ԹՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱՆ ԲՈԼՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11.06.2019 17:10

Դարերի պատմություն ունի բազում քաջեր և նշանավոր մարդիկ ծնած Խնածախ (հնում՝ Խանածախ) գյուղը, որը հիմնադրվել է 1686 թվականին Ջամիլլուի հյուսիս-արևելյան կողմում, մի բարակ ջրաձորի երկու ափերին: Բնակիչները տեղափոխվել են Մեծ Սյունիքի Խանածախ գյուղից: Մաքուր և սառնորակ աղբյուրներով, օգտակար դեղաբույսերով  է շրջապատված Խնածախը: Գյուղի հյուսիսային լեռնալանջերը մեծամասամբ մերկ են, իսկ արևմտյան լեռնալանջերը ծածկված են կաղնու, բոխու, թխկու անտառներով, որտեղ աճում են ամենատարբեր պտղատու վայրի ծառեր:

Այսօր Խնածախի համայնքը կայացած համայնք է, նրա վարչական տարածքն ընդգրկում է Խնածախ և Ջամիլու գյուղերը, Քյոսալարը՝ իր հինգ գյուղատեղերով: Ընդհանուր վարչական տարածքը կազմում է 4686 հա:

Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ մուտքի մոտ՝ Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված խնածախցիների պատվին կանգնեցված հուշարձանները: Ինչպես հարիր է իսկական հային, խնածախցին հպարտությամբ և մեծ պատասխանատվությամբ է հոգում այս սրբավայրերի մաքրության և բարեկարգման մասին: Գյուղի բնակչությունը բարձր է պահում զոհված ազատամարտիկների հիշատակը և անում ամեն ինչ, որպեսզի մատաղ սերունդը դաստիարակվի նույն ոգով…

Ինչպես նշում է Խնածախի համայնքի ղեկավար Մհեր Նիկողոսյանը՝ անկախ տարածքի մեծությունից, դժվարություններից ու բարդություններից, ողջ տարածքը գտնվում է համայնքապետարանի հսկողության տակ: Տարածքում չկան անօրեն հողօգտագործողներ, գործող բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները հարկատու են Խնածախի համայնքապետարանին:

-Պարոն Նիկողոսյան, ի՞նչ կասեք գյուղի մասին…

-Նախ նշեմ, որ մեր համայնքը սահմանակից է Ստեփանակերտ քաղաքին, որն էլ մեծ շունչ և եռանդ է տալիս բնակչությանը՝ հատկապես երիտասարդությանը: Քաղաքին մոտ լինելը բնկաչության շրջանում առաջացնում է նաև պահանջկոտու-թյուն, որը ստիպում է միշտ զգոն լինել և ունենալ կայուն դիրքորոշում:

Երկար տարիներ է, ինչ աշխատում եմ ժողովրդի հետ և իմ ամենամեծ հաջողություններից մեկը համարում եմ այն փաստը, որ կարողացել եմ մարդկանց մեջ առաջացնել սեր, բարի ու սրտացավ վերաբերմունք հայրենի գյուղի նկատմամբ:

Համայնքն ունի 179 տնային տնտեսություն, բնակչության թվաքանակը կազմում է 649 մարդ:

Գյուղը գազաֆիկացված է, գործում է ինտերնետ կապ, բնակելի տները ապահովված են կենցաղային ջրով, գյուղի տարբեր թաղամասերում կառուցված ¿ վեց աղբյուր: Գյուղամիջյան ճանապարհները նորոգված և բարեկարգված են, ապահովված ենք նաև գիշերային լույսերով: Գործում է Ստեփանակերտ-Խնածախ երթուղային տրանսպորտը:

Շեշտեմ, որ Խնածախ գյուղը զարգացող և կանգուն գյուղ է, դրա մասին է վկայում գյուղի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ հաճախում է 70 աշակերտ:   Դպրոցը համալրված ¿ համապատաս-խան մասնագետներով, որոնք միշտ բարձր են պահում մանկավարժի իրենց վեհ կոչումը: Այսօր բնակչության մոտ մեծ վստահություն է նկատվում դպրոցի հանդեպ: Գյուղապետարանի և դպրոցի միջև կապը դրված է լավ հիմքերի վրա, անում ենք ամեն ինչ, որպեսզի մատաղ սերունդը լինի կրթված և ճիշտ դաստիարակված:

Գյուղում գործում է բուժմանկաբարձական կետ, որը սպասարկում է համայնքի ողջ բնակչությանը: Այդ բնագավառում աշխատում են գործունյա և փորձառու աշխատողներ: Բուժկետը տեղակայված է գյուղապետարանի շենքում և ապահովված է բոլոր հարմարություն-ներով ու բուժպարագաներով: Առողջ բնակչություն ունենալու նպատակով՝ գյուղապետարանի հետ համատեղ բուժկետի կողմից հաճախակի են կատարվում սանիտարական վիճակի ստուգայցեր, տրվում են համապատաս-խան ցուցումներ և խորհուրդներ:

Գործում է նաև փոստի բաժանմունքը և արդյունավետ  ծառայում է բնակչությանը: Գյուղապետարանի աշխատակազմբը հսկում և աջակցում է այդ ծառայությանը, որպեսզի սպասարկման որակը միշտ մնա բարձր հիմքերի վրա:

-Գիտեմ, որ ունեք նաև ցավոտ և չլուծված խնդիրներ…

-Ճիշտ եք կռահել, ունենք մտահոգող խնդիրներ: Այսօր գյուղում մանկապարտեզի մեծ անհրաժեշտություն կա, ունենք նախադպրոցական տարիքի 68 երեխա: Փոքրիկների մայրերը մանկապարտեզի բացակայության պատճառով չեն կարողանում աշխատել, թեև ունեն մեծ ցանկություն և մասնագիտական պատրաստվածություն: Պետք է նշել նաև, որ այդպիսով կլուծվեն երիտասարդ ընտանիքների ֆինանսական խնդիրները:

Գյուղում չկա ակումբի շենք, ինչի հետևանքով բնակիչները զրկված են համերգներից, թատրոններից և այլ մշակութային միջոցառումներից, իսկ մեզանից յուրաքանչյուրը լավ գիտի, որ բնակչության միակ հավաքատեղին ակումբն է:

Անբարեկարգ վիճակում է գտնվում նաև դպրոցի շենքը, Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհը, չնայած ընթացքում կատարվում են նորոգման աշխատանքներ:

Գյուղում կարգավորված չէ աղբահանության հարցը, այստեղ բնակչությունը ևս ունի իր անելիքները: Եթե նա սրտացավ վերաբերմունք չցուցաբերի, ապա գյուղապետարանը մենակ չի կարող խնդիրը լուծել: Բնակչությանը կխնդրեի միշտ պահպանել գյուղի մաքրությունը և աղբը չնետել ամենուր:

-Ի՞նչ կմաղթեիք գյուղի բնակչությանը:

-Ուզում եմ վստահեցնել բոլորին, որ եթե մենք լինենք համախմբված, ունենանք բարի կամք, մտածենք մեկս մյուսի մասին, ապա բոլոր հարցերի պատասխանները կգտնենք և հերթով լուծումներ կտանք:

Արցախ աշխարհին բարօրություն եմ մաղթում, մեր ժողովուրդը թող ապրի բարեկեցիկ և հանգիստ կյանքով: Թող իմ հարազատ համայնքում օրեցօր ավելանան հարսանիքներն ու ծնունդները:

Ցանկանում եմ, որ իմ ժողովուրդն ապրի կապույտ երկնքի ներքո, և խաղաղություն ավետող աղավնիները ճախրեն բոլորիս գլխավերևում…

Ինչ խոսք, այցելելով արցախյան համայնքներ, որտեղ լավատեսությունն ու ապագայի հանդեպ հույսը մարդկանց ուժ և ոգի է տալիս, մենք պարուրվում ենք յուրահատուկ ուրախությամբ:

Խնածախում առիթ ունեցանք շփվելու ոչ միայն համայնքի ղեկավարի և աշխատակազմի հետ, մենք անկեղծ և անկաշկանդ զրույց ունեցանք նաև բնակչության տարբեր խավերի հետ ու միանշանակ հասկացանք մի բան. խնածախցին սիրում է աշխատել, ստեղծել, արարել… Ահել, թե ջահել պատված են ավելի լավ ապրելու փափագով:

Մաքուր և կոկիկ հագնված դպրոցականներն ուրախ-ուրախ դպրոց էին գնում, ջահել հարսները զբաղված էին տուն ու տեղով, տատիկ-պապիկները հասցրել էին աշխատել բանջարանոց-ներում և հոգնատանջ տուն էին վերադառնում:

-Մինչև վերջին շունչս պիտի անդադրում աշխատեմ երեխաներիս համար: Օգնեմ, սատարեմ նրանց: Պետք է ասեմ, որ աշխատանքը ուժ է տալիս և ապրեցնում  ինձ,- ասում է Մելանյա տատիկը և վարժ շարժումներով մաքրում իր ձեռքով աճեցրած կանաչեղենը: Թոռնիկներին ժենգյալով հաց է խոստացել և ինչպես ինքն է ասում, հոգ չէ, որ այսօր մենակ է ապրում, կարևորը՝ երեխաներն ապահով և առողջ լինեն:

Այնքա՜ն լավ և այնքա՜ն հուզախառն էին մեր տպավորությունները և այնքա՜ն մեծ էր Խնածախի համայնքում բոլոր խնդիրները լուծված տեսնելու մեր ցանկությունը…

Թող իրականություն դառնան բոլոր այն նպատակներն ու իղձերը, որ ունի յուրաքանչյուր խնածախցի, թող համերաշխությունն ու բարությունը շարունակեն իշխել այս համայնքում…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter