ՀԱՆՈՒՆ ՎԵՀ ԳԱՂԱՓԱՐԻ, ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
14.06.2019 15:12

Հունիս… Ամիս, որ միշտ մեր մեջ արթնացնում է անցյալի ցավեր, չսպիացած վերքեր…Հիշում ենք մեր կրած կորուստների մասին, այնքա՜ն երիտասարդ տղաներ զոհվեցին, այնքա՜ն կանայք այրիացան և երեխաներ որբացան, իսկ քանի՜, քանի՜ մայրեր սևազգեստ դարձան:

Այդ տղաներից մեկն էլ Համլետ Արտյուշայի Ավագյանն էր: Երիտասարդ մի տղա, ով դեռևս չէր հասցրել ընտանիք կազմել, ճաշակել դրա քաղցրությունն ու վայելել հայր լինելու բերկրանքը:

Համլետ Ավագյանը ծնվել է 1972 թվականի հունիսի 6-ին Ասկերանում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի մեքենաշինական տեխնիկումում:

Ավագյանների ընտանիքում ծնվել և դաստիարակվում էր չորս երեխա: Բանվորների այս ընտանիքում մեծ տեղ էին տալիս աշխատասիրությանը, բարությանն ու ընկերասիրությանը: Այդ ամենի հետ մեկտեղ երեխաների մեջ բացահայտ հայրենասիրություն էր նկատվում: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Համլետն իր ավագ եղբոր ՝ Արտուրի հետ մասնակցում էր հանրահավաքներին, գաղտնի ժողովներին:

Չնայած պատանեկան տարիքին՝ Համլետն իրեն մեծավարի էր պահում: Այնքա՜ն բուռն էին նրա ապրումները, վրեժի ծարավը, քանզի լավ գիտեր հայի պատմությունն ու նրա դժվար ճակատագիրը: Համլետը լավ էր գիտակցում, որ Ղարաբաղը օրհասական վիճակում էր հայտնվել և միակ փրկությունը կլինի զենքի միջոցով: Հարազատներից ծածուկ գիշերային հերթապահության էր գնում իր ընկերների հետ, երազում զենք վերցնել:

…Ազատագրական պայքարի եռուն շրջանում՝ 1991 թվականին Համլետ Ավագյանը զորակոչվել էր Խորհրդային բանակ, որի ստորաբաժանումները §Օղակ¦ ռազմագործողությունն էին իրականացնում հայ բնակչության դեմ: Նման պայմաններում հայրենասեր երիտասարդը չէր կարող ծառայել ու համակերպվել իրականության հետ: 1992 թվականի մարտին նա վերադարձավ հայրենիք և անմիջապես կամավորագրվեց Արցախի ազատագրական պայքարին: Սկզբից ծառայության անցավ Ասկերանի վաշտում՝ որպես շարքային զինվոր, այնուհետև, երբ կազմավորվեց տանկային գումարտակը, անդամագրվեց այդ գումարտակին, քանի որ Խորհրդային բանակում անցել էր տանկիստի դասընթացներ:

Դաժան ու ծանր օրեր էին Արցախում: Ասկերանը համարվում էր Ստեփանակերտի դարպասը, իսկ սահմանամերձ գյուղերը՝ այդ դարպասի հենասյուները: Դրանց անառիկության պահպանումը վեր էր ամեն ինչից: Անհավասար մարտեր էին ընթանում: Թշնամին իր կենդանի ուժով և զինտեխնիկայով գերազանցում էր մեզ, սակայն նա չուներ ամենակարևորը՝ հայի անկոտրում և ազատատենչ ոգին:

Համլետը կորցրել էր հանգիստը, նրա մեջ մոլեգնել էր թշնամուն հաղթելու անհագ ծարավը:

Հունիսի 12-ին հակառակորդը լայնածավալ գործողություն սկսեց ռազմաճակատի ողջ երկայնքով: Տանկային գրոհման ենթարկվեց Ասկերան ավանը, թշնամուն հաջողվեց գրավել Ասկերանի 4-րդ պահակակետի մարտական դիրքերը: Ուղտի մեջքի բարձունքներից, որտեղ տեղակայված էին հակառակորդի պահակակետերն ու հրետանին, պարզ տեսանելի է Կարկառի հովտի գրեթե ողջ շրջանը: Այդ բարձունքներից հակառակորդը ինտենսիվ հրետակոծության տակ էր պահում Ասկերանի ազատամարտիկների պաշտպանական բնագծերը, հայկական բնակավայրերը:

Չարաբաստիկ օր էր 1992 թվականի հունիսի 12-ը...

Տղաները հրաման էին ստացել առաջ գնալ: Համլետի տանկի անձնակազմը մի քիչ առաջ շարժվեց և հանկարծակիի եկավ: Թշնամին չորս տեխնիկայով արդեն այնտեղ էր՝ տանկերի փողերն ուղղված դեպի հայկական տանկը: Մեր տանկում երեքով էին` Համլետ Ավագյանը, Աշոտ Սարգսյանը և Արմեն Անտոնյանը: Տղաները խփեցին, սակայն պարզվեց, որ ոսոխը մեկ վայրկյան առաջ էր ընկել… Րոպեների ընթացքում մեր տանկն սկսվեց վառվել: Կրակների միջով  Աշոտը մի կերպ դուրս եկավ, տեսավ, թե ինչպես էր Համլետը  գալարվում կրակների մեջ... Üա դեռ ողջ էր: Նորից բարձրացավ տանկ` տեսնելու, թե ինչպես է Արմենը: Ավա¯ղ, նա անմիջապես էր զոհվել: Աշոտը նորից իջավ տանկից: Համլետն օգնություն էր կանչում:

- Ես նրան հորդորեցի վեր կենալ և մի 100 մետր բերեցի ինձ հետ: Սակայն նա չէր կարողանում ոտքի վրա կանգնած մնալ, իսկ իմ ձեռքերը լիովին այրվել էին, անկարող էի նրան տանել…Մի կերպ հասա Ասկերան և ասացի, որ տղաներն այնտեղ են, օգնություն է պետք: Ինձ հասցրեցին զինվորական հոսպիտալ, այնուհետև երկարատև բուժում ստացա Երևան քաղաքում: Երբ վերադարձա, երկար ժամանակ չէին ուզում ասել, որ Համլետին փրկել չկարողացան: Հետո իմացա… Իմացա նաև, որ այդ օրը զոհվել են Ազատ Յուզբաշյանը, Կարեն Հայրապետյանը, Վալերիկ Մինասյանը: Թշնամին հոշոտել ու խոշտանգել էր նրանց մարմինները, և միայն օրեր անց հանձնել հարազատներին,-պատմում է հրաշքով փրկված Աշոտ Սարգսյանը և նրա աչքերում հայտնված արցունքները շատ բանի մասին էին խոսում:

Զոհվեց 20-ամյա երիտասարդը, անկատար մնացին նրա բոլոր նպատակները, իղձերը: Նրա սրտի անկյունում այնքա՜ն երազանքներ կային, գուցե սիրած աղջիկ ուներ… Ով գիտի…

Համլետի հարազատներն ու ընկերները ծանր տարան նրա կորուստը: Որդեկորույս մայրը սևեր հագավ, իսկ տարիներ հետո դաժան ցավը նրան անդամալույծ դարձրեց: Եղբայրը՝ Արտուրը թևաթափ եղավ, տարիներ շարունակ նրա աչքերից չէր հեռանում եղբոր այրված ու կեղեքված մարմինը: Հաճախակի էինք տեսնում նրան տխուր, շիվար, ինքնասուզված իր մտքերի մեջ: Արտուրը սփոփվեց իր որդուն Համլետի անվամբ կոչելով և այսօր նրա մեջ է տեսնում սիրելի եղբորը, նրա գործի շարունակությունը:

Քույրերը երկար լացեցին անդառնալի կորստի համար, սակայն համակերպվեցին, քանզի իրենց սիրելի Համլետը զոհվել էր հանուն վեհ նպատակի, հանուն Արցախի խաղաղության:

Համլետ Ավագյանը հետմահու պարգևատրվել է §Արիության համար¦ մեդալով:

Այդ օրերից տարիներ են անցել, կյանքը շարունակվում է Ասկերանում՝ իր ուրախ և տխուր օրերով, իր հաջողություններով, նաև՝ ձախողումներով:

Եվ այս տողերը գրելիս, ես պարուրվում եմ մի յուրահատուկ զգացմունքով, որը շաղախված է հպարտությամբ, ջերմությամբ և սիրով: Քանզի տեսնում եմ, թե ինչպես են իմ հարազատ բնօրրանում հիշվում, մեծարվում մեր նվիրյալ տղաները: Ես փառք եմ տալիս իմ ժողովրդին և Բարձրյալից խաղաղություն խնդրում նրա համար: Ðավատում եմ, որ իմ ժողովուրդը միշտ այսպես միասնական, հաղթական և ողջամիտ կլինի, այդ են մեզանից պահանջում մեր նահատակները…

Հավերժ փառք մեր տղաներին, հավերժ փառք հերոսածին մայրերին…

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter