ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԿՆԱ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ |
14.06.2019 14:53 |
Հունիսի 13-ին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով ներկայացավ Ասկերանի շրջան և խորհրդակցություն անցկացրեց Ակնա թաղամասում: Ներկա էին ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, գյուղնախարարի տեղակալներ Համլետ Ապրեսյանը, Վիլեն Ավետիսյանը, <<Ջրային տնտեսություն>> ՓԲԸ տնօրեն Վիտալի Դանիելյանը, Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ տնօրեն Արմեն Բախշիյանը, ուժային կառույցների ղեկավարներ, գյուղոլորտի հանրապետական և շրջանային պատասխանատուներ: Գրիգորի Մարտիրոսյանը ողջունելով ներկաներին՝ շեշտեց, որ գյուղատնտեսական աշխատանքների ամենաակտիվ և պատասխանատու ժամանակահատվածն է, բերքահավաքը գտնվում է եռուն շրջանում: Արդեն հայտնի են ցորենի և գարու մթերման գները, որոնք ավելի բարձր են, քան անցած տարի: Հանդիպման հիմնական թեման ոռոգման համակարգի բարելավումն է, որը պետք է ավելի արդյունավետ իրականացվի: Այդ ոլորտում կան խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Բոլոր հողօգտագործողները պետք է կարողանան հավասար չափով ոռոգման ջուր ստանալ: ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը ևս անդրադարձավ տարվա այս պատասխանատու շրջանին: Բացի կարկտավտանգ և հրդեհավտանգ վիճակին, կա նաև ոռոգման խնդիր: Թեև ջրամբարում կա բավարար քանակությամբ ջուր, սակայն ժամանակ առ ժամանակ ոռոգման հետ կապված բողոքներ են բարձրացվում: Պետք է մտածել նաև մշակաբույսերի ոռոգման առաջնահերթության մասին: Գյուղնախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը նշեց, որ 2018 թվականից ոռոգման համակարգը շրջանում իրականացնում է <<Խաչենշին>> ՓԲԸ-ն, որն իր գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ ցուցանիշներ: Սակայն կան նաև խնդիրներ, ջրային համակարգը հին է, յուրաքանչյուր հողօգտագործող ցանկանում է առաջինը օգտվել ջրից և երբեմն խախտվում է սահմանված կարգը: Անհրաժեշտություն կա ճիշտ համակարգել ոռոգումը, առաջնորդվել հերթացուցակով: Գոյություն ունի նաև մարդկային գործոն, որից ևս շատ բան է կախված: Ջրբաշխները պետք է կարողանան աշխատել հողօգտագործողների հետ և պահպանեն իրավական կարգը: Խնդիրներ են նաև հաշվիչների բացակայությունը և ջրի սակագինը: Ներկաները լսեցին <<Խաչենիշին>> ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բախշիյանին, ով ներկայացրեց տիրող իրավիճակը, տվեց պարզաբանումներ: Իհարկե, կան թերություններ, որոնք անհապաղ պետք է վերացվեն, հաշվի առնելով, որ այս մի ամիսը շատ կարևոր է գյուղատնտեսական աշխատանքների համար: Պետնախարարը պատասխանատուներին հանձնարարեց սեղմ ժամկետում կազմել ոռոգման հերթացուցակ՝ այն ներկայացնելով հանրությանը: -Պետք է անել ամեն ինչ, ոռոգումը կազմակերպել այնպես,որպեսզի հողօգտագործները գոհ մնան և կարողանան տեսնել ամբողջ տարվա իրենց կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքը: Մարդիկ տեսնելով ոռոգման օրինական կարգը՝ առանց խոչընդոտի կոռոգեն դաշտերը և բարեխղճորեն կկատարեն վարձավճարների իրենց պարտականությունները,-շեշտեց Գրիգորի Մարտիրոսյանը: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին պարբերական հանդիպումների համար: Առանձնապես ողջունելի է, որ այս անգամ հանդիպում են ազատագրված հայկական տարածքում: Ապա ներկայացրեց օրվա դրությամբ կատարված բերքահավաքի արդյունքները: Շրջանում կատարվել է ցորենի 8024.5 հա և գարու 2658.7 հա ցանքս: 264 հա-ից հնձվել է 494 տոննա ցորեն, 1734.4 հա-ից՝ 3724 տոննա գարի: Շրջվարչակազմի ղեկավարը նշեց, որ շահագրգիռ մարմինների կողմից կարվեն ամեն ինչ, որպեսզի լուծվեն ոռոգման հետ կապված խնդիրները և բերքահավաքն անցնի անկորուստ ու անվտանգ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |