ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ |
26.06.2019 17:08 |
Հունիսի 26-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը՝ շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչների, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, համայնքների ղեկավարների և քարտուղարների մասնակցությամբ։ Նիստի աշխատանքներին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրար Միրզոյանը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Ներկայացնելով նիստի օրակարգը՝ վարչակազմի ղեկավարը նշեց, որ չնայած գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ ժամանակաշրջանին՝ որոշվեց նիստ անցկացնել, դրանով իսկ բերքահավաքի եռուն ժամանակշրջանում ի հայտ եկած թերությունների ու բացթողումների, առկա հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու, և դրանք լուծելու ուղղությամբ համատեղ ուղներ փնտրելու համար։ Օրակարգի առաջին հարցը շրջանի հանրակրթական հաստատություններում ռազմահայրենասիրական, բանակ-դպրոց-հասարակություն կապի ամրապնդման դրվածքի մասին էր, որի մասին տեղեկանք ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։ Շրջանի դպրոցներում բարձր հիմքերի վրա են դրված դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որոնք ամրագրվում են դպրոցներում հաճախակի կազմակերպվող դաս-միջոցառումներով, հերոսապատում՝ հուշ-ցերեկույթներով՝ շեֆ-զորամասերի զինվորների ընդգրկմամբ, դպրոցականների՝ զորամասեր այցելություններով, դպրոցներում տեղի ունեցող միջոցառումներում զինվորների ակտիվ մասնակցությամբ։ Այս միջոցառումների և ՆԶՊ դասընթացների ընթացքում ձեռքբերված գիտելիքների ու կարողությունների ստուգման յուրօրինակ ձև է հանդիսանում ՙԱրծվիկ՚ ռազմահայրենասիրական առաջնությունը, որի հանրապետական փուլում մեր շրջանը ներկայացնող Իվանյանի դպրոցը զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։ Կ. Մայիլյանը մանրամասն ներկայացրեց ուսումնական ծրագրով նախատեսվող և անցկացվող միջոցառումները, որոնք նպաստում են բանակ-դպրոց-հասարակություն կապի ամրապնդմանը և այդ վեհ գաղափարի գիտակցումով շրջանի հանրակրթական հաստատությունների զինղեկների կատարած նվիրված աշխատանքը։ Նիստում շրջանում սոցիալական աջակցության դրվածքի մասին տեղեկանքով հանդես եկավ գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը։ Ինչպես նշեց Է. Աղաջանյանը, ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ սոցիալական աջակցության բաժնում շրջանի բնակչության սոցիալական առանձին խմբերին տրամադրվող աջակցությունը կազմել է ավելի քան 15 մլն դրամ, որոնք իրականցվում են ԱՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն։ -Հաշվետու ժամանակաշրջանում շրջանի 4 և ավելի երեխա ունեցող 168 ընտանիքի հատկացվել է բնաիրային օգնություն՝ մթերքների տեսքով։ Հաշմանդամության կենսաթոշակ ստացող 1 քաղաքացու տրամադրվել է պրոթեզա-օրթոպեդիկ պարագա՝ թիկնասայլակ, 4 միայնակ ծերերի՝ ստեղծված անձնական գործերի հիման վրա տեղավորել ենք Ստեփանակերտի սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնում։ Իսկ լսողական խնդիրներ ունեցող 63 քաղաքացիներ բարեգործական հիմունքներով առաջիկայում կստանան լսողական սարքեր,- նշեց Է. Աղաջանյանը՝ հավելելով, որ առաջիկայում ևս գործակալության կողմից կձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները՝ ուղղված հետագա աշխատանքների արդյունավետության էլ ավելի բարձրացմանը։ Օրակարգի հաջորդ հարցը Ասկերանի Գ. Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի 2019 թվականին կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին էր, որի մասին ներկաներին տեղեկություն հաղորդեց տնօրեն Նունե Կարապետյանը։ Գրադարանում, տարվա կտրվածքով միջոցառումների պակաս չի զգացում, քանզի բարձր հիմքերի վրա է շրջանի մշակութային օջախների հետ փոխշահավետ համագործակցությունը։ Սակայն գրադարան այցելողների թվաքանակի աճ գրեթե չի նկատվում։ Խնդիրը ոչ միայն գրադարանինն է, այլև բոլորինս, քանզի անթույլատրելի է աստիաճանաբար համատարած հեռացումը գրքից։ Ն. Կարապետյանը ուրախությամբ նշեց, որ վերջերս գրադարանը ՙԱպագա սերունդների հիմնադրամի՚ կողմից մեծ պարգևի է արժանացել, ինչի համար երախտագիտություն հայտնեց հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցին՝ գրադարանն անհրաժեշտ գույքով և համակարգչային տեխնիկայով զինելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանին՝ հիշյալ աշխատանքներում միջնորդելու համար։ Վարչակազմի ղեկավարը օրակարգային հարցերի շուրջ դիտարկումներ անելուց զատ նաև հորդորեց բաժինների վարիչներին առկա ձեռքբերումների կողքին մատնանշել նաև թերությունները, դրանով իսկ նպաստելով ոլորտներում դրական տեղաշարժեր արձանագրելուն։ Վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը տեղեկություններ ներկայացրեց բերքահավաքի ընթացքի մասին, որոնք անցնում են անկորուստ և ժամանակին, բերքի իրացման խնդիրներ չկան, տեխնիկայի պակաս՝ նույնպես։ Ներկայում, բերքահավաքի աշխատանքներ են ընթանում շրջանի ներքին գոտիներում, մոտ օրերս բերքահավաքի աշխատանքները կսկսվեն նաև վերին գոտիներում։ Առայժմ հնարավոր է եղել զերծ մնալ հրդեհների բռնկումներից։ Անդրադառնալով գարնանացանին, Ա. Ղուլյանը նշեց, որ ցանքատարածությունները գտնվում են անմխիթար վիճակում, ինչը, ըստ գյուղբաժնի վարիչի, ջրային պաշարների ոչ ճշգրիտ հաշվառման արդյունք են։ Հակառակն է փաստում գյուղնախարար Ժիրար Միրզոյանը. գարնանացանի տակ ցանված 6000հա ցանքատարածությունները չպետք է ոռոգման ջրի խնդիր ունենան, քանի որ մինչ այդ կառավարության հետ համատեղ կատարվել է մոնիտորինգ, հաշվառվել են ջրային պաշարները, որոնք ըստ գյուղնախարարի բերած փաստացի տվյալների պետք է լիովին բավարարեն առկա պահանջարկները։ Ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար Հ. Ղահրամանյանն առաջարկեց գյուղբաժնի վարիչին և ՙԽաչենշին՚ ՓԲ ընկերության տնօրենին համատեղ քննարկել և առաջարկություն ներկայացնել շրջվարչակազմի ղեկավարին։ Գյուղնախարարը մանրամասն ներկայացրեց գյուղոլորտում կատարվող բարեփոխումները, Արցախում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը, բերքահավաքի ժամանակաշրջանում հրդեհականխարգելիչ միջոցառումների, բնական աղետներից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելուն, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, գյուղոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ մթերարտադրությամբ զբաղվողներին պետական աջակցություն ցուցաբերելու ծրագրերից։ Ժ. Միրզոյանը պատասխանեց համայնքների ղեկավարների մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին ոռոգման ջրին, բնական աղետներին և մի շարք այլ հարցերի։ Գյուղնախարարն իրավասության սահմաններում տվեց սպառիչ պատասխաններ և մանրակրկիտ պարզաբանումներ։ Նիստի աշխատանքի ավարտից հետո ԱՀ ԱՍՀՎՆ նախարարության սոցապահովության պետական գործակալության կենսաթոշակային ապահովության վերլուծության բաժնի պետ Մարգարիտա Սևումյանը ներկայացրեց ընթացիկ տարվա հուլիսի 1-ից հանրապետությունում ներդվող կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին ԱՀ ԱԺ ընդունված օրենքն՝ իր բոլոր նրբություններով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|