ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150 - ԱՄՅԱԿԻՆ
03.07.2019 18:01

Հուլիսի 3-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնում կազմակերպվեց ասմունքի համահայկական 8-րդ փառատոնը: Ասմունքի մրցույթը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Մրցույթին ներկայացել էին Նորագյուղի , Խաչմաչի, Այգեստանի, Աստղաշենի, Խաչենի, Սարուշենի, Իվանյանի միջնակարգ դպրոցների աշակերտները, ովքեր

փառատոնին մասնակցելու համար նախապատրաստել էին երկուական ստեղծագործություն:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Շամիրյանը ողջունելով ներկաներին և կարևորելով միջոցառման խորհուրդը՝ շեշտեց, որ Հովհաննես Թումանյանն այն բանաստեղծն ու Մեծ հայն է, ում ստեղծագործություններով դաստիարակվել են բազում սերունդներ:

<<Տարին թումանյանական է, և պատահական չէ, որ այս մրցույթը նվիրված է նրա 150-ամյակին:

Սիրելի՛ աշակերտներ, ձեզանից ակնկալում ենք գեղեցիկ և ուշագրավ ելույթներ, քանզի ուրիշ կերպ հնարավոր չէ Թումանյանին ներկայացնել: Հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու հանրապետական փուլին, որը կկայանա Շուշի քաղաքում: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում>>,-ասաց Գայանե Շամիրյանը:

Մրցույթն անցկացվեց տարիքային երկու խմբով, ընդգրկված էին 9-13 և 14-17 տարեկան աշակերտներ:

Յուրաքանչյուր մասնակից յուրովի էր պատկերացնում Թումանյանին և աշխատում անթերի արտասանել նրա ստեղծագործությունները: Այնքա՜ն հույզեր և այնքա՜ն ապրումներ կային աշակերտների ելույթների մեջ: Շատերի մոտ ակնհայտ էր գեղեցիկ և արտահայտիչ արտասանելու տաղանդը, որն իրենց ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն էր նաև:

Մրցութային հանձնաժողովի գնահատականներով 1-ին տարիքային խմբից հաղթողներ ճանաչվեցին Նորագյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Բաբայանը, Սարուշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Բենիամին Հայրապետյանը, Աստղաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիա Ավանեսյանը, իսկ 2-րդ տարիքային խմբից՝ Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիա Սարուխանյանը և Իվանյանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ծովինար Բաբայանը:

Նշենք, որ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Աղաբաբյանը, Այգեստանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Շումանյանը և Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Մարտիրոսյանը, ովքեր իրենց պարտականությունները կատարեցին ազնիվ և անկողմնակալ սկզբունքներով:

Դե ինչ, հուսանք, որ ասմունքի հանրապետական փուլում մեր աշակերտները բարձր կպահեն շրջանի անունը և կգրավեն մրցանակային տեղեր: Մաղթենք նրանց հաջողություններ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter