ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
24.02.2012 09:57 |
ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններն Ազգային ժողովի 2012թ. փետրվարի 23-ի լիագումար նիստում ընդունել են համատեղ հայտարարություն։ 24 տարի առաջ` 1988թ. փետրվարի 20-ին, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության եւ գործող օրենքների, նախկին Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը, հիմք ընդունելով ինքնավար մարզի հայ բնակչության կամքը, դիմեց Ադր. ԽՍՀ եւ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ լուծել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմ ընդգրկելու հարցը: Այդ օրինական կամարտահայտության պատասխանը եղավ դեպի Ստեփանակերտ` Բարդայից եւ Աղդամից զինված ամբոխի ռազմերթը, որը մեծ դժվարությամբ կասեցվեց ԼՂԻՄ Ասկերան շրջկենտրոնի մատույցներում: Շարունակելով Լեռնային Ղարաբաղի հայության եւ Ադրբեջանի հայաբնակ վայրերի ազգաբնակչության հանդեպ սարսափի քաղաքականությունը, 1988թ. փետրվարի 26-ից 29-ը Ադրբեջանի իշխանությունները կանխածրագրեցին եւ սառնասրտորեն իրականացրին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության սպանդը, որն ապացուցված է հազարավոր վկայություններով:
Նպատակ ունենալով քողարկել սեփական հանցավոր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ոչ միայն հայ, այլեւ ադրբեջանցի խաղաղ բնակչության ճակատագրի հանդեպ, Ադրբեջանի կառավարող վերնախավն արդեն 20 տարի շարունակ շահարկում է «Խոջալուի խաղաղ բնակչության ցեղասպանության» թեման: Հիմք ընդունելով այդ իրադարձությունների բազմաթիվ ականատեսների վկայությունները, որոնք արձանագրված են ինչպես լրագրողների, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչը հաստատվում է նաեւ որոշ ադրբեջանցի հեղինակների կողմից, եւ հանուն արդարացի ու ճշմարիտ փաստերի ներկայացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները հայտարարում են. - 1988թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի եւ չորս տարի անց` փետրվարի 26-27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ գործադրված բռնությունների միակ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն ու նրանց դեմ ներքաղաքական կատաղի պայքար մղող ուժերն են: - վերահաստատելով մեր հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը, մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին հրաժարվել թշնամանքի եւ ատելության անհիմն ու անպատասխանատու քաղաքականությունից եւ ջանքերն ուղղել երկու հարեւան պետությունների ու ժողովուրդների միջեւ հետագա խաղաղ գոյակցության հիմքերի ստեղծմանը: ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|