ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ - 100
31.05.2019 18:16

Մայիսի 31-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայ պոեզիայի աստղաբույլի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին։ Մեծանուն բանաստեղծուհու հիշատակին նվիրված հոբելյանական ցերեկույթին ներկա էին վարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առուստամյանը, մշակույթի և երիտասադրության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի, շրջանի համայնքների մշակութային օջախների տնօրեններ, գրադարանավարներ, ասկերանցիներ։

Ներկաներին ողջունեց և  մեծ բանաստեղծուհու

մասին իր մտորումներով կիսվեց մշակույթի տան տնօրեն Ռոմելա Գրիգորյանը՝ սրտի խոսքն սկսելով Պարույր Սևակի ՙԱպրել, ապրել այնպե՜ս ապրել... ՚բանաստեղծական տողերով։

-Արդարության խոսափող մեծն Սևակի Ապրելու այս բանաձևը հայ բանաստեղծության աստղաբույլում ցոլացող աստղ Սիրվարդ Բարունակի Կապուտիկյանի համար դարձավ կյանքի նշանաբան։ Կին, մայր, արվեստագետ, հայուհի, ով աշխարհի, բնության և մարդկության հետ խոսում էր բանաստեղծության, արվեստի, երգի լեզվով։ Ապելով 88 տարի նա կարողացել է իր մեծ հոգում ներդաշնակել հասկի շռայլ խոնարհությունը,  լեռնային գետերի անկաղապար ըմբոստությունը, հայ գիրն ու դպրությունը, արվեստի ելևէջները, հայի անկոտրում ոգին ու կամքը, իրենով ներկայացնելով սփյուռքահայությանը, հայ Հայրենիքն ու բիբլիական իմաստնությունը։

Միջոցառումը կազմակերպել էր  Ասկերանի ՄԵ կենտրոնի երիտասարդության հարցերի կազմակերպիչ Անգելինա Ապրեսյանը, ով ներկայացրեց բանաստեղծուհու կյանքն ու գործունեությունը։

Դեռևս 12 տարի առաջ Սիլվա Կապուտիկյանը մեզ հետ էր: Բնությունը շռայլ էր եղել նրա նկատմամբ և՛ տաղանդ պարգևելիս, և՛ երկարակեցություն տալիս: Եվ նրա ապրած 88 տարիները պարզ երկարակեցություն չեղան. ողջ գիտակցական կյանքն ապրեց գործուն կյանքով՝ ստեղծագործելով մինչև կյանքի վերջ։ Նրա  սրտին անչափ մոտ էին հարազատ երկրի ու ժողովրդի հոգսերը: Գրեց կրքոտ, սիրով, ցավով, տառապանքով համակված բանաստեղծություններ՝ չդադարելով աշխարհին նայել կնոջ աչքերով:

Կապուտիկյանը նաև հասարակական գործիչ էր, հրապարակախոս: Նրան մշտապես հուզում էին Հայաստանի և Արցախի խնդիրները, որոնք փորձում էր արտացոլել իր աշխատություններում: Փոթորկալից 88- տարիներին նա հանգիստ չուներ, ամբողջովին իրեն նվիրել էր հայ ժողովրդի համազգային զարթոնքին։

Հուշ-ցերեկույթի ընթացքում Բերդ համույթի երգիչները հանդես եկան բանաստեղծուհու բանաստեղծությունների հիման վրա գրված, ինչպես նաև ազգագրական, հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով։ Հանդիսականներին մեծ հաճույք պատճառեցին Ասկերանի արվեստի դպրոցի սաների կինտոների պարը, ապա նաև ՄՊՍ կենտրոնի սան Մոնիկա Արզումանյանի հայրենասիրությանն ու հայրենապահպանությանը նվիրված բանաստեղծության հուզական արտասանումը։

-Հայ ժողովուրդը սիրեց, գնահատեց ու մեծարեց տաղանդավոր իր զավակին՝ ըստ արժանվույն դասելով իր անմահների շարքը։ Հանճարեղ Սևակի կարծիքով Սիլվա Կապուտիկյանն այն բանաստեղծներից է, ովքեր նորից կյանք ու անձնագիր տվեցին մեր սիրերգությանը։ Այդ սիրերգության լավագույն պոռթկումից չեն ծնվել արդյոք այս տեղորեը՝

Թե ապրեմ՝ թող սրտով ապրեմ ես,

Թե մահանամ՝ թող սրտից մահանամ...,- եզրափակելով հոբելյանական ցերեկույթը նշեց միջոցառման հաղորդավար Անգելինա Ապրեսյանը։

Չնայած 100 ամյակը ենթադրում է պատմական մեծ հեռավորություն, սակայն Ասկերանի ՄԵ կենտրոնի կազմակերպված բովանդակալից հուշ-ցերեկույթն ապացույցն էր այն բանի, որ հաջորդող հարյուրամյակներում էլ հիշելու և մեծարելու ենք Սիլվա Կապուտիկյանին։

Այդ են հաստատում նաև կենտրոնի տնօրենի եզրափակիչ խոսքը.

-Մահվան առջև ամենից առաջ տեղի է տալիս քերականությունը, սրտի կանգից վայրկյաններ անց ապրում է բայի ներկա ժամանակը դառնում է անցյալ անկատար՝ ապրում էր։ Բայց Կապուտիկյանի պարագայում այդպես չէ, նա ապրում է մեր մեջ, քայլում մեզ հետ, խոսուն հայացքով մտախոհ հետևում սերունդների երթին, ովքեր իրենց մեջ կրում են բանաստեղծուհու զգացական աշխարհի նշխարները։ Նա համասփյուռ հայության համար ժողովրդաշեն կամուրջ էր և արցախահայության մեծ բարեկամը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter