ԿՈՄԻՏԱՍ ԱՐՍԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ |
13.06.2019 09:14 |
Արցախի գրողների միությունը ծանր կորուստ կրեց։ Հունիսի 11-ին կյանքից հեռացավ տաղանդավոր արձակագիր, քաղաքական-հասարակական, մշակութային անխոնջ գործիչ Կոմիտաս Արսենի Դանիելյանը։ Կոմիտաս Դանիելյանը ծնվել է 1947թ. սեպտեմբերի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում։ Միջնակարգից հետո ուսումը շարունակել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, ավարտել 1970թ.։ 1971-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1978թթ. աշխատել է Արցախի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես լրագրող, խմբագիր և ավագ խմբագիր։ 1979-1989-ին խմբագրել է Ասկերանի շրջանի ՙԿարմիր դրոշ՚ (ՙԽաչեն՚) թերթը։ 1990-1992թթ. ՙՀայաստանի Հանրապետություն՚ թերթի սեփական թղթակիցն էր Արցախում։ 1993-94-ին խմբագրել է ԼՂՀ Գերագույն խորհրդի ՙԱրցախ՚ պաշտոնաթերթը, 1995-ին՝ Արցախի գրողների միության ՙԵղիցի լույս՚ ամսաթերթը։ 1995-96թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, աշխատել է ԼՂՀ մշակույթի նախարարության համակարգում։ 2000-2006թթ. խմբագրել է ՙՀայրենյաց պաշտպան՚ թերթը, այնուհետև նրան վստահվել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը։ ԽՍՀՄ գրողների միության անդամ է 1989-ից, իսկ Արցախի գրողների և Հայաստանի գրողների միության անդամ՝ 1994-ից։ Արցախյան ազգային-ազատագրական պայքարին ակտիվորեն մասնակցելու համար արժանացել է ԼՂՀ ՙՎաչագան Բարեպաշտ՚ և ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ մեդալներին։ Որպես գրող և լրագրող` Կ. Դանիելյանը ձեռք է բերել իր ինքնատիպ ձեռագիրը, որը պայնավորված է քաղաքացիական պարտքի խորը գիտակցումով, երկրի ճակատագրի հանդեպ ունեցած ակտիվ դիրքորոշմամբ։ Կ. Դանիելյանը բեղուն արձագիր էր՝ աստվածային շնորհքով, աշխատասիրությամբ, բառի հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումով։ Այդ են վկայում նրա ՙԱնկնիք նամակներ՚, (1981), ՙԵրաշտ տարի՚ (1989), ՙԱրցախն իմ տունն է՚ (1994), ՙԵրկու պատմվածք՚ (1999), ՙԱրցախը՝ չսանձած նժույգ՚ (2006), ՙԴեմ-հանդիման՚ (1996), ՙՃիչ՚ (2004), ՙԱմարասի զանգերը՚ (2006), ՙՊորտալար՚ (2007) և այլ ժողովածուներ։ 2017-ին Երևանում հրատարակվեց Կ. Դանիելյանի ընտիր երկերի երկհատորյակը, որը ջերմորեն ընդունվեց ընթերցողների լայն շրջանակների և անվանի գրականագետների կողմից։ Արցախի գրողների միություն |