ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՐՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ. ԿՐՔԵՐԸ ԹԵԺ ԷԻՆ /photos/ |
04.06.2019 20:19 |
Այսօր կկայանան խմբային վերջին խաղերը, և Ասկերանի մարզադաշտում կմրցեն Հարավային Օսիայի և Սեկեյի Լենդի հավաքականները։ Թիմերին դիմավորեցին փոքրիկ ասկերանցիները՝ մրցող թիմերի դրոշներով։ Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությունն Արցախում անցկացնելը հրաշալի առիթ է տարբեր երկրներից Արցախ ժամանած հյուրերին մեր հարուստ մշակութային արժեքներին մոտիկից ծանոթացնելը։ Այսօրվա հանդիպման մշակութային մասն ապահովել էին Ասկերանի ՄԵ կենտրոնի Բերդ համույթի երգիչներն ու ՄՊՍ կենտրոնի պարի խմբի սաները։ Նրանք բարձր ոգով ու խանդավառությամբ ներկայացրին մեր ազգային երգն ու պարը՝ արժանանալով հյուրերի ուշադրությանն ու ջերմ ծափահարություններին։ Խաղի սկիզբն ազդարարվեց և երեխաների ուղեկցությամբ թիմերը դուրս եկան խաղադաշտ։ Հենց խաղի առաջին րոպեներից պարզ դարձավ, որ համառ և անզիջում է լինելու պայքարը հաղթանակի համար։ Թիմերի ցուցադրած խաղն, իրոք, դիտարժան էր։ Չնայած երկու թիմերի ֆուտբոլիստների գործադրած ջանքերին 1-ին խաղակեսը ավարտվեց 0։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսն առավել ակտիվ սկսեցին Սեկեյի Լենդի ֆուտբոլիստները, ովքեր 54-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ 72-րդ րոպեին Հր. Օսիան խփեց պատասխան գոլը, ինչից հետո դաշտում ավելի թեժ պայքար ծավալվեց։ 82-րդ րոպեին Սեկեյի Լենդի ֆուտբոլիստները կրկին առաջ անցան հաշվի մեջ, սակայն նրանց ուրախությունը կարճ տևեց։ Ընդամենը մեկ րոպե անց Հր. Օսիայի ֆուտբոլիստների արագ հակագրոհից հետո նորից վերականգնվեց հաշվի հավասարակշռությունը։ Համառ պայքարում անցած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի արդյունքով՝ 2։2։ Խաղի ավարտից հետո մենք զրուցեցինք Հարավային Օսիայի թիմի ավագ Սոսլան Կաբուլովի հետ, ով խաղը բավականին կոշտ և ծանր գնահատեց, այդուհանդերձ նրանց հաջողվել է խուսափել պարտությունից։ Հակառակորդ թիմի խաղացողները նույնպես բավականին բարձր մակարդակի խաղացողներ են։ Փաստեմ, որ խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի արդյունքով։ Ինչ վերաբերում երկրպագուներին, Սոսլանը նշեց, որ խոսք չունի ասելու, քանի որ նրանք հոյակապ էին, Աստված թող նրանց առողջություն պարգևի, որպեսզի կիսաեզրափակչին, գուցե, նաև եզրափակչին իրենց նույն ոգևորությամբ երկրպագեն։ - Մեզ շատ է դուր եկել Արցախը, համանուն ֆուտբոլային թիմը ևս բարձր մակարդակի վրա է։ Մարդիկ այստեղ շատ բարի և հյուրասեր են։ Սրտանց եմ ասում, ինձ շատ է դուր եկել ձեր երկիրը։ Առաջնությունը շատ բարձր մակարդակով է կազմակերպված, երևում է, որ մեծ ջանքեր են ներդրվել, ինչը հաճելի է տեսնել և թող հաղթի ուժեղագույնը,- ասաց Սոսլան Կաբուլովը։ Ասկերանում ֆուտբոլային հերթական հանդիպումը տեղի կունենան հունիսի 6-ին։ Ուզում ենք հատուկ ուշադրություն հրավիրել Ասկերանի մարզադաշտում առաջնության կայացմանն ու առանց միջադեպերի, բարձր մակարդակով ու կազմակերպված անցկացնելու գործում իրենց ուրույն ներդումն ունեցած Ասկերանի Ոստիկանության շրջանային բաժնի աշխատողներին, ովքեր պարտքի մեծ զգացումով են իրականացնում մարզադաշտում կարգի ու կանոնի պահպանումը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Գովասանքի խոսքերի են արժանի նաև ասկերանցի կամավորականները, ովքեր մեծ պատրաստակամությամբ և նվիրվածությամբ են կատարում իրենց հանձնարարված գործը՝ քաջ գիտակցելով, որ այսպիսի միջազգային մակարդակով կազմակերպված միջոցառումների ժամանակ ձեռք բերած փորձն արժեքավոր և կարևոր է իրենց ապագայի համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|