Ի ՇԱՀ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ… |
20.06.2019 17:31 |
Օրերս Երևանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, խորհրդական, ուսումնասիրող Մայա Բարխուդարյանի և ԱՀ ԿԳՍ նախարարի խորհրդական Իրինա Գրիգորյանի ուղեկցությամբ Ասկերանի շրջանում էին: Այցելության նպատակն արցախցի կանանց խնդիրներն ու նրանց մտահոգող հարցերն էին, որոնք, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում քիչ չեն: Կլոր սեղանի շուրջ հավաքվել էին Ասկերանից, Խնապատից, Իվանյանից և Նորագյուղից հրավիրված կանայք: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արտակ Կիրակոսյանը և մանրամասն ներկայացրեց այսօրինակ միջոցառումների կարևոր դերն ու նշանակությունը: << Իհարկե, Հայաստանում և Արցախում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերվում են կանանց: Տարիներ շարունակ աշխատել ենք Հայաստանի սահմանամերձ գյուղերում, իրականացրել ենք տարբեր ծրագրեր: Շատ գյուղերում կանայք և տղամարդիկ հնարավորություն չունեն համատեղ աշխատելու, ազատ ու անկեղծ շփվելու և ինչ-որ մի նպատակ իրագործելու համար: Անշուշտ, կանանց ուսերին են տան բոլոր գործերը և նրանք հարմարվել ու ապրում են այդ նշանաբանով: Կանանց համար սոցիալական հնարավորություններ են պետք: Կարևորը ցանկությունն է և ինչ-որ գործ անելը: Մեր ծրագիրը նպատակ ունի կանանց հետ աշխատանքներ սկսել, օգնել նրանց, որպեսզի կարողանան իրենց դրսևորել տարբեր բնագավառներում, կայունանան և ցույց տան, որ կարող են հաջողությունների հասնել: Մենք եկել ենք Արցախ, որպեսզի լսենք ձեր կարծիքները և հույս ունենք, որ կլինեք անկաշկանդ ու կներկայացնեք առկա խնդիրները>>,-ասաց Արտակ Կիրակոսյանը: Թոշակառու Սվետլանա Ասրյանը ողջունեց և կարևոր համարեց նման հանդիպումները: Նա շեշտեց, որ արցախցի կանայք շատ աշխատասեր են և անում են ամեն ինչ, որպեսզի նեցուկ լինեն իրենց ամուսիններին: Հիմնական աշխատանքին զուգահեռ՝ մեր կանայք աշխատում են նաև բանջարանոցներում, այգիներում, սակայն կանգ են առնում բերքի իրացման խնդրի առջև: Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը խոսեց դպրոցին կից տարրական դպրոց բացելու մասին, որտեղ կհաճախեն ավելի շնորհալի և օժտված երեխաներ, կդասավանդեն արժանի ուսուցիչներ: Նույն դպրոցի դասվար Միրա Հայրապետյանը, ով դասերից հետո զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, շեշտեց լողավազանի, սպորտային տարբեր սարքավորումների կարևորության մասին, որոնք, ցավոք սրտի, համայնքներում բացակայում են: Տարիքի և ծանր աշխատանքի հետ մարդու առողջությունը սկսում է կաղել և սպորտով զբաղվելն առաջնահերթ է դառնում: Անհատ ձեռներեց Ռուզաննա Գաբրիելյանը ցանկություն ուներ ընդլայնել իր բիզնեսը, բացել նաև կարի արտադրամաս, այդ ձևով կարող է աշխատանքով ապահովել նաև չաշխատող տնային տնտեսուհիների: ԱՀ ԿԳՍ նախարարի խորհրդական Իրինա Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ պետք է համախմբվել, կազմել ինչ-որ ծրագիր և մտածել, թե ինչպես իրագործել դա: -Անչափ կարևոր են այս տեսակ շփումները, միասին կարող ենք բազմաթիվ հարցեր իրականացնել: Կարևորն սկսելն է և կարծում եմ՝ մի փոքր աջակցությունից հետո, մեր կանայք ի վիճակի են հաղթահարել ամեն ինչ և իրականացնել ցանկացած նպատակ,-շեշտեց Իրինա Գրիգորյանը: Զրույցը կլոր սեղանի շուրջ անցավ հաճելի, անկեղծ և ազատ մթնոլորտում: Կանայք խոսեցին իրենց դարդ ու ցավերից, խնդիրներից և նպատակներից, որոնք մտածում էին իրականություն դարձնել: Արտակ Կիրակոսյանն առաջարկեց հավաքագրել բոլոր հարցերը՝ հետագայում դրանց լուծում տալու համար: Նա շեշտեց, որ այս հանդիպումները, որոնք կանանց ծրագրերի իրականացման նպատակ ունեն, կլինեն շարունակական: Ապա հյուրերն այցելեցին Իվանյանի մշակույթի տուն, տեսնելու, թե ինչպիսի խնդիրներ կան երիտասարդության ազատ ժամանցն իրականացնելու համար, որի մասին ներկայացրել էր մշակույթի տան տնօրեն Մելանյա Կարապետյանը: Հուսանք, որ Ասկերանի շրջանում կիրագործվեն նպատակային ծրագրեր, որոնք միտված կլինեն ի շահ մեր ժողովրդի բարօրության… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |