ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ |
30.05.2019 17:27 |
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը տեղի ունեցավ մայիսի 30-ին՝ վարչակազմի աշխատակազմի բաժինների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Այն վարում էր վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բալասանյանը։ Ողջունելով գործընկերներին Վ. Բալասանյանը ներկայացրեց նիստի օրակարգը, որտեղ տեղ էին գտել ներկա ժամանակաշրջանին յուրահատուկ հրատապ և առաջնահերթ քննարկումներ և լուծումներ պահանջող խնդիրներ։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՙԽաչենշին՚ ՓԲ ընկերության 2018-19 թվականներին կատարված, ինչպես նաև ընթացիկ տարում նախատեսված աշխատանքներին, որի շուրջ մանրամասն տեղեկություններ հաղորդեց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՎՃ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը։ Նշված ժամանակահատվածում ընկերության կողմից բավականին աշխատանքներ են իրականացվել ճանապարհների շահագործման, սպասարկման և վերանորոգման, կոմունալ ծառայության և կանաչապատման, ոռոգման ցանցի սպասարկման, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտների ուղղությամբ, որոնք շարունական բնույթ են կրում։ Չնայած այս ամենին, ընկերությունն ունի մի շարք չլուծված հիմնախնդիրներ, որոցից շատերը՝ հրատապ լուծում պահանջող, ինչից էլ կախված է կատարված աշխատանքների որակը։ ՙԽաչենշին՚-ի կողմից մի շարք համայնքներում կատարվել են միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, որոնց զգալի մասը վերջին օրերին տեղացած հորդառատ սելավների և կարկուտների հետևանքով տուժել են։ Ուղտասարի համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը մտահոգություն հայտնեց դեպի գյուղ տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին, ինչին ի պատասխան Ա. Ավանեսյանը նշեց, որ 2018-ին հիշյալ ճանապարհը վերանորոգվել է, սակայն պետության կողմից 1կմ-ի համար նախատեսված 650 հազար դրամը չնչին գումար է ցանկալի արդյունքի հասնելու համար։ Առջևում բերքավաքի աշխատանքներ են, որոնք կազմակերպված և անկորուստ անցկացնելու համար բավականին ժամանակ է, ինչ շրջանի գյուղբաժնում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Սակայն վերջին օրերին բնական աղետը՝ կարկուտի և սելավի տեսքով, փոփոխություններ են մտցրել հնձի ենթակա տարածքների ցանկում։ Գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը տեղեկություններ ներկայացրեց բաժնի կողմից հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի նախապատրաստական միջոցառումների, իրականացրած և իրականացվելիք աշխատանքների ուղղությամբ։ Ա. Ղուլյանը հորդորեց համայնքների ղեկավարներին սահմանված ժամկետներում ճշտել բնական աղետներից տուժած ցանքատարածությունները, օրենքով սահմանված կարգով ակտավորել դրանք։ Հաջորդ հարցը շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում 2018թ. կատարված աշխատանքների և 2019թ. հրդեհավտանգ ժամանակաշրջանում կանխատեսվող կանխարգելիչ միջոցառումների մասին էր, որի մասին մանրամասն տեղեկություններով հանդես եկավ ԱՀ Ասկերանի շրջբաժնի պետ Արամ Ասրյանը։ Ա. Ասրյանը հույս հայտնեց, որ համայնքների ղեկավարներն ու բերքահավաքի աշխատանքների պատասխանատուները մեծ պատասխանատվություն և կամք կդրսևորեն՝ այս տարի ևս շրջանում բերքավաքը կազմակերպված և անկորուստ անցկացնելու համար։ Ինչ վերաբերում է համայնքներում ստեղծված հակահրդեհային անվտանգության հանձնաժողովների կազմին՝ Ա. Ասրյանը շեշտեց, որ կազմում այնպիսի անձնաց ընդգրկեն, ովքեր հարկ եղած դեպքում կկարողանան օպերատիվորեն արձագանքել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Զանգվածային լրատվամիջոցների հիմնական նպատակը ղեկավարության եւ բնակչության միջև կապող օղակ հանդիսանալն է։ Այս առաքելությունը շրջանում իրականացնում է ՙԲերդ՚ շրջանային թերթը, որն իր հիմնադրման օրվանից առայսօր հավատարիմ է մնացել իր ընթերցողներին՝ հասցնելով նրան շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից մշակվող եւ իրականացվող քաղաքականության ուղեգիծը։ Խորհրդակցությանը խմբագրության գործունեությունը շրջանում իրականացվող միջոցառումների լուսաբանման ուղղությամբ եւ հետագա անելիքների մասին տեղեկություններ հաղորդեց թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Քանի որ թերթի լույսընծայումն անմիջապես կախված է բաժանորդավաճարների ժամանակին հավաքագրման հետ, ուստի Վ. Պետրոսյանը կոչ արեց ներկաներին ժամանակին կատարել վճարումները։ Խմբագիրը նաև շնորհակալություն հայտնեց կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանին՝ այս գործընթանցը շրջանի բազմամարդ հիմնարկությունում ժամանակին կազմակերպելու համար։ Ի պատասխան Կ. Մայիլյանը շեշտեց, որ ցանկալի կլիներ, որպեսզի թերթում ավելի մեծ տեղ հատկացվեր շրջանի համայնքներին, ապա նաև շնորհավորեց Վ. Պետրոսյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Վաստակավոր Լրագրողի պատվավոր կոչում ստանալու համար։ Ինչ վերաբերում էհամայնքներում հաճախակի լինելուն, նշենք, որ չկան պետբյուջեով նախատեսված համապատասխան միջոցներ, իսկ շրջկենտրոնից դուրս տեղի ունեցող միջոցառումների լուսաբանումը հաճախ խմբագրակազմի անհատական նախաձեռնությունների շնորհիվ են իրականություն դառնում։ Վարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առուստամյանը հայտարարություններ արեց հունիսի 1-9-ը Արցախում կայանալիք Եվրոպայի չճանաչված երկրների ֆուտբոլային առաջնության, իսկ օգոստոսին Համահայկական խաղերի մասին։ Նշենք, որ Ասկերանի մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային 5 հանդիպում, որոնց մեկնարկը կտրվի հունիսի 2-ին ժամը 15.00-ին։ 1 ժամ տևողությամբ մշակութային ծրագրով կազդարարվի Ասկերանի մարզադաշտի խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Քաղաքայի մարզադաշտում հաջորդ խաղերը տեղի կունենան հունիսի 3-ին, 4-ին, 6-ին, 8-ին, բոլոր օրերին ժամը 16.00-ին՝ անփոփոխ։ Հաջորդ հայտարարությունը, որը մասին ներկաներին իրազեկեց ՇԱԻԲ ԲՏՊ բաժանմունքի պետ Հրանտ Ավանեսյանը՝ քաղաքացիական պաշտպանության ուսումնական վարժությունների հետևանքով ի հայտ եկած թերությունների ու բացթողումների, ինչպես նաև դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների և հետագա անելիքներն մասին էր։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |