ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ |
14.05.2019 18:48 |
Մայիսի 14-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ Ասկերանի մարզադաշտում տեղի ունեցավ հանդիպում շրջանի հանրակրթական դպրոցների 158 շրջանավարտների հետ: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջանը սպասարկող հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ քահանա Խունոյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, բարերարներ, ուսուցիչներ: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Շամիրյանը. -Այսօրվա միջոցառումը, որը տեղի է ունենում շրջվարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ, իր բնույթով և բովանդակությամբ տարբերվում է նախորդ հանդիպումներից: Շրջանի բոլոր դպրոցների շրջանավարտների և մեր գործընկերների անունից շնորհակալություն ենք հայտնում նման հաճելի հանդիպում կազմակերպելու համար: Այսօր պահն է ամփոփելու կատարածը և ձգտելու կուտակել ավելի շատ գիտելիքներ, քանզի մարդկության ապագան միայն գիտելիքի մեջ է: Բովանդակալից միջոցառումն սկսվեց բարերարների կողմից անակնկալների մատուցմամբ: Միջոցառման վերաբերյալ գրառումներ կատարելու համար շրջանավարտները Վարուժան Գրիգորյանի կողմից ստացան գրենական պիտույքներ, իսկ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի կողմից՝ խորհրդանշական նվերներ: Կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանն անթաքույց հպարտությամբ խոսեց 2018-2019 ուստարվա բազում ձեռքբերումների մասին, միաժամանակ շեշտելով, որ այս միջոցառումը պատմություն կմտնի: -Առաջին անգամն է, որ այսպիսի կազմով հավաքվում ենք, որպեսզի ի մի բերենք մեր արածն ու թողածը: Դպրոցական առարկայական օլիմպիադաները կարևոր դեր ունեն տաղանդաշատ երեխաների բացահայտման գործում: Ուրախ եմ տեղեկացնելու, որ մեր շրջանի հանրակրթական դպրոցների աշակերտները պատվով են ներկայացել շրջանային առարկայական օլիմպիադայում և գրանցել բազում հաջողություններ: Ողջունելի է, որ դպրոցականների մոտ ուսման հանդեպ մեծ սեր է նկատվում, քանզի նրանք հասկանում են, որ կիրթ մարդը յուրաքանչյուր պետության հարստությունն է: Այսօր մեզ պետք են հմուտ մասնագետներ, հայրենիքի պաշտպաններ, համոզված եմ՝ դուք կլինեք այդպիսին և կկարողանաք ձեր արժանի տեղը գտնել մեր պետության կերտման գործում: Շնորհակալություն մեր ուսուցիչներին, ովքեր իրենց պարտականություններն անմացորդ են կատարել և այն աշակերտներին, ովքեր բարձր են պահել իրենց դպրոցների և ուսուցիչների պատիվը>>,-ասաց Կառլեն Մայիլյանը: Առարկայական օլիմպիադային առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած Ասկերանի, Նորագյուղի, Պատարայի, Ակնաղբյուրի և Ներքին Սզնեքի միջնակարգ դպրոցներն ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի կողմից գրքեր ստացան: Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Կարեն Մարտիրոսյանի խոսքում հարգանք ու սեր կար հարազատ կրթօջախի, ուսուցիչների և մեծ երախտագիտություն օրվա միջոցառման կազմակերպիչների հանդեպ. -Նման վերաբերմունքը լավագույն հավաստումն է այն բանի, որ մեզանից յուրաքանչյուրը գնահատված է: Խոր հավատ ունեմ, որ ժամանակի ընթացքում պետական մակարդակով մեր երիտասարդների համար կստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք իսպառ կդադարեցնեն դեռևս խորհրդային տարիներից հայտնի << ուղեղների արտահոսք>> կոչված երևույթը: Ողջունելի է, որ Արցախում տարեցտարի խթանվում են այնպիսի միջոցառումների ու մրցույթների անցկացումը, որոնք նպաստում են աշակերտների մտավոր և իմացական հնարավորությունների ընդլայնմանը: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին ՝ մաղթելով մասնագիտական անսպառ հաջողություններ ու կյանքի ճիշտ շարունակության սեփական բանաձևի արդյունավետ մշակում: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր ուսուցիչներին, որոնք իրավունք են վաստակել միշտ լինել գնահատված իրենց աշակերտների կողմից: Գեղեցիկ միջոցառմանը շուք էին հաղորդում Ասկերանի ՄՊՍԿ-ի սաների հիանալի պարերը և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների երգերը: Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիա Ավանեսյանի և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Եղյանի արտասանած բանաստեղծություններն առանձնակի ջերմությամբ պատեցին ներկաներին: Ելույթներ ունեցան նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի և Խաչենի միջնակարգ դպրոցների շրջանավարտներ Լիլիթ Բեգլարյանը և Յուրի Մարգարյանը: Նրանք օրվա խորհուրդն ընդունում և գնահատում էին ամբողջ սրտով: Բարերարների հանդեպ երախտագիտությամբ լցված շրջանավարտները ոգևորված էին անսպասելի ուշադրության հմար: Նրանք երդվում էին հուսախաբ չանել ոչ ոքի և դառնալ այս հասարակության համար պիտանի մարդիկ: Եկել է հարազատ կրթօջախներին հրաժեշտ տալու պահը և ավելի են արժևորում դպրոցի, ուսուցիչների դերը: 12 տարվա ուսումնառությունը, անշուշտ, շրջանավարտներին զինել է գիտելիքների ու հմտությունների պաշարով և նրանց մեջ զարգացրել ճիշտ դատելու ունակություն: Շրջանավարտները գիտակցում էին, որ դպրոցն է այն մեծ դարբնոցը, որտեղ կերտվում է պետության ապագան, նրա մասնագետն ու քաղաքացին: Լիլիթ Բեգլարյանն ու Յուրի Մարգարյանը բոլոր շրջանավարտների անունից շնորհակալություն հայտնեցին շրջվարչակազմի ղեկավարին այսպիսի գեղեցիկ միջոցառում նախաձեռնելու համար, ապա բարի երթ մաղթեցին իրենց հասակակիցներին: Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ քահանա Խունոյանը շնորհավորելով շրջանավարտներին՝ մաղթեց նրանց լավ մարդ լինել կյանքի իրենց նոր շրջափուլում, քանզի բոլոր շրջափուլերում միշտ էլ մարդ լինելու մեծ պահանջ կա, որը պարտադիր է բոլորի համար: 19 շրջանավարտ հայոց լեզու և գրականություն, ֆիզիկա և կենսաբանություն, աշխարհագրություն և պատմություն, ռուսաց լեզու և օտար լեզու, ՆԶՊ առարկաներից շրջանային առարկայական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար բարերարներ Վասիլի Բարսեղյանի, Գեղամ Բեգլարյանի, Դավիթ Դադայանի, Հայկ Ղազարյանի և Արթուր Հարությունյանի կողմից պարգևատրվեցին դրամական պարգևներով և շրջվարչակազմի պատվոգրերով: Արթուր Հարությունյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ շեշտելով, որ օրվա միջոցառումը ոգեշնչեց բոլորին: -Ուրախալի է տեսնել, թե ինչպիսի ձեռքբերումներ են արձանագրվել այս ուսումնականում: Ես հիացած եմ…Այսօր տեխնոլոգիայի դար է, և դուք ձեր գիտելիքներով միշտ պահանջված և օրինակելի եք լինելու,- ասաց Ա. Հարությունյանը: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Մելանյա Սարգսյանն իր շնորհավորանքի խոսքը հղեց շրջանավարտներին. -Այս երիտասարդությունը, որ այսօր հավաքված է այստեղ, արժանի է հետաքրքիր, անհոգ ու երջանիկ օրերի: Մաղթում եմ բոլորիդ մասնագիտական կրթության մեջ հասնելու առավելագույն արդյունքի, ստեղծագործելու, երազանքներ իրականացնելու կամք ու կարողություն: Եղեք ակտիվ, նախաձեռնող, օգտվեք ընձեռված հնարավորություններից: Հաջողությունը թող լինի ձեր կյանքի մշտական ուղեկիցը: Հույսով, հավատով մտեք նոր կյանք… Բոլոր շրջանավարտներն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի կողմից ստացան Արցախը խորհրդանշող <<Մենք ենք՝ մեր սարերը>> հուշանվերներ: Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշեց. - Մինչ այս միջոցառումը սկսելը, մտովի փորձում էի պատկերացնել այլ ազգերի սերունդների համերաշխության, սերնդափոխության, պետականաշինության, ազգային ավանդույթների պահպանման, ազգային գաղափարների և պետությունների զարգացման ծրագրերի մասին զուգահեռներ անցկացնել։ Սակայն, մասնակցելով այս հիանալի հանդիպմանը, համոզվեցի, որ ինձ մտահոգող հարցերի պատասխաններն արդեն կան, և հայրենիքի, պետության ապագան հուսալի ձեռքերում է և փոխարինող սերունդն՝ ասել է թե դուք, ավելի զարգացած, հայրենասեր, սկզբունքային, նպատակասլաց, հետևողական, համերաշխ ու գրագետ եք։ Դրա վկայությունն է այն, որ այս տարի կրթական, մշակութային և սպորտային օլիմպիադիաներում, փառատոններում և մրցություններում ձեր գրագիտության ու նպատակասլացության շնորհիվ շրջանը ունեցել է բավականին լուրջ ձեռքբերումներ նաև այս ոլորտում։ Սերունդների համերաշխության մասին է ապացուցում Ձեր համագործակցությունը և շփումները տարաբնույթ հայացքների տեր մարդկանց հետ և քիչ առաջ տարբեր տարիքի բարերարների ցուցաբերած վերաբերմունքը՝ նյութական ու բարոյական աջակցությունը։ Հայրենասիրության և սերնդափոխության վառ ապացույցը մեզ պարտադրված ապրիլյան և ընդհանրապես Արցախյան պատերազմում երիտասարդ սերնդին բաժին հասած սահմանների և Հայրենիքի պաշտպանության համար նրանց ցուցաբերած հերոսությունն է։ Փառք ու պատիվ բոլոր նահատակներին:։ Մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը:։ Մանրամասնորեն չանդրադառնալով ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին՝ նշեմ, որ կրթությունը Արցախի հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություններից է, և կարևոր նշանակություն ունի պետության զարգացման, ազգային ավանդույթների պահպանման ու ազգային գաղափարախոսության մշակման գործում։ Օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր տիրապետելով անհրաժեշտ գիտելիքների, հաղթահարել են որոշակի հոգեբանական արգելքներ և մասնակցել են դպրոցական, շրջանային, հանրապետական և ավելի բարձր մակարդակներում անցկացվող օլիմպիադիաներին, փառատոններին ու մրցություններին, ցուցաբերել են արժանի պատրաստվածություն, կամք և բարձր են պահել հարազատ դպրոցի, համայնքի, շրջանի և ինչու չէ՝ նաև հանրապետության պատիվը։ Սիրելի՛ շրջանավարտներ, Ասկերանի շրջանի վարչակազմի, բնակչության և իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ սպասվելիք վերջին զանգի ու նոր սկզբի առթիվ։ Ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք: Միջոցառման վերջում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջանակարգ դպրոցի շրջանավարտ Էլինա Ավանեսյանը ներկայացրեց Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների շրջանավարտների ուղերձը: Շրջանավարտները գիտակցելով երիտասարդության դերակատարումը մեր Հայրենիքի բարօրության և բարգավաճման ազգանպաստ գործում՝ կոչ են անում այսուհետ մայիս ամսին պաշտոնապես նշել Շրջանավարտի օրը… Միջոցառումը վարող Գայանե Շամիրյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանին, բարերարներին՝ մաղթելով նրանց արևշատություն, բարօրություն և ամենայն բարիք, իսկ շրջանավարտներին մաղթեց մտնել մեծ կյանք գլուխները բարձր և հպարտ…։ Կարինե Բախշիյան Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |