ՄԱՅԻՍԻ 18-Ը ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
20.05.2019 23:45

Թանգարանների միջազգային օրը հռչակվել է 1977 թվականին՝ թանգարանի միջազգային խորհրդի որոշմամբ: Ամեն տարի մայիսի 18-ին, աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում Հայաստանի և Արցախի թանգարաններում կազմակերպվում և անցկացվում են §Թանգարանային գիշերներ¦ խորագրով ցուցահանդեսներ, դասախոսություններ, ներկայացումներ՝ նվիրված թանգարանների միջազգային օրվան:

Տոն օրվա առթիվ Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան այցելեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը: Նա շնորհավորեց թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանին հիշարժան տոնի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ հետագա աշխատանքներում:

Ապա կայացավ ցուցահանդես և դասախոսություն՝ §Ասկերանի շրջանի, Կարկառի հովտի պատմաճարտարապետական հուշարձանները¦ թեմայով, որին ներկա էին Ասկերանի շրջանային §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի միջին և բարձր դասարանների աշակերտներ:

Պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը ցուցահանդեսների տեսքով ներկայացրեց թանգարանում պահվող ազգային հոգևոր արժեքները՝ լուսանկարներ, հուշաալբոմներ, արխիվային փաստաթղթեր, գրքեր, գտածոներ-ցուցանմուշներ, որոնք անչափ կարևոր են մատաղ սերնդի համար: Նա կարևորեց օրվա խորհուրդն ու նշանակությունը մշակութային և հասարակական կյանքում, այնուհետև խոսեց Արցախի Խաչենի և Վարանդայի մելիքությունների պատմության, սխնախ-ամրոցների, հուշարձանների մասին:

Աշակերտները հետաքրքրությամբ և մեծ սիրով էին լսում թանգարանի տնօրենին, ուսումնասիրում հավաքագրված նյութերը՝ ցուցանմուշները:

Նրանցից շատերն առաջին անգամն էին այցելում թանգարան և հետաքրքիր տեղեկություններն ընկալում էին լիովին: Դպրոցականներին հետաքրքրող հարցերին Վիգեն Գաբրիելյանը պատասխանում էր հաճույքով և հպարտությամբ: Ուրախալի էր տեսնել, թե ինչպես է մատաղ սերունդը գիտակցում, որ մեր պատմական արժեքներն անգին են, և դրանց պահպանման գործում յուրաքանչյուր ոք ունի իր անելիքը:

Շրջանային թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը դպրոցականներին մատչելի ձևով ներկայացրեց արցախյան շարժման և դրան հաջորդած ազատամարտի, ապա նաև ապրիլյան պատերազմի մասին պատմող լուսանկարների շարքը, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ։

-Այսօրինակ միջոցառումները կարևոր են մատաղ սերոնդի հայրենասիրական դաստիարակության համար: Միայն ճանաչելով սեփական պատմությունը կարող ենք հզոր պետություն կառուցել, իսկ դա կախված է մեզանից յուրաքանչյուրից։ Եվ անվիճելի է, որ տեղեկատվական հակամարտության մեջ տարած հաղթանակը պակաս կարևոր չէ պատերազմի դաշտում տարած հաղթանակից,-ասաց Վ. Պետրոսյանը՝ աշակերտներին  հորդորելով հաճախակի այցելել թանգարան, որպեսզի գիտելիքներ ձեռք բերեն մեր պատմամշակութային հարուստ ժառանգության մասին:

Դե ինչ, մեծ գնահատականի էր արժանի օրվա աշխատանքն ու խորհուրդը: Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանին մաղթենք նոր հաջողություններ և բազմաթիվ այցելուներ: Համոզված ենք, որ թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը սիրով և պատրաստակամությամբ կընդունի նրանց…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter