ՀՈՎՍԵՓԱՎԱՆ. ԵՍ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՈՂԻ ՎՐԱ
19.06.2019 15:01

Հունիսի 18-ին Արցախի ժուռնալիստների միությունում տեղի ունեցավ ԱՀ ԱԺ պատգամավոր, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանի §Ես կառուցում եմ իմ հողի վրա¦ երկլեզու (հայերեն, ռուսերեն) գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է Արցախյան շարժման առաջամարտիկներից մեկի՝ Յուրի Ջհանգիրյանի անմար հիշատակին, ով կյանքի գնով ադրբեջանական բնակավայրի դիմաց հիմնեց Հովսեփավանը։

Շնորհանդեսին ներկա էին Արցախի գրողների և

ժուռնալիստների միությունների անդամներ, Յուրի Ջհանգիրյանի հարազատները։

Ողջունելով ներկաներին ԱրԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը շեշտեց Վարդգես Բաղրյանի փաստա-վավերագրական գրքի կարևորությունը, ինչը մեծ հայի կյանքի իրական պատմությունն է և այն չպիտի մոռացության մատնվի, այլև դառնա ներկա և գալիք սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու ուղենիշ։

-Փաստորեն Յուրի Ջհանգիրյանի հայրենասիրական ջիղի շնորհիվ Խոջալուի դեմ-դիմաց հայկական բնակավայր կառուցվեց, ինչը հանդիսացավ պատմական նոր շրջափուլ մտած Արցախի վերածնման գաղափարը,- նշեց Կ. Գաբրիելյանը։

- Այլ էր Յուրի Ջհանգիրյանի նախընտրած ճանապարհը, որը եթե իրագործվեր, գուցե այլ կլիներ մեր ճակատագիրն ու կարգավիճակը,- ասում է Ասկերանի §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, ում լուսանկարները Վարդգես Բաղրյանի գրքի մաս են կազմում։

Հայրենիքի համար օրհասական պահերին ազգիս ծոցից ելնում են այնպիսի նվիրյալներ, ովքեր նույնիսկ իրենց մահ՝ անմահությամբ շարունակում են հայրենասերի, հայրենապահպանի իրենց վեհ առաքելությունը։

-Այն կռիվը, որը մղում էր Յուրի Ջհանգիրյանն իր ընտանիքի անդամների և այն կամավորականների հետ, ովքեր կառուցել և պաշտպանել են Հովսեփավանը և այսօր այն կա՝ դա Արցախի և արցախահայության լինելիության վկայականն է,- նշեց գրքի հեղինակը, հավելելով, որ գրքի միջոցով փորձ է արվել մոռացությունից հանելու մեծ հայի պատմությունը, քանզի եթե մեծահասակներին քաջածանոթ է Յուրի Ջհանգիրյանը, գուցե  երիտասարդ սերնդի համար բացահայտում կլինի մի անձնավորության հերոսական կյանքի ուղին՝ ով բացառիկ կազմակերպչական ջիղի, մարդկային բարձր որակների շնորհիվ և իր հայրենանվեր գործունեությամբ կարողացավ փառավոր էջ գրել մեր նորագույն պատմության մեջ։

Այսօր մեծ համոզվածությամբ կարող ենք փաստել, որ իրականացել է Յուրի Ջհանգիրյանի փափագը, քանզի Հովսեփավանն այսօր 30 տարեկան է, կայացած բոլոր ենթակառուցվածքներով, և որ ամենակարևորն է երախտագետ, հողի ու ջրի նվիրյալ բնակիչներով։ Եվ նրանցից յուրաքանչյուրը քաջատեղյակ է Յուրի Ջհանգիրյանի սխրագործություններին։

Գրքի շնորհանդեսի տրամաբանական շարունակությունը տեղի ունեցավ Յուրի Ջհանգիրյանի հիմնադրած գյուղում՝ Հովսեփավանում, նրա անունը կրող հիմնական դպրոցում։ Չնայած ամառային արձակուրդներին, դպրոցը մարդաշատ էր, այստեղ էին դպրոցականները, ովքեր կազմ ու պատրաստ են միշտ իրենց բարեկամներին և բարերաներին ազգային երգ ու պարով, բարձր տրամադրությամբ հյուրընկալելու։

Միջոցառմանը ներկա էին այնպիսի մարդիկ, որոնց կյանքում Յուրի Ջհանգիրյանը դեռևս կենդանության օրոք հաճախ նաև ճակատագրական դերակատություն է ունեցել։ Այդ էին փաստում Սոկրատ Խանյանի, Արշավիր Գալստյանի, դպրոցի տնօրեն Անահիտ Գրիգորյանի, ուսուցչուհի Մարինե Աղաբալյանի հիշողությունները՝ կապված Յուրի Ջհանգիրյանի հետ։

Հովսեփավանի երկարամյա բնակիչներից Արշավիր Գալստյանին քաջածանոթ  են բոլոր  դժվարություններն ու Յուրի Ջհանգիրյանի ուսած գործի ողջ ծանրությունը։ Եվ գտնում է, որ Հովսեփավանի և Նոր Նորագյուղի հիմնադրումը ժամանակի հրամայական էին, որ կառուցվեցին Խոջալուի դիմաց, քանզի վերջինս Ղարաբաղի սրտին նստած ուռուցքի պես մեծանում էր։   Յուրի Ջհանգիրյանի հետ բավականին բարդ, պատասխանատու և փորձություններով լի ճանապարհ են անցել, քանզի գյուղերն իրենց աշխարհագրական դիրքով պատնեշ հանդիսացան Արցախյան ազատամարտի տարիներին՝ մնալով անառիկ։

-Ուրախ և հպարտ եմ, որ հանդիսանում եմ Յուրի Ջհանգիրյանի կերտած հերոսական պատմության շարունակողներից մեկը։ Դպրոցում մշտապես մատնանշվում է Յուրի Ջհանգիրյանի կատարած գործի կարևորությունը, նույնքան հայրենասիրությամբ համակված սերմանում ենք այն, ինչ մեզ են ժառանգել մեր նախնիները,- շնորհակալություն հայտնելով դպրոցական առօրյան տոնի վերածելու, մշտապես ուշադրության կենտրոնում պահելու  համար նշեց դպրոցի տնօրեն Անահիտ Գրիգորյանը։

-Չնայած գիրքը ծավալով փոքր է, սակայն այնտեղ խտացված երևում են մեր ժողովրդի հերոսությունները, ինչը գալիս է դարերի խորքից, ինչի շնորհիվ հասել ենք ազատության, արժանապատիվ օրվան։ Եվ այսօր խոնարհվում ենք Յուրի Ջհանգիրյանի անմահ անվան առջև, քանզի նրա գրքի շնորհանդեսի շարունակությունը տեղի է ունենում նրա անունը կրող դպրոցում, որտեղ ուսում կստանան բազում սերունդներ՝ ընդմիշտ հիշատակելով Յուրի Ջհանգիրյանի անունը։ Մյուս կողմից, նա պարզապես թշնամուց խլելով այս հողակտորը իր հոր անունով գյուղ է կառուցել, որի մեջ կրկին մեր ժողովրդի հերոսությունն է՝ Յուրի Ջհանգիրյանի խիզախությունը։ Նա այլևս անմահ է, իսկ անմահությունը ժողովրդին մղում է դեպի առաջ,- շնորհավորելով գրքի ծնունդը նշեց գրող, գրականագետ, հրապարակախոս Սոկրատ Խանյանը։

Յուրի Ջհանգիրյանը խիզախ ու անվախ լինելով հանդերձ նաև լավատես էր, չնայած օմոնականները նրան ձերբակալել ու տանում էին դեպի անհայտություն, սակայն նա հանգստորեն հանում է ձեռքի ժամացույցն ու տալով կնոջն ասում՝ Ռոզա պահիր, էսա գալիս եմ... Սակայն նրա գալն այլևս մեծ իղձ ու փափագ պիտի դառնար ազգի ցավով տառապող յուրաքանչուրի համար, իսկ Յուրի Ջհանգիրյանի՝ ինքնաբավ գյուղ կառուցելու մտադրությունն անկատար երազանք...

-Գյուղում բավականին երիտասարդներ կան, ովքեր իրենց ապագան կապում են Հովսեփավանի հետ։ Ուղղակի այսօր յուրաքանչյուր երիտասարդի հիմնական խնդիրը բնակարանային պայմաններն են, որի առկայության դեպքում գյուղում աննախադեպ աճ կգրանցվի,- ասում է համայնքի ղեկավար Խաչատուր Պետրոսյանը, ով տարիներ շարունակ նվիրված էր նախ Հովսեփավանի պաշտպանությանը, ապա նաև զարգացմանն ու բարգավաճմանը։

-Հորս կառուցած գյուղը շեն ու բարգավաճ տեսնելը  մեր ամենամեծ ու նվիրական երազանքն է։ Ինչպիսին էլ լինի մեր աջակցությունը, միևնույն է, եթե չլինի պետական հոգածություն չէինք կարողանա հասնել այսպիսի հաջողությունների։ Ինչի համար ես երախտապարտ եմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, Վարդգես Բաղրյանին՝ գրքի համար, ինչը կենդանի օրինակ է Հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո և նվիրվածության, ուղենիշ՝ երիտասարդ սերնդի համար։ Վարդգես Բաղրյանը հանդիսանանլով մեր ընտանիքի մտերիմ բարեկամը սիրով համաձայնել է, որպեսզի միասին բարի ու գեղեցիկ գիրք լույս աշխարհ բերենք՝ երիտասարդ սերնդի համար, նախ և առաջ հորս ժառանգների համար, որպեսզի նրանք տեղեկացված լինեն, ինչպիսի զոհողությունների գնով է կառուցվել Հովսեփավանը։ Դպրոցում միշտ բարձր հիմքերի վրա է պահվում սերունդների կրթության և հայեցի դաստիարակության գործը։ Եվ այսօր, երբ հարցրեցի՝ գիտեն, արդյոք, ո՞ւմ մասին է գիրքը հարցին ի պատասխան լսելով՝ §Յուրի պապիկի¦ պատասխանը, սիրտս փառավորվել է։ Քանզի գիտակցումը, որ դպրոցում հորս որպես պապիկ են ընդունում, վեր է ամեն ինչից։  Իսկ առանց Վալերի Պետրոսյանի լուսանկարների գիրքն ուղղակի թերի կլիներ, քանզի լուսանկարներն ինքնին խոսուն փաստեր են։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ, ովքեր վառ են պահում հորս հիշատակը, քանզի քանի կենդանի է հիշողությունը՝ կենդանի է մարդը,- ասաց Յու. Ջհանգիրյանի դուստր Էլմիրան։

Ավանդույթին հավատարիմ, այս անգամ ևս Էլմիրան դատարկաձեռն չէր եկել։ Դպրոցին ժամանակակից բարձրախոս էր բերել, ինչպես նաև հոր անձնական իրերից, նրա մասին տարբեր ժամանակներում թերթերում տպագրված նյութեր։

-Առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ եմ հանձնում ձեզ այս նամակի բնագիրը, որտեղ հայրս, չնայած գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, դարձյալ կոչ էր անում օտար ափերում տարագիր բարեկամներին, հայերին վերադառնալ, շենացնել Հայրենիքը, քանզի օտար հողը երբեք այնպես չի ջերմացնի մարդու հոգին, ինչպես որ Հայրենիքը։

Այդպիսին էր Յուրի Ջհանգիրյանը, ով մահվան ճիրաններում անգամ մտածում էր Հայրենիքին օգտակար լինելու մասին։ Այդպիսին էլ կմնա երախտագետ սերունդների հիշողություններում...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter