ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ConiFA ԱՐՑԱԽ - 2019 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ
02.06.2019 20:28

Այսօր Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ConiFA-ի՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող չճանաչված երկրների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին խաղը՝ Աբխազիայի և Չամերիայի (Հյուսիս-արեւմտյան Հունաստանի տարածք, ալբանացի չամեր) ֆուտբոլի հավաքականների միջև։

Ասկերանցիները հյուրերին դիմավորել են

ազգային-ազգագրական երգ ու պարով՝ Տնջրե պարի պետական համույթի կատարմամբ։

Միջոցառմանը ներկա էր ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, լրագրողներ տարբեր պետություններից, ասկերանցիներ, հյուրեր։

Թիմերը մարզադաշտ դուրս եկան փոքրիկ ասկերանցիների ուղեկցությամբ, որից հետո հնչեցին մրցակից թիմերի երկրների օրհներգերը։

Չնայած բավականին շոգ եղանակին թիմերը դիտարժան խաղ ցուցադրեցին։ 1-ին խաղակեսն անցավ հավասար մրցապայքարում և ավարտվեց Չամերիայի հավաքականի նվազագույն հաշվով հաղթանակով։

2-րդ խաղակեսի սկզբնամասում Աբխազիայի ֆուտբոլիստները երեք րոպեի ընթացքում 2 գոլ խփեցին՝ առաջ անցնելով հաշվի մեջ, որից հետո պայքարը հաղթանակի համար ավելի թեժացավ։ Խաղի 74 -րդ րոպեին աբխազները ևս 1 գոլ խփեցին՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը (3։1)։

Խաղի ավարտից հետո մենք հանդիպեցինք Աբխազիայի հավաքականին ուղեկցող Աբխազիայի հերոս, հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանին։

-Առաջին անգամն եմ Ասկերանում, այստեղ ամեն ինչ հիասքանչ է։ Իհարկե ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն մեր թիմն այսօր արժանի հաղթանակ տարավ՝ մնալով իր բարձրության վրա։ Այն ինչ տեսանք այսօր խաղադաշտում մեզ շատ ուրախացրեց։ Աբխազիայի թիմի ֆուտբոլիստներից շատերը խաղում են Ռուսաստանի առաջնության տարբեր լիգաներում։ Սա դեռ սկիզբն է, հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ինչպես Արցախի իշխանություններին, այնպես էլ Ասկերանի շրջանի ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության համար։

Հաջորդ մեր զրուցակիցը Չամերիայի հավաքականի ֆուտբոլիստ Էդմոնդ Հոխհայն էր.

-Բավականին հետաքրքիր խաղ էր ծավալվել, սակայն բախտը մեզ չժպտաց, չկարողացանք օգտագործել մեր ստեղծած գոլային պահերը։ Այդուհանդերձ ամեն ինչ լավ է, չենք հուսալքվում, առջևում դեռ հանդիպումներ ունենք և կաշխատենք շտկել թերությունները։ Այստեղ ամեն ինչ հիասքանչ է, շատ եմ հավանել Հայաստանն ու Արցախը։ Այստեղ մարդիկ շատ բարի և հյուրասեր են։

Վաղը ժամը 16։00-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Արևմտյան Հայաստան-Սեկեյի Լանդ (Ռումինիայի կենտրոնական հատվածում բնակվող հունգարացիներ) խաղը։

Անահիտ  ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter