ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ ԿՈՆԻՖԱ ԱՐՑԱԽ 2019-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է |
06.06.2019 21:43 |
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող չճանաչված երկրների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում այսօր հանդիպեցին Հարավային Օսիայի և Չամերիայի հավաքականների թիմերը։ Խաղի սկիզբն ազդարարվեց թիմերի հավաքականների օրհներգերի հնչեցմամբ։ Երկու թիմերի մոտ էլ եզրափակիչ անցնելու ցանկությունը շատ մեծ էր, ինչն էլ ավելորդ լարվածություն հաղորդեց խաղին։ Խաղն, ընդհանուր առմամբ, անցավ կոշտ պայքարում, կանոնների հաճախակի խախտումներով։ Նշենք, որ երկրպագուները երկու թիմերին էլ հավասարապես էին երկրպագում՝ տրիբունաները չէին դադարում վանկարկել թիմերի անունները։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ՝ ոչ-ոքի արդյունքով։ Այնուհետև, ավելի լարված ու դրամատիկ 11 մետրանոցների հարվածաշար սկսվեց, որը ևս ավարտվեց ոչ-ոքի՝ 4։4։ Ապա 11 մետրանոցները շարունակվեցին մինչև առաջին վրիպումը, որտեղ էլ իրեն գերազանց դրսևորեց Օսիայի դարպասապահը՝ հաղթանակ բերելով հարազատ թիմին։ Խաղի ընթացքին հետևում էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, քաղաքշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։ Մեզ հաջողվեց զրուցել Հարավային Օսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջամբուլաթ Խասցաևին, ով մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ նշեց, որ իրենց երազանքը, նպատակը, ինչը համար եկել էին մասնակցելու խաղերին, իրականացել են և նրանք արդեն եզրափակչում են, որը կկայան հունիսի 9-ին՝ Ստեփանակերտում։ Խոսելով Արցախի մասին Ջամբուլաթ Խասցաևը նշեց, որ այսպիսի ընդունելության չէին սպասում։ -Չնայած որոշ թերություններին, կապված ֆուտբոլի դաշտի և խոտածածկի հետ, ամեն ինչ լավ անցավ։ Արցախն իսկապես շատ գեղեկից երկիր է, մարդիկ՝ բարի, հյուրասեր։ Խանութում գնումներ էինք կատարում, երբ մեզ մոտեցավ անծանոթ մի մարդ և փակեց բոլոր գնումների հաշիվը։ Մեզ մոտ նույնպես այսպիսի հյուրասեր մարդիկ են ապրում։ Շնորհակալ ենք Արցախին, այսպիսի ընդունելության համար։ Շնորհակալ ենք մեր երկրպագուներին, կամավորներին։ Առաջին անգամ եմ մասնակցում ԿոնիՖԱ-ի խաղերին։ Ամենավառ ու ամենաջերմ տպավորություններով ենք այստեղից գնալու։ Ու եթե հնարավորություն ընձեռնվի, շատ ուրախ կլինեմ Արցախում կրկին անգամ լինելու։ Չամերիայի հավաքականի ֆուտբոլիստ Էդմոնդ Հոխհայը չնայած կրած պարտությունից անտրամադիր էր, սակայն երեխաների հետ նկարվելու առաջարկը չէր մերժում։ -Շատ էմոցիոնալ վիճակ է։ Եկել էինք գավաթը նվաճելու համար, սակայն չստացվեց և այժմ բոլորիս մոտ սթրեսային վիճակ է։ Փոխարենն այստեղից շատ լավ հիշողություններ կտանենք։ Խաղի ողջ ընթացքում համառ պայքար էր ընթանում, սակայն մեր բախտը փոքր-ինչ չբերեց։ Առաջնությունը շատ լավ է կազմակերպված, մարդիկ շատ հյուրընկալ են, ամեն ինչ շատ գեղեցիկ է, երկրպագուները շատ ակտիվ էին, որոնց աջակցության շնորհիվ կարողացել եմ 2 գոլ խփել։ Շնորհակալ եմ բոլորին, առաջնության կազմակերպիչներին, երկրպագուներին և հնարավորության դեպքում կրկին մեծ սիրով կվերադառնամ Արցախ։ ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն առաջնության անցկացման ընթացքը շատ ակտիվ ու դրական է գնահատում և ամեն ինչ անցնում է ըստ ծրագրվածի։ -Առաջնությունը կայացած է։ 1-ին անգամ է Արցախում նման առաջնություն կազմակերպվում և բոլորս մեծ փորձ ձեռքբերեցինք, ինչը մեծ փորձառություն էր Համահայկական խաղերին ընդառաջ՝ դրանք նույնպես կազմակերպված և բարձր մակարդակով անցկացնելու համար։ Բացի ֆուտբոլային աշխուժությանը, այս առաջնությունն աշխուժացրել է նաև ընդհանուր կյանքն Արցախում։ Շատերի համար հնարավորություն է ընձեռվել ճանաչել մեր երկիրն այնպիսին, ինչպիսին որ նա կա։ Ինչն էլ եղել է մեր հիմնական նպատակը։ Խոսելով Արցախի ֆուտբոլի հավաքականի մասին Ն. Աղաբալյանը նշեց, որ թիմը լավ է հանդես եկել, և չպետք է մոռանանք, որ մեր երկրի չճանաչվածության պատճառով նույնիսկ չի կարողացել մասնակցել Հայաստանի առաջնություններին՝ չհաշված ընկերական հանդիպումները։ Եվ միայն վերջերս ԿոնիՖԱ-ի ընձեռած հնարավորության շնորհիվ է կարողացել մասնակցել այսպիսի խաղերի։ -Կարծում եմ մեր հավաքականի համար նոր մեկնարկ է և պետք է հետևություններ անել և նաև միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր ֆուտբոլիստները կարողանան լիարժեք մարզվել և պատրաստվել հաջորդ խաղերին,- ասաց Ն. Աղաբանյանը։ Ֆուտբոլային հերթական հանդիպումն Ասկերանում հունիսի 8-ին է, որը կլինի նաև վերջինը։Իսկ հունիսի 9-ին Ստեփանակերտի մարզադաշտում բոլորս երկրպագելու ենք Արևմտյան Հայաստանի հավաքականին՝ հույսեր փայփայելով տեսնել նրան ԿոնիՖԱ Արցախ-2019-ի չեմպիոն։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |