ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴԵՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ
20.05.2019 23:59

Ուսումնական հերթական տարին է մոտենում ավարտին։ Ուսումնառության այս ժամանակահատվածում հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են ճանաչողական էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմական և տեսարժան վայրեր՝ դպրոցականներին մոտիկից ծանոթացնելու մեր հարուստ պատմամշակութային ժառանգությանը, դրանց լիիրավ

կրողը, պաշտպանողը, պահպանողն  ու գալիք սերունդներին փոխանցողը դարձնելու համար ցանված սերմերն արմատավորելու համար։

Հերթական էքսկուրսիան, որ կազմակերպվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում 6-րդ դասարանցիների համար էր՝ ուղևորություն դեպի պատմական Տիգրանակերտ։ Աշակերտներին ուղեկցում էին դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանը, դասղեկ Նելլի Ասլանյանը, պատմության ուսուցչուհիներ Գայանե Մակյանն ու Նարինե Միքայելյանը։  6 ամյա ուսումնառության ընթացքում սա դպրոցականների առաջին էքսկուրսիան էր դեպի պատմական որևէ վայր, և երեխաներն ավելի քան ոգևորված էին, բազում անակնկալների ու հետաքրքիր պատմությունների ականատեսը լինելու հույսով ու հավատով լցված։

Ավտոբուսը սրընթաց սլանում էր հայկական հինավուրց և պատմական տարածքով։ Հայկական բազմադարյա տարածքն օտարի տիրապետումից ազատագրվեց 20-րդ դարավերջին, որի համար ոչ քիչ մատաղ կյանքեր են զոհաբերվել։ Եվ այս ամենի գիտակցումն աշակերտների համար ավելի քան պարտավորեցնող է...

Աշակերտների համար էքսկուրսիան հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար Մելանյա Սարգսյանն ու Նելլի Ասլանյանը նրանց բաժանեցին 4 խմբի՝ 6-ական աշակերտի, ուսուցչուհներից յուրաքանչյուրը դարձավ խմբավար։  Կազմակերպված խմբերով նրանք շարժվեցին դեպի Տիգրանակերտի  թանգարան, որտեղ ցուցադրված են պեղումների ընթացքում հայտնաբերված եզակի ցուցանմուշներ։

Գայանե Մակյանն աշակերտներին ներկայացրեց ուշագրավ դրվագներ Տիգրանակերտի պատմությունից, ամրոցի տարածքում կատարվող հնագիտական պեղումների մասին։ Ուսուցչուհիները պատմական այս վայրին բնորոշ տեղեկություններ և տեսական գիտելիքներ հաղորդեցին աշակերտներին՝ վերջիններիս մոտ առաջացնելով մեծ հետաքրքրասիրություն Տիգրան Մեծի Արցախում կառուցած քաղաքի մասին։ Այն արքայից արքայի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է։ Ակնառու էր ուսուցչուհիների հոգատարությունը յուրաքանչյուր աշակերտի հանդեպ, խմբավարներից յուրաքանչյուրը ջանում էր հնարավորինս շատ տեղեկություններ հաղորդել նրանց։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ էին դիտում պատմական այս վայրում պեղումների ընթացքում հայտնաբերված անտիկ և միջնադարյան խեցանոթները, մետաղադրամներն ու արծաթյա իրերը։ Ուշագրավ էին հատկապես ջնարակապատ իրերը, որոնցից ամեն մեկը մի առանձին արվեստի գործ է։ Տղաներն առանձնապես հետաքրքրած էին գտածո զինատեսակներով` տեգեր, նիզակի ծայրեր, դաշույնների բեկորներ։ Ուսուցչուհիներն իրենց պատմական փաստարկներով ջանում էին երեխաների գիտակցությանը հասցնել այն փաստը, որ տեղանքը հայկական քաղաքակրթության կենտրոններից մեկն է եղել։ Էքսկուրսիան պատմական ամրոցում ավարտվում է համատեղ լուսանկարով։ Մի փոքր լիցքային վարժությունը, ազգային - ազգագրական երգն ու պարը և օրվա խորհրդին համահունչ մտերմիկ զրույցն էլ ավելի է ամրապնդում աշակերտ-ուսուցիչ անմիջական կապը։  Էքսկուրսիայի ընթացքում աշակերտներին հաղորդած տեղեկություններն ամփոփելով պարզ դարձավ, որ երեխաներն ավելի քան յուրացրել են մատուցված գիտելիքները՝ Արցախի այս հարուստ պատմական վայրն այլևս և ընդմիշտ իր լիիրավ տերն ունի, և նրանցից յուրաքանչյուրը վճռականությամբ է լցված Արցախին պիտանի լինելու հարցում։

Իսկապես, դպրոցում, դասասենյակի չորս պատերի ներսում ինչքան էլ գունեղ ներկայացվի դասը, անկարելի է հասնել այն ցանկալի արդյունքին, ինչպես որ իրականում, տեսականորեն է մատուցվում ուսուցանվող նյութը։ Ասել է թե, ուսուցչուհիներից յուրաքանչյուրը հասել էր իր նպատակին՝ աշակերտների գիտակցության մեջ ընդմիշտ դրոշմել, որ իրենք են հայոց հազարամյա հարուստ պատմամշակութային ժառանգության կրողներն ու պահպանողները։

Օգնել աշակերտներին ճանաչել և սիրել սեփական երկիրը՝ ցանկացած ուսումնական հաստատության գերակա խնդիրը պետք է լինի, ինչը նաև կպարտավորեցնի աշակերտներին իրենց պատասխանատու զգալ շրջապատի, ծննդավայրի, արդյունքում՝ Հայրենիքի համար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter