատեսված 12158.0 հազար դրամի դիմաց կատարվել է 9765.9 հազար դրամ, տուրքերի մասով 1973.8 հազար դրամի դիմաց կատարվել է 2672.0 հազար դրամ, ոչ հարկային եկամուտների մասով 12538.1 հազար դրամի դիմաց կատարվել է 11734.1 հազար դրամ:

Համայնքային բյուջեի եկամուտների պլանը 100 և ավելի տոկոսով կատարել է 23 համայք, 50-100 տոկոս ՝11 համայնք, 50 տոկոսից ցածր՝ 7 համայնք:

Համայնքների բյուջեների ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են 58.5 տոկոսով կամ տարեկան ճշտված պլանի 61513.9 դրամի դիմաց ծախսվել է 36007.7 հազար դրամ:

2019 թվականի համայնքային բյուջե պետական բյուջեից նախատեսված ճշտված պլանի 31584.0 հազար դրամի դիմաց  տրամադրվել է 24000.0 հազար դրամ դոտացիա:

Շրջվարչակազմի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Մինասյանը ներկայացրեց համայնքների և շրջվարչակազմի միջև փաստաթղթաշրջանառության կազմակերպման ընթացքը:

Ասկերանի շրջանի վարչակազմի գործավարությունը կազմակերպում է վարչակազմի աշխատակազմը՝ փաստաթղթային, էլեկտրոնային, փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:

2019 թվականի մարտ ամսից Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի և շրջանի համայնքների փաստաթղթաշրջանառության գործընթացն արդյունավետ դարձնելու և օպերատիվ տեղեկատվություն ստանալու նպատակով գործում է էլեկտրոնային փոստ:

Մարտի 1-ից առայսօր էլեկտրոնային տարբերակով Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմից շրջանի համայնքների աշխատակազմի էլեկտրոնային փոստին է ուղղարկվել 17 տարաբնույթ գրություն:

Փետրվարի 14-ի վարչակազմի ղեկավարի համար 04 կարգադրությամբ <<Ասկերանի շրջանի վարչակազմ>> անունով գործում է ֆեյսբուքյան էջ:

Սուսաննա Մինասյանն առաջարկեց հետևել էջին, ծանոթանալ տեղադրված նյութերին, տեղեկանալ վարչակազմի գործունեությանը և փոխհամագործակցել:

Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը կանգ առնելով Մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպմանը՝ հորդորեց տանել համապատասխան աշխատանքներ, որպեսզի տոնական միջոցառումները բոլոր համայնքներում անցնեն հավուր պատշաճի:

Խորհրդակցության վերջում բարձրացված հարցերին տրվեցին պարզաբանող պատասխաններ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter