ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍԸ |
09.05.2019 14:45 |
Մայիսյան Եռատոնը հայ ժողովրդի ամենանվիրական տոներից է։ Եվ գաղտնիք չէ, որ Մայիսյան աննախադեպ ձեռքբերումներն ու հաղթանակները կերտվել են մեր ժողովրդի միասնական և միահամուռ կամքի, ազատաբաղձության և անձնվիրության շնորհիվ։ Մայիսյան Եռատոնը մեր ժողովրդի մեջ ամրագված է նաև որպես խաղաղության տոն, քանզի Շուշիի ազատագրմամբ հիմք դրվեց Արցախյան ազատամարտի հետագա հաջողությունների և հաղթանակների։ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 74, Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 27-րդ տարեդարձներն Ասկերանում նշվեց տոնական մեծ շուքով և հանդիսավորությամբ։ Ն զորամասի դասակի հրամանատար Էդգար Ապրեսյանի ուղեկցությամբ զինվորները տոնական քայլքով և հաղթական երգեր վանկարկելով Ասկերանի բերդի մատույցներից քայեցին դեպի քաղաքի կենտրոն՝ շարժելով երախտապարտ ասկերանցիների հիացմունքն ու հպարտությունը։ Հաղթական բանակի 27-րդ սերունդն է արդեն պատվով կրում հայոց փառապանծ բանակի զինվոր պատվավոր կոչումը։ Միջոցառումների մեկնարկը տրվեց Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հարվերժացնող հուշահամալիրից։ Այստեղ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ բոլոր ժամանակներում հանուն Հայրենիքի ազատության մարտնչած սուրբ նահատակների։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, և ոչ մի սխրագործություն չի անտեսվի գիտակցությամբ ներկաները շարժվեցին դեպի Տանկ հուշարձան, ապա Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշավահանակի մոտ բերեցին իրենց լուռ խոնարհումն ու հարգանքի տուրքը։ Հաղթանակների տոնին նվիրված միտինգը բացեց Ասկերանի մշակույթի տան տնօրեն Ռոմելա Գրիգորյանը՝ կոչ անելով ներկաներին առավելագույնս իմաստավորեն խաղաղության ու հաղթանակների յուրաքանչյուր տարին հանուն մեր գալիքի, սերունդների, ինչպես նաև արժևորեն պատմության և արիության դասերը։ Արցախի Հանրապետության պետական օրհներգի հնչեցումից հետո, ներկաներին համազգային տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ասաց շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ -Մեծ հայրենականում տարած հաղթանակի շնորհիվ է նաև, որ հայ ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր Հայրենիքից։ Համոզված եմ, որ եթե չլիներ Մեծ Հայրենականի հաղթանակը, չէր լինի հաղթանակ Արցախյան ազատամարտում։ Արցախյան ազատամարտում Շուշիի ազատագրումը բեկումնային էր, որով սկիզբ դրվեց մեր հետագա հաղթանակների։ Այն վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու զինտեխնիկական միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագայում մարտական գործողությունների ողջ ընթացքում չկարողացավ հաղթահարել պարտվածի բարդույթը։ Համոզված եղեք, որ Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները, ապրիլյան պատերազմում հակառակորդին խաղաղություն պարտադրելը արդյունք են մեր միասնության և համախմբվածության,- ասաց վարչակազմի ղեկավարը՝ շնորհավորելով ներկաներին մայիսյան հաղթանակների կապակցությամբ, նշելով, որ դրանք շարունակական կլինեն և մշտապես ուղեկցելու են այս հաղթական հողում ապրողներիս։ Մայիսյան եռատոնին նվիրված զեկույցով հանդես եկավ Ռ. Գրիգորյանը՝ մեկ անգամ ևս վերաիմաստավորելով մայիս ամսվա խորհուրդը հայերիս համար։ -Պատերազմն իր հորձանուտն առավ նաև Ասկերանը։ Անխուսափելի էր Ասկերանի գրավման վտանգը։ Այդ օրհասական օրերին խելացի և հնարամիտ հրամանատաների կողմից ստեղծեց Ասկերանի ռազմաճակատային բնագիծը։ Ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց զսպաշապիկ հագցնել դարավոր ոսոխի գայլային բնազդին։ Ասկերանցիները կռվեցին իրենց բերդապարսպի պես կուռ ու համառ, բարձր ու խրոխտ, անվարան ու անվեհեր։ Սակայն բոլոր արշալույսները նրանց համար ոչ միշտ խոստումնալից եղան։ Քաջի մահով հերոսացան շատերը։ Նրանք 67-ն էին՝ արծիվ տղաներ, 67 անմոռաց հուշ։ Նրանք ընկան և իրենց կյանքով հյուսեցին այն ցանկալի և իրական հեքիաթը, որ կոչվում է հաղթանակ, - ասաց Ռ. Գրիգորյանը։ Ասկերանի շրջանը սպասարկող հոգևոր առաջնորդ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը ըդգծելով օրվա խորհուրդը նշեց, որ հայ ժողովրդի տված պատերազմն արդարացված է, քանզի այն ուղղված էր պատմական անարդարության, հայատյացություն քարոզողների դեմ։ Նա օրհանանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց զինվորներին՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ սեփական օջախներ։ Արցախյան ազատամարտի վետերան Արմեն Գասպարյանն արժևորելով մայիս ամսում հայերիս ձեռքբերումները նշեց, որ հպարտ է, որ բախտ է ունեցել որպես դաշտային բուժակ լինել նվիրյալ զավակների կողքին, ովքեր իրենց ուսերին վերցրեցին պարտադրված պատերազմի առաջին հարվածները։ Բազմաթիվ անձնուրաց տղաներ նահատակվեցին, շատերը դարձան հաշմանդամ։ Եվ այսօր Պաշտպանության բանակն անում է ամեն հնարավորը՝ Հայրենիքի անդորրն ապահովելու համար։ Իրավմամբ, ազգային արժանապատվության դրոշը բարձրացրած նվիրյալների գործը երբեք կիսատ չի մնա։ Ն զորամասի շարքային զինվոր Լևոն Մկրտչյանի ելույթը մեծ խորհուրդ և պատգամ էր կրում։ Այն է՝ լինել հերոս նախնիների արժանի հետնորդը, քանզի դաստիարակվելով հերոս պապերի և հայրերի ազատատենչ ոգով՝ նոր սերունդն ազատագրեց հայոց հինավուրց մայրաքաղաք Շուշին։ Իսկ ապրիլյան պատերազմով վերահաստատվեց ուժեղ և կայացած բանակ ունենալու իրողությունը՝ պատրաստ միշտ պաշտպանելու Հայրենիքի և հարազատ ժողովրդի անվտանգությունը։ -Գաղտնիք չէ, որ արցախյան ազատամարտում տարած բոլոր հաղթանակների գրավականը միասնության ուժն է։ Այսօր խրամատում սահմանի անառիկությունը հսկող զինվորը հաստատում է մեր ամռակուռ կամքը, հաղթելու վճռականությունը և յուրաքանչյուրիս մղում հայրենանվեր քայլերի,- ասաց Լ. Մկրտչյանը։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանը հանդես եկավ §Հիմի է՞լ լռենք, եղբայրք¦ բանաստեղծության հուզական և խրոխտ կատարմամբ։ Արցախյան ազատմարտի մի շարք վետերաններ արժանացան պետական պարգևների, որոնք վերջիններիս հանձնեց վարչակազմի ղեկավար Հ. Ղահրամանյանը։ Տոնական միջոցառումը շարունակեց §Բերդ¦ համույթի երգիչների հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով։ Իսկ Ասկերանի արվեստի դպրոցի և ՄՊՍ կենտրոնի սաները հանդես եկան ազգային –ազգագրական պարերի գեղեցիկ կատարումնրով։ Դրանց զուգահեռ Ասկերանի կենտրոնական պուրակում մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի խմբակի մազիկները ներկացրեցին ցուցադրական խաղեր՝ արժանանալով պատվոգրերի։ Տոնական առատ սեղանների հյուրասիրության հասցեատերերը զինվորներն էին։ Միջոցառման մասնակիցները խոր ակնածանք ու հարգանք էր տածում Հայրենիքի պաշտպաններից յուրաքանչյուրի հանդեպ, քանզի այս խաղաղ օրերի համար նրանց ենք պարտական։ Ասկերանում տոնական տրամադրություն շարունակվում է, իսկ ժամը 21-ին տեղի կունենա տոնական շքեղ հրավառություն։ Մեծ հաղթանակները կերտվում են մեծ զոհողությունների գնով և այսօր բոլորիս պարտքն է մեր միասնականության և համախմբվածության շնորհիվ պահպանենք, էլ ավելի ամրապնդենք այսքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակները։ Փառք ու պատիվ մեր Հայրենիքի սահմաններն անառիկ պահողներին, երիցս փառք խիզախ և անձնուրաց հերոս նահատակներին... Նրանք մարտնչել են հանուն ազատության և դատապարտել բռնությունը, ապահովելով մեր ազատ ու անկախ կյանքը մեր Հայրենիքում… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |