ԻՇԽՈՒՄ ԷՐ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ… |
30.05.2019 17:09 |
Մայիսի 30-ին հերթական անգամ ականատեսը եղանք ԱՀԱԸ Ասկերանի <<Շող>> ցերեկային կենտրոնի կազմակերպած հաճելի միջոցառումներից մեկին: Մայիսը հաղթանակների և տոների ամիս է: Կենտրոնի սաները որոշել էին անդրադարձ կատարել հայ ժողովրդի կրած հաղթանակներին, հայրենասիրությանն ու կամքի ուժին: Միջոցառման հյուրերն էին մանկապարտեզի կրտսեր և միջին խմբերի երեխաները, Արցախյան պատերազմի մասնակից Սվետլանա Հովսեփյանը և կենտրոնի սաների ծնողները: ԱՀԱԸ Ասկերանի <<Շող>> ցերեկային կենտրոնի համակարգող Անահիտ Դանիելյանը ողջունելով բոլորին՝ հպարտությամբ շեշտեց, որ կենտրոնի սաներն ամենայն պատասխանատվությամբ ու սիրով են կազմակերպել այս հանդեսը՝այն նվիրելով մայիսյան հաղթանակներին: <<Հայոց բանակի յուրաքանչյուր զինվոր մեր երկրի հպարտությունն է, իսկ նրանց ուժն ու անկոտրում կամքը՝ մեր երկրում ապրող երեխաների ապահով մանկության ամենամեծ երաշխիքը: <<Շող>> ցերեկային կենտրոնի սաները հենց այդ գիտակցումով են նախապատրաստել այս հանդեսը: Նրանք լավ գիտեն, որ իրենք են լինելու մեծերի սուրբ գործի շարունակողները և, կարծում եմ, անելու են ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը լինի պայծառ և հզոր: Մենք հավատում ենք ձեզ, սիրելի՛ երեխաներ>>,- ասաց Անահիտ Դանիելյանը: Կենտրոնի աշխատող Թամարա Ղազարյանը սաներին ներկայացրեց այնպիսի ջերմությամբ ու խանդաղատանքով, որ անմիջապես երևում էր, թե ինչպիսի հուսալի ձեռքերում են այս երեխաները: Սաները երգեցին ու պարեցին, հայրենասիարական խրոխտ ոգին սկսեց թևածել դահլիճում: Երեխաների հետ ոգեշնչվել էին հարազատներն ու կենտրոնի բոլոր աշխատողները, չէ որ հպարտանալու առիթ ունեին… Հաճելի անակնկալ էր <<Արծվիկներ>> խմբի տղաների ելույթը, ովքեր Ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներ էին դարձել և սև գոտի 3-րդ դան աստիճանի մարզիչ Տիգրան Գևորգյանի շնորհիվ կարողացել էին պատրաստել այդ ելույթը: Կենտրոնի սաներն անթաքույց հպարտությամբ էին հանդես գալիս, երջանկությունից փայլող նրանց աչքերը հույսի և լույսի շողեր էին արձակում, և այդ ուրախությունը փոխանցվում էր մեծերին: Նրանք լուսավոր էին տեսնում իրենց երեխաների ապագան: Ազգային ոգին միշտ արթուն է հայի սրտում, իսկ ազգային պարը՝ միշտ անպակաս նրա շուրթերից: Սևակի և Դավիթի, Բեգլարյան երեք եղբայրների երգերը հենց այդ էին վկայում: Տոնական տրամադրությունը իշխում էր դահլիճում և երջանիկ էին բոլորը… Ակներև էր Արմինե Գասպարյանի անմնացորդ նվիրում դեպի իր աշխատանքը։ Անահիտ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի սաներին և բոլոր աշխատողներին: Նրա հավաստմամբ՝ այսպիսի հուզառատ և սրտաբուխ միջոցառումը կարող է լինել միայն նվիրական և թիմային աշխատանքի արդյունքը: Քանզի կենտրոնի բոլոր աշխատողները ջանք ու եռանդ չեն խնայում այս փոքրիկների դաստիարակության և կրթության համար: Միջոցառման վերջում Ասկերանի <<Շող>> ցերեկային կենտրոնի սաներն ու աշխատախումբը լուսանկարվեցին կին-ազատամարտիկ Սվետլանա Հովսեփյանի հետ, ով բերկրանքով և մայրական սիրով էր շրջապատել նրանց… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |