ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
12.06.2019 15:45 |
Ասկերանցիներիս համար հունիսի 12-ը հիշատակի անմոռաց օր է: Օր, որի մասին հիշելով, յուրաքանչյուրը պատվում է անհուն կսկիծով, անդառնալի կորստյան ցավով: 1992-1993 թվականների այդ օրը Ասկերանի գունդը մեծ կորուստներ ունեցավ, բազում քաջորդիների արյամբ ներկվեց հայրենի հողը: Թեև երկար տարիներ են անցել այդ օրերից, սակայն ոչինչ չի մոռացվել, քանզի մենք մեր տղաների արածը գնահատել և նրանց հիշատակը հարգել գիտենք… Հունիսի 12-ին Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշավահանակի մոտ մեծ բազմություն էր հավաքվել: Արցախյան պատերազմի վետերանները՝ Ասկերանի քաղաքապետ, շրջանի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանի գլխավորությամբ հավաքվել էին մեկ մարդու պես: Ուշագրավ էր տեսնել, թե ինչպես էին նրանք տրվել հիշողություններին: Մարտական ընկերներն այսօրվա պես հիշում էին այդ օրերի ամեն մի դրվագը, նրանք սրտի մորմոքով էին մտաբերում նահատակված ընկերներին ու փառք տալիս յուրաքանչյուրին… Հիշատակի միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, շրջանի հասարակական և քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, ազատամարտի վետերաններ, ասկերանցիներ: Միջոցառման մասնակիցներն ուղղվեցին դեպի Ասկերանի մատույցներ, որտեղ այդ օրերին ծավալվել էին ռազմական ծանր գործողություններ: Զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը պատվեց թարմ ծաղիկներով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը: Հուզմունքով էր պարուրված Ասկերանի շրջանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանի խոսքը. -Հիշատակի այս օրը յուրաքանչյուրիս սրտի խորքում իր ուրույն տեղն ունի: Մենք հիշում ենք մեր հերոս ընկերներին և արժևորում նրանց կատարածը, կիսում ենք հարազատների վիշտը և անում ամեն մի հնարավորը, որպեսզի ինչ-որ չափով թեթևացնենք նրանց ցավը: Այստեղ հավաքվածներից շատերս ենք տեղյակ այդ օրերի իրադարձությունների մասին, քաջ գիտենք, թե ինչպես է եղել ամեն ինչ: Մեր երկրի համար քաղաքական այս բարդ շրջանում պետք է լինենք զգոն, զերծ մնանք չմտածված քայլերից: Հիշենք, թե ինչպիսի փառավոր մարտական ուղի ենք անցել և ինչպիսի դժվարություններով այսպիսի հզոր երկիր կերտել… Իսկական հայրենասիրական դաս էր ազատամարտի վետերան Արթուր Հարությունյանի ելույթը: Անթաքույց ափսոսանք և դառնություն կար նրա խոսքում՝ զոհված տղաներին էր հիշել… -Մենք ելանք մահվանն ընդառաջ, արհամարհեցինք թշնամու մեծածավալ ուժերը, հզոր տեխնիկան: Ես չեմ կարող մոռանալ մեր տղաների անվախ և բռնկուն դեմքերը, նրանց վրեժխնդրության ծարավը, որը գերբնական ուժ էր տվել և մղել հերոսական քայլերի: Ավաղ, 1992-1993 թվականների հունիսի 12-ին մենք ունեցանք զոհեր և վիրավորներ, ցավում ենք նրանց թափած ամեն մի կաթիլ արյան համար /ցավոք, պատերազմը միշտ զոհեր է պահանջում, և միշտ չէ, որ ձեռնարկած ռազմական գործողությունները հաղթանակով են ավարտվում/: Թշնամին ցանկանում էր այս հատվածով հասնել մինչև Ստեփանակերտ և Շուշի, սակայն մեր մշակած ռազմագործողություններով մենք կարողացանք ջախջախել հակառակորդին և հետ շպրտել նրան… Այստեղ են Արտավազդ Հակոբյանի դուստրը և թոռնիկը: Ես նայում եմ նրանց և իմ աչքի առաջ Արտավազդն է հառնում, ախր ամեն ինչ իմ աչքի առջև կատարվեց… Պետք է քաջ գիտակցել, որ պատերազմը չի ավարտվել և նենգ թշնամին քնած չէ, նա անընդհատ խոսում է պատերազմի մասին և երազում տիրանալ Արցախին: Մենք ունենք քաջասիրտ երիտասարդ սերունդ, ով ոչնչով չի զիջում մեզ: Այդ է վկայում ապրիլյան պատերազմը: Կոչ եմ անում բոլորին լինել համախմբված, մեր մայրերը, կանայք և քույրերը թող համբերատար լինեն, քանզի հայ կինը միշտ էլ խիզախ և արիասիրտ է եղել: Այս պահին մտաբերեցի և ցանկանում են ձեզ պատմել մի փոքրիկ դրվագ: Ապրիլյան պատերազմն էր և ես, իհարկե, դիրքերում էի՝ տղաների կողքին: Մի քանի ժամով եկա տուն՝ հարազատներիս տեսակցության: Ամենուր վախ ու արցունքներ էին: Հանկարծ մայրս ասաց.-§Որդի՛ս, ինչ էլ լինի, տե՛ս գերի չընկնես¦: Նա չմտածեց, որ արդեն թոռների տեր եմ, մարտական բավական ուղի եմ անցել, նա չմտածեց անգամ ինձ հետ պահել մարտի դաշտից, այլ մղեց մի գնդակ ինձ համար պահելու մտքին: Այո՛, խիզախ ազգ ենք մենք և հպարտանում ենք դրանով… ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը կիսելով զոհվածների հարազատների վիշտը՝ շեշտեց, որ նրանց հիշատակը միշտ անմար է լինելու ապրողների համար: -Միասնության կոչ եմ անում իմ ժողովրդին, քանզի ի հայտ են եկել այնպիսի ուժեր, որոնք ցանկանում են խաթարել մեր միասնությունը: Լավ գիտենք, որ մեր դիմաց թշնամի կա կանգնած, ով ամեն վայրկյան պատրաստ է ոտնձգության: Ուստի, մենք իրավունք չունենք թուլանալու, պառակտվելու և Հայրենիքի պաշտպանությունը պետք է լինի մեր վարած միակ քաղաքականությունը: Այսօր մենք կանգնած ենք մի հողի վրա, որի համար այնքա՜ն մատաղ կյանքեր են զոհվել: Փա՜ռք ու պատիվ նվիրյալներին, փա՜ռք ու պատիվ նրանց հարազատներին,-ասաց Ալյոշա Գաբրիելյանը: Ազատամարտի վետերան Վերա Գասպարյանի հեղինակային բանաստեղծությունը, որ նվիրված էր Արտավազդ Հակոբյանի հիշատակին, կարոտալից հույզեր հաղորդեց ներկաներին: Միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև <<Տանկ>> հուշահամալիր, այնտեղ ևս հարգանքի տուրք մատուցեցին տանկի անձնակազմին՝ Արտավազդ Հակոբյանին, Վաչագան Բաբայանին և Էդուարդ Հարությունյանին: Արդարև, օրվա խորհուրդը յուրաքանչյուրիս մեջ արմատավորվեց ավելի խորը: Համոզված եմ՝ զոհված տղաների հիշատակի առջև մենք լռելյայն երդվեցինք համախմբել մեր բոլոր ուժերն ու նպատակները՝ արդյունքում հզոր և ծաղկուն երկիր ունենալու … Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |