ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՆՊԱՍՏԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑԻՑ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏՄԱՆԸ |
27.05.2019 17:49 |
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն առաջին սփյուռքահայ կազմակերպություններից է, որն իր ընդհանուր ծառայությունների ոլորտում ընդգրկեց նաև Արցախը: Այն սկսեց գործել 1995 թվականից, իսկ 1998 թվականին ԱՀԱԸ Արցախի մասնաճյուղը պաշտոնական գրանցում ստանալուց հետո՝ ավելի արդյունավետ դարձրեց իր ծառայությունները: Ստեփանակերտում բացվեց ընկերակցության գրասենյակը և իր գործունեության քսաներեք տարիների ընթացքում ԱՀԱԸ-ն հիմնեց իր գրասենյակները նաև Շուշիում, Ասկերանում: ԱՀԱԸ-ի Արցախի մասնաճյուղի առաջնային առաքելությունն է՝ նպաստել Արցախի զարագացմանը: Օգնել ժողովրդի կյանքի բարելավմանը, կարիքավորներին տրամադրել ֆինանսական, բժշկական օգնություն, կրթական, մշակութային ծառայություններ: ԱՀԱԸ-ն հատուկ ուշադրություն է դարձնում երեխաներին: 2016 թվականի հունվարից Շուշիում և 2017 թվականի հոկտեմբերից Ասկերանում գործում են <<Շող>> ցերեկային կենտրոնները: Սկզբնական շրջանում Ասկերանի կենտրոնում ընդգրկված էր 22, իսկ ներկա դրությամբ՝ 30 դպրոցահասակ երեխա: Կենտրոնի նպատակն է բարձրացնել 6-14 տարեկան կարիքավոր երեխաների կրթական մակարդակը, բացահայտել և զարգացնել նրանց ընդունակությունները, վեր հանել երեխաների խնդիրներն ու կենտրոնացնել աշխատանքային թիմի ուժերը: Մայիսի 27-ին ԱՀԱԸ Ասկերանի <<Շող>> ցերեկային կենտրոնում կազմակերպվեց հանդիպում ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, սոցիալական գիտությունների թեկնածու, դոցենտ, կենտրոնի խորհրդատու Միրա Անտոնյանի հետ: Հանդիպումը, որի նպատակն էր կենտրոնի առաքելություններին շրջանի շահագրգիռ մարմիններին մասնակից անելն ու նրանց հետ համագործակցելը, ներկա էին ԱՀԱԸ Ասկերանի <<Շող>> ցերեկային կենտրոնի համակարգող Անահիտ Դանիելյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, Ասկերանի մարզադպրոցի տնօրեն Արվիդ Ավանեսյանը, ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ԱԳՏ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մանանա Դալլաքյանը, ԱՀ ոստիկանության ՃՈՃՊԾ 2-րդ վաշտի, 1-ին դասակի, 3-րդ ջոկի հրամանատար, ոստիկանության մայոր Ռենիկ Խաչատրյանը, Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Մկրտչյանը, ցերեկային կենտրոնի սոցիալական աշխատող Միրա Խաչատրյանը, օտար լեզվի մասնագետ Ինգա Զաքարյանը: Անահիտ Դանիելյանը ողջունելով ներկաներին և ներկայացնելով Միրա Անտոնյանին՝ շեշտեց, որ այս հանդիպումը հիմք է դառնալու արդյունավետ և փոխհամագործակցված աշխատանքի: -Ասկերանի <<Շող>> ցերեկային կենտրոնում ներառված են սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներ։ Մենք իրականացնում ենք բավականին ծանր, աշխատատար աշխատանք, սակայն դա անում ենք մեծ սիրով, քանզի գործ ունենք մատաղ սերնդի դաստիարակության հետ: Հույս ունենք, որ այս ծրագրի իրականացման համար մենք կստանանք նաև աջակցություն շահագրգիռ կազմակերպությունների և անձանց կողմից,-ասաց Ա.Դանիելյանը: Միրա Անտոնյանը մանրամասն բացատրեց <<Շող>> ցերեկային կենտրոնների դերի ու նշանակության մասին: -Եթե ընտանիքում տարվում է նորմալ դաստիարակություն, պայմանները լավ են և շրջապատում կան կրթամշակութային օջախներ, որոնցից կարող են օգտվել երեխաները, ապա հնարավոր է ապրել, ինչպես բոլորը: Սակայն կան երեխաներ, ովքեր չեն կարող նմանվել բոլորին, ունեն որոշակի խնդիրներ՝ սոցիալական, մտավոր: Նրանք ավելի մեծ ներգրավվածություն ու ժամանակ են պահանջում, և այստեղ հանդես է գալիս <<Շող>> ցերեկային կենտրոնը, որը համայնքում գործող մի ծառայություն է և կատարում է սոսնձի դեր: Կենտրոն գալիս են այն երեխաները, ովքեր աջակցություն չեն ստանում ծնողների կողմից և չեն օգտվում երեխաների համար ստեղծված ծառայություններից: Եթե այսօր մեկ երեխա է տուժվում ծնողի պատճառով, ապա նա հետագայում կունենա մի քանի երեխա և կսկսվի արատավոր շղթան: <<Շող>> ցերեկային կենտրոնը մտածում է, թե ինչպես օգնել և առաջ տանել նման երեխաների: Մենք պետք է հստակ իմանանք, որ մեզանից յուրաքանչյուրը տալիս է այն, ինչ ինքը ստացել է: Կենտրոնի աշխատողը փոխարինում է ծնողին և այն պետք է դառնա ընդհանուր շահ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ դա անում ենք բոլորի համար: Դաստիարակվելով կենտրոններում՝ այսօր այդ երեխաները փոխվում են մեր աչքի առաջ, իհարկե, կան նաև այնպիսինները, որոնց հետ ավելի դժվար է աշխատել: Հենց դրա համար մեզ պետք է համագործակցություն կրթամշակութային օջախների, իրավապահ մարմինների և այլ հիմնարկների հետ: Մարդկանց մեծ մասը ծնվում են նորմալ ընտանիքներում, սպասված երեխաներ են և գնում են մայրուղիով, իսկ մի մասը հայտնվում են փակուղում: Ցավոք, մեր շրջապատում ևս կան այդպիսի երեխաներ, որոնց պարտավոր ենք օգնել դուրս գալու դեպի մայրուղի: Կարևոր եմ համարում մեր բոլորիս համագործակցությունը և միջթիմային աշխատանքը,-ասաց Միրա Անտոնյանը: Հանդիպման ժամանակ ներկաները բարձրաձայնեցին մտատանջող խնդիրների մասին, անկեղծ և անկաշկանդ զրույցի ժամանակ յուրաքանչյուրը հայտնեց իր տեսակետը, նախանշելով հետագա համագործակցության ձևաչափը: Ինչ խոսք, այս հանդիպումը մեծ խորհուրդ ուներ, որին, համոզված եմ, շահագրգիռ բոլոր մարմինները կարևոր տեղ կտան և մեզանից յուրաքանչյուրը կանի ամեն հնարավորը, որպեսզի հասարակությունը զերծ մնա արատավոր շղթայից, և քչանա այն սոցիալական տարբերակումը, որը, ցավոք, առկա է մեր իրականության մեջ… Հույս ունենք, որ Ասկերանի <<Շող>> ցերեկային կենտրոնի գործունեությունն անխոչընդոտ կլինի և այնտեղ աշխատող թիմը կզգա իրեն սատարող ուժի արդյունավետությունը… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |