CONIFA ԵՎՐՈ 2019-Ի ՎԵՐՋԻՆ ԽԱՂՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
08.06.2019 20:02

Այսօր Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ԿոնիՖԱ Արցախ 2019 7-րդ տեղի համար խաղը՝ Սապմիի (Հյուսիսային Եվրոպայում, Ֆեննոսկանդիայի հյուսիսային մաս, բաժանված է  չորս պետությունների` Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև) և Սեկեյ Լանդի հավաքական թիմերի միջև։ Մինչ խաղի մեկնարկը հայրենասիրական երգերի, նվագի և ազգային պարերի գեղեցիկ ու հմայիչ կատարումներով

հանդես եկան Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Յուլիա Հայրապետյանը, §Բերդ¦ համույթի երգիչներ Հերմինե Խաչատրյանն ու Արայիկ Հասրաթյանը, Աստղաշենի արվեստի դպրոցի սաները՝ տոնական բարձր տրամադրություն պարգևելով ներկաներին։

Թիմերը խաղադաշտ մտան, հնչեցին երկու թիմերի հավաքականների օրհներգերը։ Մրցավարի սուլիչն ազդարարեց խաղի մեկնարկը։ Չնայած պայքարը մրցանակային տեղերի համար չէր, այնուամենայնիվ ֆուտբոլիստներն ամբողջովին ներդրել էին իրենց ջանքերը՝ հաղթելու համար։ Սեկեյ Լանդի ֆուտբոլիստները ձեռնարկած գեղեցիկ գրոհները չկարողացան հասցնել նպատակակետին։ 1-ին խաղակեսի 15-րդ րոպեին Սապմիի ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը, իսկ րոպեներ անց նրանց հաշվին ևս մեկ գոլ գրանցվեց։ Սեկեյի Լանդի արդյունավետ հակագրոհի արդյունքում խաղի 33-րդ րոպեին հաշիվը դարձավ 2։1 և թիմերն ընդմիջման գնացին այդ հաշվով։

Նշենք, որ սա Սեկեյ Լանդի 3-րդ խաղն էր մեր մարզադաշտում, ուստի թիմը բավականին երկրպագուներ ուներ, որոնք չէին դադարում ոգևորել արդեն հարազատ դարձած թիմին։ Սակայն դա չի նշանակում, որ Սապմին երկրպագուների պակաս ուներ։ Ասել է, թե պայքարը ոչ միայն խաղադաշտում էր, այլ նաև տրիբունաներում։

2-րդ խաղակեսի 54-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարվեց։ Պայքարն ավելի սուր և կոպիտ ընթացք ստացավ, առանձնանալով մրցավարի ցուցադրած՝ տարբեր գույների քարտերի առատությամբ։ Սեկեյ Լանդի հավաքականը 2-րդ խաղակեսի սկզբնամասում մնաց 10 ֆուտբոլիստով, սակայն չդադարեց վտանգավոր գրոհներ ձեռնարկել, կրկին՝ անարդյունք։ Իսկ 74-րդ րոպեին Սապմիին հաջողվեց ևս մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպաս՝ ձևակերպելով խաղի՝ 3։2 վերջնահաշիվը։

- Իհարկե, առաջնության մասնակցող յուրաքանչյուր թիմ Արցախ է եկել հաղթելու համար։ Սակայն առաջին երկու խաղերում 6 ֆուտբոլիստ վնասվածք ստացավ, ինչն էլ ազդեց հետագա խաղերի որակի վրա։ 7-րդ՝ նախավերջին հորիզոնական զբաղեցնելը չի կարող գոհացուցիչ լինել, քանի որ մեր ֆուտբոլիստները կարող էին ավելին անել։ Այնուամենայնիվ Արցախից մենք հեռանալու ենք վառ հուշերով,- մեզ հետ զրույցում ասել է Սապմիի ֆուտբոլային ակումբի նախագահ Հոկհան Կուորահը։

Սեկեյ Լանդի թիմի ներկայացուցիչ Արոն Սզաբուն նշել է, որ շատ ուրախ են, որ մասնակցել են այս առաջնությանը և տպավորված են արցախցիների ցուցաբերած հյուրասիրությունից և ընդունելությունից։ Առաջիկայում արդեն զբոսաշրջիկի կարգավիճակով կայցելի Արցախ, նաև մտերիմներին և հարազատներին կհորդորի լինել Արցախում։

Վերջում տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն։ Մրցանակները հանձնեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն ու CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկիոն։ Թիմներին հանձնվեցին գավաթներ, իսկ ֆուտբոլիստներին մեդալներ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter