ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ |
24.05.2019 16:23 |
Դպրոցական վերջին զանգ… Աննկարագրելի և անմոռանալի հուզիչ մի պահ, որ մնում է յուրաքանչյուր շրջանավարտի հոգու խորքում և հիշողության մեջ դրոշմվում հավիտյան… Մայիսի 24-ին Ասկերանի շրջանի հանրակրթական 22 դպրոցում հնչեց դպրոցական վերջին զանգը: 158 շրջանավարտ հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախներին , որոնք նրանց համար ջերմ ու սրտաբաց ընտանիքներ էին, որտեղ գիտելիքների հետ ստանում էին նաև մայրական սեր ու գորովանք, հայեցի ճիշտ դաստիարակություն… Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բակում յուրահատուկ տրամադրություն էր. հուզմունքը, կարոտն ու քաղցր հուշերը խառնվել էին իրար: Իշխող տոնական տրամադրությունն այնքա՜ն հաճելի ու այնքա՜ն սրտառուչ էր…Ինչքա՜ն թանկ և որքա՜ն դժվար է լինելու այս բաժանումը: Շրջանավարտների հարազատները գնահատանքով էին լցված դեպի դասավանդող ուսուցիչները: Չէ որ տարիներ առաջ իրենց փոքրիկներին վստահել էին հենց նրանց՝ անմնացորդ նվիրյալներին: Եվ այսօր իրենց փոքրիկներն արդեն երիտասարդներ են՝ կայուն գիտելիքներով և պատշաճ դաստիարակությամբ: Շրջանավարտների կրթական մակարդակը, ինքնավստահ պահվածքը վառ ապացույցն էին ուսուցիչների անխոնջ ու դժվարին աշխատանքի և մեծ սիրո… Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, Ասկերանի շրջանը սպասարկող հովիվ Տեր-Մեսրոպ քահանա Խունոյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, հյուրեր, շրջանավարտների հարազատներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը. -12 տարի առաջ 16 աշակերտ մուտք գործեց դպրոցական մեծ ընտանիք: Այդ ընտանիքը դարձավ նրանց համար ստեղծարար մտքի խթան՝ օգնելով բացահայտել իրենց, իրենց շրջապատող անհատականություններին և յուրաքանչյուրի անսահման ներուժը: Այժմ այս գեղեցիկ բակում նրանք հավաքվել են շնորհակալական խոսք հայտնելու այն նվիրյալներին, ովքեր իրենց հետ են եղել ոչ միայն հաջողությունների, այլ նաև դժվարությունների պահերին: Ներկաները բարձր ծափահարություններով դիմավորեցին դպրոցի 66-րդ թողարկման շրջանավարտներին, ովքեր պատրաստվում էին մտնել նոր կյանք՝ լի բազում անակնկալներով: Հնչեց ԱՀ պետական օրհներգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի ազատության համար մղված պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակը: Դասղեկ Մագուրա Հարությունյանին սիրելի էին դարձրել նրա անսահման բարությունն ու հոգատարությունն աշակերտների հանդեպ: --Իմ սիրելի՛ սաներ, այսօր կարևոր օր է ձեր կյանքում: Ես մեծ սիրով ձեզ ճանապարհում եմ դեպի նոր կյանք՝ համոզված լինելով, որ դպրոցում դուք ստացել եք այնպիսի դաստիարակություն, ինչը ձեզ կուղեկցի ողջ կյանքում: Ցանկանում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը հաջողված մասնագետ ու լավ մարդ դառնա: Հույս եմ պահում, որ մենք միշտ կհպարտանանք ձեզանով ու ձեր պահվածքով դուք բարձր կպահեք այն դպրոցի անունը, ով կրում է Էդմոն Բարսեղյանի վեհ անունը,- սրտի թրթիռով իր խոսքն ուղղեց շրջանավարտներին Մագուրա Հարությունյանը: Անշուշտ, դպրոցը կայուն և անսասան է շնորհիվ բանիմաց, արհեստավարժ ուսուցչական թիմի և այն ղեկավարող տնօրինության: Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք ասաց դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը. -Կյանքի այս նոր ու կարևոր փուլում ձեր բոլոր իղձերը, նպատակները թող իրականություն դառնան: Վերջին զանգի ղողանջները ձեր համար դառնան բարձունքների նվաճման, հաջողությունների ձեռք բերման սկիզբն ու ավետաբերը:Միշտ քայլեցեք հպարտ, ինքնավստահ և պահպանեցեք այն մաքրությունն ու բարությունը, որ սերմանել ենք ձեզ դպրոցում: Գիտեմ մեր երկրի համար կդառնաք արժանապատիվ քաղաքացիներ… Տոնական այս օրը շրջանավարտները հայացք նետելով անցած տարիներին՝ հասկանում էին, որ ավարտվել են իրենց անհոգ օրերը և եկել է մանկության հետ հրաժեշտ տալու պահը: Դպրոցական վերջին զանգը հնչեցնելու իրավունքը տրվեց 12-րդ դասարանի աշակերտ Մարատ Բախշիյանին և առաջին դասարանի աշակերտուհի Մանե Բեգլարյանին: Շրջանավարտների երգը, պարը, ասմունքը սրտաբուխ էին՝ լի քնքշությամբ, երախտագիտությամբ: Մեծարանքի խոսքերը, որ առատորեն շռայլվում էին սիրելի ուսուցիչների հանդեպ, ուրախացնում էր յուրաքանչյուրիս: Քանզի, շրջանավարտները բարձր էին գնահատում մանկավարժների նվիրվածությունը, հոգատարությունը և այն ամենը, ինչ տվել էին իրենց այս 12 տարիների ընթացքում: Գեղեցիկ պարով շրջանավարտներին շնորհավորեցին առաջին դասարանցիները՝ տոնական միջոցառմանն ավելացնելով գորովալից հույզեր: Փոքրիկների ուրախությանը չափ չկար, երբ նվերներ ստացան ավագ ընկերների կողմից: Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասաց դասղեկ Սիլվա Ջհանգիրյանը. -Դպրոցը ձեզ համար հարազատ օջախ է եղել, դուք շրջապատված եք եղել այնպիսի մանկավարժներով, ովքեր ձեզ սովորեցրել են լինել նվիրված, հայրենասեր, ազնիվ քաղաքացիներ: Այսօր այն պահն է, որ դուք պետք է կատարեք մասնագիտության ճիշտ ընտրություն: Այնպես արեք, որ դառնաք մեր երկրի կառուցման ակտիվ մասնակիցները: Խաղաղություն, երազների իրականացում եմ մաղթում: Թող ձեր նոր ուղին միշտ վառ լինի և դուք ապրեք արժանավայել կյանքով… Շրջանավարտները չէին կարող մոռանալ երջանկահիշատակ ուսուցչուհի Ամալյա Շիրոյանին, ում սիրում և հարգում էին ամբողջ սրտով: Տողերը, որ ձոնեցին նրա հիշատակին՝ կարոտով ու թախիծով պատեց ներկաներին… Ընկեր Շիրոյանի հիշատակին բաց թողնված աղավնին սավառնեց դեպի կապույտ երկինք, որտեղից ուսուցչուհին ժպտում էր իր բարի, ներողամիտ աչքերով… Ապա հաջորդեց շրջանավարտների պարը, որը յուրահատուկ տրամադրություն հաղորդեց ներկաներին՝ յուրաքանչյուրի մեջ առաջացնելով քնքուշ և անմոռանալի զգացմունքներ: Ն զորամասի զինծառայող Ցոլակ Հարությունյանի կատարումները միջոցառմանը յուրահատուկ շունչ էին տալիս: Մեկ ամիս հետո շրջանավարտ տղանեըը զորակոչվելու են Արցախի պաշտպանության բանակում ծառայելու, իրենց պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ և աղջիկները հրաշալի պարով շնորհավորեցին նրանց՝ մաղթելով բարի և անփորձանք ծառայություն: Շնորհավորանքի և օրհնանքի խոսք ասաց Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը: <<Սրտագին շնորհավորում և ամենալավն եմ մաղթում ձեզ: Դուք շատ գեղեցիկ և հրաշալի եք, աշխատեք պահել ձեր հոգու գեղեցկությունը, որ ունեք այսօր: Ապրե՛ք սիրելով և ամեն ինչի մեջ սեր դրեցեք>>,-մաղթեց հոգևոր հովիվը: Շրջանավարտներին ելույթով շնորհավորեցին Ասկերանում արդեն 5 տարի գործող ազգային ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի սաները: Միջոցառմանը ներկա էին նաև 1988-99 և 2008-2009 ուսումնական տարիների շրջանավարտները: Ջերմությամբ էր լցված դպրոցի նախկին շրջանավարտ Հրանտ Ավանեսյանի սրտի խոսքը. -Այսօր պատեհ առիթ է մեծարելու և գնահատանքի խոսքեր ասելու մեր հարգարժան ուսուցիչներին: Ձեր շնորհիվ է այսօր պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթը՝ սերունդ կրթելն ու դաստիարակելը: Ձեր շնորհիվ ենք մենք կայացել ու պիտանի մարդ դարձել: Սիրելի՛ շրջանավարտներ, տրվել է ձեր նոր ճանապարհի մեկնարկը: Եվ ակնհայտ է մի բան, որ ցանկալի ապագան պայմանավորված է լինելու ձեր աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով: Որպես ավագ ընկեր, ասեմ՝ աշխատող, պայքարող ու առաջ շարժվող մարդը միշտ հաջողության կհասնի: 10 և 20 տարիներ առաջ ավարտած շրջանավարտները նվերներ հանձնեցին հարազատ կրթօջախին, իսկ ուսուցիչներին պատվեցին հրաշագեղ ծաղկեփնջերով: Շրջանավարտները մեծարեցին ծնողներին՝ իրենց կյանք պարգևելու, հավուր պատշաճի դաստիարակություն տալու համար: Իղձերի իրականացման յուրահատուկ այս օրը՝ շրջանավարտները երազանքներ էին ամրացրել փուչիկներին, որոնք ծնողների հետ մեկտեղ բաց թողեցին ճակատագրին ընդառաջ… Օրը լի էր անակնկալներով: Շրջանավարտները ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից նվերներ ստացան , իսկ բարերար Սասուն Բարսեղյանի կողմից՝ դրամական պարգևներ: Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը պատվոգրեր հաձնեց ուսումնական տարում շրջանային, հանրապետական մրցույթներում կրթության , մշակութային, սպորտի բնագավառներում եզրափակիչ փուլերի հաղթողներին: Դպրոցի լավագույն աշակերտներ ճանաչված Արման Բեգլարյանը և Մերի Գաբրիելյանն արաժանացան <<Էդմոն Բարսեղյան>> մրցանակի և պարգևատրվեցին Սասուն Բարսեղյանի կողմից: Սասուն Բարսեղյանը շնորհավորեց շրջանավարտներին տոնի առթիվ՝ մաղթելով հաջողություններ, մասնագիտության ճիշտ ընտրություն և կանաչ ճանապարհ: Բարի ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ: Թող իրականություն դառնան ձեր բոլոր երազանքները և կյանքը միշտ ժպիտներ և անսահման ուրախություն պարգևի… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |