ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ /photos/
03.06.2019 22:51

Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնել, նպաստել զբոսաշրջության ակտիվացմանը, նաև այս նպատակն է հետապնդում ConiFA Արցախ - 2019-ը։ Կազմակերպությունն ապաքաղաքական կառույց է, որևէ տեսակի քաղաքական հարցեր նրանում չեն ներգրավվում, այլև նպաստում է աշխարհին ավելի ճանաչելի դարձնել այն երկիրը, որտեղ անցկացվում է առաջնությունը։

Ասկերանում արդեն երկրորդ օրն է, ինչ անցնում են առաջնության խաղերը և այն բարձր մակարդակով

անցկացնելու համար շրջանի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուներն անում են հնարավոր ամեն ինչ։ Ասկերանի քաղաքային մարզադաշտում այսօր տոնական տրամադրությունն առավել քան ակնառու էր։ Ֆուտբոլային հանդիպումը Արևմտյան Հայաստանի և Սեկեյի Լանդի հետ ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել մարզադաշտում։

Մինչ մրցող թիմեր մարզվում էին միջոցառման մասնակիցներին հայրենասիրական երգերով տոնական տրամադրություն հաղորդեց Արցախի Մենք ենք մեր սարերը երգի, պարի պետական համույթը։

Թիմերը խաղադաշտ դուրս եկան փոքրիկ ասկերանցիների ուղեկցությամբ։ Հնչեցին Սեկեյի լանդի, ապա Արևմտյան Հայաստանի Հանրապետության օրհներգերը։

Երկու թիմերն էլ բավականին ակտիվ սկսեցին խաղը և արդեն խաղի 14-րդ րոպեին Զավեն Բադոյանի խփած գնդակի շնորհիվ Արևմտյան Հայաստանն առաջ անցավ հաշվի մեջ։ Այնուհետև չնայած մրցող թիմերի ներդրած ջանքերին նվազագույն հաշիվը պահպանվեց մինչև 1-ին խաղակեսի ավարտը։ Նշենք նաև, որ 1-ին խաղակեսի վերջնամասում Սեկեյի լանդի ֆուտբոլիստները չկարողացան իրացնել մրցավարի նշանակած 11 մետրանոցը։

Մասիսն այն կողմից տեսնող մեր հայրենակիցներին հպարտ և ուրախ էինք տեսնելու։ Առավել  խանդավառված էր Արևմտյան Հայաստանի թիմին ուղեկցող, Արևմտյան Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Սիմոն Տարոնյանը, ով ջանք ու եռանդ չէր խնայում սեփական թիմին ոգևորելու, երկրպագուներին քաջալերելու համար։

-Մենք հայ ենք և Հայաստան աշխարհի բնիկ ժողովուրդ ենք։ Մենք շատ մեծ իրավունք ունենք, որպես ճշմարտի և արդար ճանապարհ անցած ժողովուրդ։ Այս հողը մեզ է պատկանում և մենք շարունակելու ենք պայքարը՝ մինչև արդար լուծում։ Այս առաջնությանը մասնակցելը շատ կարևոր առիթ է մեզ համար, կրկին անգամ աշխարհին հիշեցնելու մեր արդար պահանջի մասին։ Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր իրավունքները մեր ժողովրդի, ազգի և Հայրենիքի շահի համար։ Արևմտյան Հայաստանը մշտապես պայքարի մեջ է և այս խաղն էլ յուրօրինակ պայքար է, որը համոզված եմ հաղթանակով կպսակվի,- խաղի ընդմիջմանը մեզ հետ զրույցում նշեց Ս. Տարոնյանը։

Չնայած բավականին շոգ եղանակին խաղի 2-րդ խաղակեսին ֆուտբոլիստների մոտ հոգնածություն չէր զգացվում, քանզ երկու թիմերի մոտ էլ հաղթանակի հասնելու  ձգտումը մեծ էր։ Դաշտում ծավալվեց ավելի կոշտ պայքար և մրցավարը ստիպված եղավ դիմել դեղին, կարմիր և կանաչ քարտերի։ Ի դեպ նշենք, որ կանաչ քարտը, ինչպես պարզաբանեց խաղի գլխավոր մրցավար Արկադի Հակոբյանը, ուժի մեջ է մտել ՖԻՖԱ-ի որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից։ Կանաչ քարտ ցույց է տրվում ֆուտբոլիստին՝ վիճաբանությունների կամ անազնիվ խաղի, խաբելու համար: Կանաչ քարտի դեպքում խաղացողը պարտադիր փոխարինվում է, հակառակ պարագայում թիմը խաղում է 10 հոգով։

Խաղի 63-րդ րոպեին Սեկեյի լանդի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարկում կոպիտ խաղ ցուցադրելու համար պատժվեցին 11 մետրանոցով, ինչն էլ հստակորեն իրացրեց Դավիթ Հովսեփյանը։ Բաց թողած 2-րդ գոլից հետո Սեկեյի լանդի թիմի 16 համարի խաղացողը բացահայտ կոպիտ խաղի համար հեռավեց խաղադաշտից։ Մնալով 10 հոգով Սեկեյի լանդի խաղացողները չկարողացան դիմադրել Արևմտյան Հայաստանի ճնշումներին և մինչև խաղավերջ ևս 3 գնդակ ընդունեցին սեփական դարպասը։ Գոլերի հեղինակներ դարձեն 73-րդ րոպեին՝ Վարդան Բաքարյանը, 81 և 91-րդ րոպեներին՝ համապատասխանաբար Դավիթ Մինասյանն ու Արման Ասլանյանը։ Խաղն ավարտվեց Արևմտյան Հայաստանի համոզիչ 5։0 հաղթանակով։

Արցախի արևելյան դարպաս Ասկերանում այսօր իսկական գոլային հրավառություն էր։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք ուրախ են հերթական այցով Արցախում գտնվելու համար: Չնայած երեկ Մարտունիում թիմը պարտություն է կրել, սակայն այսօր Արևմտյան Հայաստանի ֆուտբոլիստները դիտարժան խաղ ցուցադրեցին, ասել է թե պահը հասունացել էր և նրանք լիովին ներդրեցին իրենց բոլոր ուժերն ու հաղթեցին։

-Այսօր շատ կարևոր խաղ էր մեզ համար և մենք քայլ առ քայլ դեպի հաղթանակ ենք գնում։ Մեզ դիտում է ողջ աշխարհը՝ Հայաստանը, Արևմտյան Հայաստանը, համայն հայությունը և բոլորս շատ հետաքրքրված ենք թե Արցախի և թե Արևմտյան Հայաստանի հարցերով։ Այսօր իսկապես, առանց չափազանցացնելու կարող եմ ասել, որ ավելի քան ուրախ եմ, քանզի այսպիսով մեկ անգամ ևս աշխարհի ուշադրությունն ենք հրավիրում Արևմտյան Հայաստանի խնդրի վրա։ Մենք մեծ  ներուժ ունենք, որը  ճիշտ օգտագործելով կտոնենք հաղթանակներ։ Եվ այն ինչ կատարվում է այստեղ մեկը մյուսի հետ փոխկապակցված է, -ասաց Ա. Աբրահամյանը նշելով , որ 2004 թվականի դեկտեմբերին Շուշիիում է ստեղծվել Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը։

Խաղի գլխավոր մրցավարի գնահատմամբ խաղը սկզբունքային էր և երկու թիմերն էլ հաղթելու համար ջանք ու եռանդ չէին խնայում։ Եվ փորձառու մրցավարի մոտ ստացվեց հաճախակի բռնկվող կրքերը հանգստացնել, հաճախ նաև տարբեր գույնի քարտեր ցուցադրելով։

Սեկեյի լանդի ֆուտբոլիստ Ռոբերտ Ֆարկեշը չնայած կրած 2-րդ պարտությանը, լավատեսորեն է տրամադրված վաղվա հերթական խաղին։ Մեզ հետ զրույցում նա նշել է, որ բավականին դժվար խաղ էր, սակայն չեն հուսալքվում։ Մեր՝ արդյոք մինչ առաջնությանը մասնակցելը Արցախի մասին տեղեկություն ունեին հարցին պատասխանեց, որ համացանցի միջոցով են տեղեկացել Արցախի մասին, իսկ գալով Արցախ սիրահարվել են նրան։ Ռոբերտի հավաստմամբ այսպիսի հյուրընկալություն չէին սպասում։

-Արցախը շատ լավ հանգստի վայր է և այստեղ բոլորին շատ լավ են դիմավորել։ Մենք շատ սիրեցինք Արցախը,- նշել է մեր զրուցակիցը։

Չճնաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հերթական խաղն  Ասկերանում վաղն է ժամը 16.00-ին՝ Սեկեյի լանդ - Հարավային Օսիա թիմերի միջև։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter