ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ 16-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ |
27.06.2019 17:29 |
Հունիսի 27-ին Ասկերանի ՀԱ ընկերակցության մանկապարտեզում հրաժեշտի ցերեկույթ էր։ Մանկապարտեզի 16-րդ թողարկումը հրաժեշտ է տալիս հարազատ դարձած օջախին՝ որտեղ նրանք առաջին անգամ հաղորդակից են դարձել զարմանահրաշ երկիր մոլորակի առաղծվածային գեղեցկությանն ու հրաշալիքներին, ձեռք բերել առաջին ընկերներին։ Իսկ այսօր հրաժեշտ են տալիս՝ նոր կրթօջախ ոտք դնելու , նորանոր բաներ սովորելու... Ողջունելով սանիկների հարազատներին՝ դաստիարակ Իննա Հարությունյանը հուզմունքով նշեց, որ սա, արդեն իր 6-րդ թողարկումն է, և ամեն անգամ դեպի ուսումնառության նոր փուլ ճանապարհելով փոքրիկներին հուզմունքով է լցվում, միաժամանակ, հույսեր փայփայում, որ նրանցից յուրաքանչյուրն իր արժանի տեղը կգտնի կյանքում։ Գեղեցիկ և օրվան համահունչ զարդարված դահլիճը, դեպի մանկական անհոգ մոլորակ տանող երգն ինքնին տրամադրող էր և խոստումնալից միջոցառման մասին էր ակնարկում։ Դահլիճի կենտրոնում ծաղկի մեջ թաքնված աղջնակն ազդարարում է միջոցառման սկիզբն ու արտահայտում բոլոր երեխաների և համայն մարդկության փափագը՝ բոլորն աշխարհ են գալիս ուրախ և խաղաղ կյանքով ապրելու համար։ Երեխաների արտասանությունները սիրելի մանկապարտեզի, ծնողների, մայր լեզվի, Արցախ աշխարհի, նրանց նվիրական երազանքների մասին էին՝ Մենք ուզում ենք, որ աշխարհում Բարին միայն թագավորի։ Մենք ուզում ենք, որ աշխարհում Խաղաղությունը թևածի։ Սա է մանուկների արդարացի պահանջը՝ աչքի լույսի պես պահել, պահպանել ամբողջ աշխարհի խաղաղությունը։ Անկասկած երեխաներն այս տարիների ընթացքում շատ բաներ են սովորել մանկապարտեզում՝ հաշվել, արտասանել, երգել, պարել, և, որ ամենակարևորն է, ճանաչել հարազատ Հայրենիքը՝ Արցախ աշխարհը, լինել նրա նվիրյալ զինվորիկն ու ապագան կերտողը։ Այդ են թերևս վկայում երեխաների հայրենասիրական երգերն ու պարերը։ 18 տղա և 18 աղջիկ պատրաստ են ոտք դնել դպրոցի շեմին, նրանք ոչ միայն երգեցին ու պարեցին, այլև վարպետորեն ներկայացում ցուցադրեցին, իրենց շնորհակալույթունը հայտնեցին, սիրելի դաստիարակներին, խոհարարին, բուժքրոջը, տնօրենին, ամրակուռ կառույցի ողջ անձնակազմին, իսկ ՙԱրցախ դու մեր տուն...ՙ երգի ներքո երեխաները շուրջպար բռնեցին՝ ազդարարելով կայացած հանդեսի ավարտը։ Մանուկների շատ սիրելի Իննա և Մարո քույրերն այսօրվա պես հիշում են, թե ինչպես են երեխաներն առաջին անգամ ոտք դրել մանկապարտեզի շեմին, ինչպիսի՜ անվստահ քայլերով, երկյուղածությամբ, իսկ այժմ նրանց հստակ խոսքն ու երգը երջանկացնում է ծնողներին, հպարտություն պարգևում մանկապարտեզի ողջ անձնակազմին։ Չէ որ յուրաքանչյուր երեխայի հետագա ճակատագրի կերտման գործում մեծ է ոչ միայն ընտանիքի, այլև մանկապարտեզի դերն ու նշանակությունը։ Ուստի ծնողների և մանկապարտեզի աշխատակազմի փոխհամագործակցությունը պետք է փոխշահավետ լինի և ուղղված ի շահ երեխաների բարօրության։ Երեխաներին և ծնողներին նշանակալից օրվա առթիվ շնորհավորեց մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը։ Նա մաղթեց, որպեսզի Աստծո աջը միշտ հովանի լինի շնորհաշատ մանուկներին, որպեսզի լինեն հայ ազգի հայրենանվեր զավակների արժանի հետնորդները։ Միաժամանակ հորդորեց երեխաներին ուր էլ լինեն, ուր էլ գնան, երբեք չմոռանան տունը, ընտանիքն ու Հայրենիքը։ Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները, մանկապարտեզի կոլեկտիվը երբեք չի մոռանում իր բարերարներին, որոնց շնորհիվ այսօր Ասկերանում գործում է մանկապարտեզ, և որի հարկի տակ իրենց անհոգ մանկությունն են անցկացնում տասնյակ մանուկներ։ Մանկապարտեզի տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին, Բասմաջյանների ընտանիքին, Կանադայի և Ամերիկայի ՀԱ ընկերակցություններին, որոնց բարեգործությունների շնորհիվ գործում է մանկապարտեզը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի ողջ անձնակազմին՝ անմնացորդ նվիրվածությամբ աշխատելու համար, իսկ օրվա կապակցությամբ դաստիարակ Իննա քույրին և դաստիարակ Մարո քույրին երախտագիտություն հայտնեց՝ մանուկների օրն իսկական տոնի վերածելու, նրանց խինդ ու ծիծաղ պարգևելու համար։ Վերջում երեխաներին բաժանվեցին բարերարների կողմից տրամադրված դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով, ինչն արդեն ավանդական բնույթ է կրում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|