ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ |
31.05.2019 15:00 |
Մայիսի 30-ին Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հանդիսավոր օր էր: Տոնականորեն զարդարված կենտրոնն իր հյուրընկալ դռներն էր բացել հյուրերի առջև: Սաների ձեռքի հետաքրքիր աշխատանքներն աչք էին շոյում իրենց առանձնահատուկ ոճով ու բարձր ճաշակով: Ամենուր նրբագեղ աշխատանքներ էին, ակներև էր երեխաների վառ երևակայությունն ու մտածելակերպը: Կապույտ երկինքը, պայծառ արևը, հայրենի հեքիաթային բնությունը, հողն ու ջուրն էին շնորհաշատ սաներն արժևորել իրենց գործերի մեջ: Նրանք մեծ տեղ էին տալիս խաղաղությանն ու նրա սահմանները պահպանող զինվորներին: Կենտրոնի բակը մարդաշատ էր: Ասկերանի ՄՊՍԿ-ի հաշվետու հանդեսին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ Վլադիմիր Բալասանյանը, Վահագն Առուստամյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, հյուրեր, ասկերանցիներ: Միջոցառումն սկսվեց <<Եռագույն>> պարով, որը ներկայացրեցին Ասկերանի ՄՊՍԿ պարախմբի սաները: Կենտրոնի սան Արամ Մինասյանը ողջունեց ներկաներին՝ շեշտելով, որ իրենք են լինելու Արցախ աշխարհի ապագա պատվավոր քաղաքացիները, հենց իրենք են ստեղծելու և պահպանելու արցախցու երազանքների, պայծառ ու գունագեղ հայրենիքը: << Այսօր հավաքվել ենք տեսնելու, թե ինչ հաջողություններ և ձեռքբերումներ ենք ունեցել այս ուսումնական տարում: Հպարտությամբ և ուրախությամբ կարող ենք փաստել, որ դրանք ակնառու են և քիչ չեն: Նորագյուղի <<Նշխար>> ազգագրական պարախումբը մասնակցել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից կազմակերպված <<Մշակութային խաչմերուկ>> հանրապետական մրցույթ-փառատոնին և գրավել 2-րդ մրցանակային տեղը>>,-ասաց հաղորդավարը: Նորագյուղի մասնաճյուղի ազգագրական պարախմբի պարուսույց Թամար Սարգսյանի խոսքը, որ ողողված էր հայրենասիրությամբ ու հայի իսկական ոգով, հուզեց յուրաքանչյուրիս՝ մեր մեջ արթնացնելով անսահման սեր դեպի ազգայինը: -Երկար է եղել հայի ժողովրդի ուղին, մենք մեծ դժվարությամբ հասել ենք այսօրվան և ունենք այն, ինչ մերն է, և ոչ ոք չի կարող մեզանից խլել: Հայկական մշակույթը դարեդար ուժ է տվել մեր ժողովրդին, քանզի հայը միայն մշակ ու ռամիկ չի եղել, նա ապրել է նաև իշխանավայել, հպարտ և ինքնավստահ:Այս աղջիկները, որ ձեզ են ներկայացնելու իրենց իշխանական պարը, կվկայի այն մասին, որ նրանք լինելու են այն մայրերը, որ ծնելու են առյուծ և իշխանավայել ապրող զավակներ: Արդարև, նորագյուղցիների պարը հուզեց ներկաներին, մենք տեսանք այն ազգայինը, որ պետք է արմատավորվի ու միշտ մնա յուրաքանչյուր հայի մեջ: Իվանյանի և Այգեստանի մասնաճյուղերի սաները ևս հանդես եկան պարային հրաշալի կատարումներով: ՄՊՍԿ պարուսույցներ Մերի Գաբրելյանը, Թամար Սարգսյանը, Ռիտա Բեգլարյանը և Նանար Սավադյանը սեր ու հոգի էին դրել երեխաներին ուսուցանված պարերի մեջ: Գոյություն ունի մի ուժ, որ աշխարհի ծայրերից կարող է միավորել համայն հայությանը՝ հոգով, մտքով, երգ ու պարով: Եվ դա ազգային սերն է: Այն ավելի մեծ սեր է արթնացնում հայի հոգում, որի շնորհիվ նա կարողանում է պայքարել, հաղթել ու ապրել: Սրտաբուխ էր կենտորնի սան Մոնիկա Արզումանյանի <<Հայրենիք>> բանաստեղծությունը: Կենտրոնի սաները ներկայացան գեղեցիկ ասմունքով, երգերով: Նրանք յուրահատուկ տեղ էին տվել մայրերին, քանզի պաշտելի է մոր մեծությունը և անկրկնելի: Հանդեսի վերջում ստեղծագործական կենտրոնի բոլոր պարախմբերն իրենց պարուսույցների հետ միասին պարեցին <<Խամ-խամա>> պարը: ՄՊՍԿ տնօրեն Մերի Գաբրիելյանի խոսքը հուզմունքով էր պատված. -Այսօր հիշարժան օր է բոլորիս համար: 2018-19 ուսումնական տարին հասավ իր տրամաբանական ավարտին: Շնորհակալ եմ, որ մասնակցեցիք այսօրվա մեր հաշվետու համերգին, կարծում եմ՝ մեր երեխաներն ու խմբակավարները կարողացան այս օրը հրաշալի տոն դարձնել: Մենք կշարունակենք աշխատել նույն ոգով ու նվիրվածությամբ, համոզված եմ՝ ավելի մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ կարձանագրենք առաջիկայում: Շնորհակալությունս եմ հայտնում իմ խմբակավարներին, սաներին ու նրանց ծնողներին, քանզի նրանց համագործակցված աշխատանքի արդյունքում ենք մենք տեսնում մեր հաղթանակը: Մոտենում է երեխաների պաշտպանության տոն օրը: Շնորհավորում եմ բոլորին, թող ձեր գլխավերևում փայլող արեգակի ճաճանչները լուսավորեն ձեր ուղին, թող ձեր մանկությունն անհոգ ու խաղաղ լինի… Հիրավի, միջոցառումը գեղեցիկ ու իմաստալից էր: Մենք վայելեցինք երեխաների մարքությամբ շաղախված հանդեսը, մանկացանք նրանց հետ և ականատեսը եղանք համերաշխ, պատրաստակամ կոլեկտիվի անմնացորդ աշխատանքին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |