ՙԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՍԿԵՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ |
23.05.2019 20:45 |
Այսօր Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՙԱզատ հայրենիք՚ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ասկերանցիների հետ։ Մինչ հանդիպումը սկսելը Ա. Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր ժամանակներում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Ինչպես փաստեց կուսակցության ղեկավարը՝ նրա անցած կյանքի ուղին՝ սկսած մեզ պարտադրված պատերազմից մինչև ակտիվ քաղաքականությամբ զբաղվելը, միշտ էլ միտված է եղել հաղթանակած ժողովրդին սեփական երկրում արժանավայել կյանք ապահովելուն։ Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը ներկայացրել է բոլոր այն իրատեսական ծրագրերը, որոնք կյանքի են կոչվելու Արցախում։ Դրանք վերաբերում էին առողջապահությանը, կրթությանը, բնակարանաշինությանը, սոցիալ-տնտեսական, մշակութային և մարզական ոլորտներին։ -Այն, որ մենք ունենք երկու հայկական պետություն և մեկ ընդհանուր Հայաստան Հայրենիք՝ անվիճելի է, իսկ ցանկացած տարանջատում ուղղակի թշնամանք է,- նշեց Ա. Հարությունյանը։ Ջերմ և անմիջական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում վեր հանվեցին բնակչությանը հուզող հարցեր, որոնք վերաբերում էին թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելուն, քաղաքի ջրամատակարարմանը, բնակարանաշինությանը, շրջբուժմիավորման շենքի և մշակույթի տան անմխիթար վիճակին։ Ա. Հարությունյանը խոստացավ ռազմավարական նշանակության այս խնդիրները ներառել նախընտրական ծրագրում։ Ինչ վերաբերում է աղբահանությանն ու Ասկերանում ջրամբար կառուցելուն, որոնք հանրապետական նշականության խնդիրներ են, կուսակցության ղեկավարը խոստացավ, որ այս ուղղությամբ արդեն որոշակի մտահղացումներ կան։ Վերջում Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ներկաների անունից շնորահակալություն հայտնեց Ա. Հարությունյանին՝ այս ձևաչափով հանդիպում անցկացնելու համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|