ԶՈՐԱԿՈՉԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
08.07.2019 12:44

Հուլիսի 8-ին Ասկերանի մշակույթի տանը բակում հանդիսավոր արարողություն էր: Երգ ու երաժշտության ներքո շրջանի 29 նորակոչիկներ պատրաստվում էին համալրելու ԱՀ ՊԲ շարքերը: Հավաքվել էին նրանց հարազատները, ընկերները, հավաքվել էին՝ հպարտության վեհ զգացումներով, որոնք շաղախված էին նաև հուզմունքով ու կարոտով: Զորակոչիկների հարազատները վստահ էին, որ իրենց տղաները մեծ պատասխանատվությամբ են կատարելու հայրենիքի հանդեպ պարտքը, քանզի թե՛ ընտանիքներում և թե՛ դպրոցներում ստացել են հայեցի դաստիարակություն: Նրանց մեջ սերմանվել է սեր, նվիրվածություն դեպի հայրենի հողը, ամուր հիմքերի վրա է դրվել ռազմահայրենասիրական ոգին:

Նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, Ասկերանի շրջանը սպասարկող հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Արցախյան ազատամարտի վետերաններ:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի զինկոմ Արծվիկ Գաբրիելյանը.

-Ամառային այս օրը մի առանձին խորհուրդ ունի բոլորիս համար: Այս գեղեցիկ և համեստ պատանիները մի նոր անվանում ունեն՝ նորակոչիկ: Նրանք պարտավոր են հպարտությամբ կրել այդ անվանումը և ձգտել արդարացնել այն: Զինվորական ծառայությունը նրանց առնական և կամային կդարձնի ու երկու տարի հետո նրանք տուն կվերադառնան ինքնավստահ և ուժեղ, ավելի խելացի և գիտակից: Այսօրվանից նրանց համար նոր կյանք է սկսվում, եկել է պահը, որպեսզի մեր տղաները ցույց տան, թե ինչքան են նվիրված հայրենիքին:

Պատվով կատարեք ձեր պարտքը, ականջալուր եղեք ավագների խոսքին, հպարտորեն կրեք Արցախի զինվորի կոչումը և հավատացեք՝ Աստված միշտ ձեզ հետ կլինի…

Բարի ճանապարհ ու  բարի վերադարձ, թող երկինքը ձեր գլխավերևում միշտ անամպ լինի և խաղաղության աղավնիները սավառնեն Հայոց երկնակամարում…

 Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի սրտի խոսքը հուզմունքով էր պատված.

- Ամեն անգամ ձեզ հանդիպելիս՝ հպարտություն եմ զգում։ Այս անգամ հպարտությանս ավելացել է նաև հուզմունքս, քանի որ այս հանդիպումն առանձնահատուկ է և իր խորհուրդն ունի: Դուք գնում եք համալրելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերն ու փոխարինելու այն տղաներին, ովքեր արդեն կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և համբերությամբ սպասում են ձեզ:

Մեկնելով ծառայության՝ դուք գիտակցված հայրենասիրական ու ազգանվեր քայլ եք կատարում։ 
Այսօրը ամենահիշարժանն է լինելու ձեր կենսագրության մեջ, դուք դա երբեք չեք մոռանա, որովհետև սա առաջին երկարատև բաժանումն է լինելու ձեր հարազատներից: Դուք գնում եք ծառայելու հայրենիքին, պահպանելու մեր պապերի ու ծնողների արյունով ազատագրված հայրենիքի սահմաններն ու փխրուն խաղաղությունը։

Հարգելի ծնողներ, շնորհակալություն ձեզ այսպիսի տղաներ ծնելու, մեծացնելու և դաստիարակելու համար։ Համբերությամբ զինվենք և ծառայության ընթացքում սատարենք, ուղղորդենք ու աջակցենք նրանց մեր խորհուրդներով:

Նորակոչիկներին շնորհավորեցին և բարի ճանապարհ մաղթեցին Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը և Ասկերանի ՄԵ կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը:

Նրանք բարի ծառայություն մաղթեցին տղաներին ՝ հորդորելով միշտ լինել զգոն, կարգապահ, խիզախ:

-Որպես մայր, բոլոր մայրերի անունից ամեն օր կաղոթեմ ձեր անվտանգության և առողջության համար: Իմացե՛ք, մենք սրտատրոփ սպասելու ենք ձեր վերադարձին: Համոզված ենք, որ դուք բարձր կպահեք բոլորիս անունները և մեր երկրի համար կդառնաք վստահելի և քաջարի զինվորներ,- շեշտեց Ռոմելա Գրիգորյանը:

Միջոցառմանն ուղղորդող երաժշտությունը մի առանձին շուք էր հաղորդում և բարձրացնում ներկաների տրամադրությունը:

Անշուշտ, հուզված էին բոլորը, առանձնապես՝ տղաների մայրերը: Նրանք արտասվաթոր աչքերով նայում էին իրենց որդիներին և անձայն աղոթք մրմնջում նրանց համար, իսկ տղաները վստահորեն գրկել էին մայրերին, կատակում և ցանկանում էին ուժ հաղորդել նրանց: Ընդամենը երկու տարի հետո տուն են վերադառնալու, իսկ հիմա իրենց կյանքի գլխավոր պահն է, պարտականություններ ունեն կատարելու…

Բարի ծառայություն և բարի վերադարձ, տղանե՛ր…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter