ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՇՐՋԱՆԸ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ |
11.07.2019 12:33 |
Ասկերանի շրջանում ընթացքի մեջ են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանից տեղեկացանք, որ 2019թ. բերքի տակ շրջանի համայնքներում և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում կատարվել է 13631.4հա հացահատիկային մշակաբույսերի ցանքս, այդ թվում 8024.5հա ցորեն, 2658.7հա գարի, 542.4հա հաճար, 628.4հա հնդկացորեն, 1777.4հա եգիպտացորեն։ Ի տարբերություն նախորդ տարիների ցանքատարածությունները բավականին ավելացել են, հատկապես համայնքներում։ Գարնանացան մշակաբույսերի ցանքսերը շրջանի համայնքներում և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում կազմել են 3039.4հա։ Հուլիսի 11-ի դրությամբ շրջանում կատարվել է 6118.1հա ցորենի, 2453.3հա գարու և 61հա հնդկացորենի հունձ։ Ցորենի միջին բերքատվությունը շրջանում կազմում է 20.5ց/հա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զիջում է 0.8ց/հա-ով, գարու և հնդկացորենի միջին բերքատվությունը համապատասխանաբար կազմում է 18.5ց/հա և 5.1ց/հա։ Չնայած դեռևս վաղ է բերքատվության վերջնական արդյունքներ հրապարակելու համար, այնուամենայնիվ, ըստ ամենայնի, դրանք փոքր-ինչ զիջելու են նախորդ տարվա ցուցանիշները, ինչը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանք է։ Այս տարի ևս հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները բավականին տուժել են տեղացած հորդառատ անձրևներից ու կարկուտից։ Իսկ վերջին ժամանակաշրջանում դրանց ավելացել են նաև հրդեհները։ Շրջանի գյուղոլորտի պատասխանատուները սահմանված կարգով ակտավորել են բնական աղետների հետևանքով տուժած տարածքները, ներկայացրել համապատասխան մարմիններին։ Ընդհանուր առմամբ, բնական աղետներից տուժած ցանքատարածքների թիվը շրջանում կազմում է 37.7հա, հիմնական վնասը հասցվել է Նորագյուղի համայնքին, որտեղ այրվել է 34.5հա ցորենի ցանքատարածություն, հրդեհի պատճառով վնասվել են պտղատու այգիներ, ջերմոցներ։ Հաշվարկված վնասը կազմել է 9164650 դրամ։ Ինչպես տեղեկացրեց գյուղբաժնի մասնագետ Գագիկ Գաբրիելյանը, կառավարության համապատասխան որոշման համաձայն 2018 թվականին կատարվել է 763.22հա հացահատիկային մշակաբույսերին և 1270քառ.մետր ջերմոցային տնտեսություններին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցում՝ դրամական աջակցություն, որը կազմել է շուրջ 37 միլիոն դրամ։ Մեկ այլ որոշմամբ հողի հարկից և վարձավճարից ազատվել են բնական աղետների պատճառով 50-100% նյութական վնաս կրած 1165.42 հա ցանքատարածություններ՝ 7044658 դրամ գումարի չափով։ Բերքահավաքի աշխատանքներին մասնակցելու համար շրջանում գրանցվել է 51 հացահատիկահավաք կոմբայն, որոնցից 16-ը գերմանական է։ Բերքն անկորուստ տեղափոխման աշխատանքները կազմակերպելու համար առկա է 90 հերկի տրակտոր և 126 թափքով մեքենա, որոնք բավարար են պահանջարկը բավարարելու համար։ Բերքի իրացման խնդիր շրջանը ևս չունի։ Ի տարբերություն հանրապետության մյուս շրջանների, Ասկերանի շրջանը բերքատվության տեսանկյունից այս տարի ևս առաջատար է։ Գյուղբաժնի վարիչի խոսքերով ներկա դրությամբ բերքատվության ցուցանիշները բավարար են, թե ինչպիսին կլինեն վերջնական արդյունքները՝ հայտնի կլինի բերքահավաքն ամբողջությամբ ավարտելուց հետո։ Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը ժամանակին, առանց կորստի և կազմակերպված անցկացնելու և հակահրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվել է շրջանային հանձնաժողով, հաստատվել հակահրդեհային նախազգուշական միջոցառումների պլան, ըստ որի իրականցվել են նախատեսված աշխատանքները։ Գյուղբաժնի վարիչը հավաստիացրեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում բերքահավաքին մասնակցող գյուղատնտեսական բոլոր տեխնիկական միջոցների հակահրդեհային պարագաներով կահավորման հարցերին։ Հակահրդեհային-նախազգուշական միջոցառումների իրականացմանը զուգընթաց կատարվել Է մոլախոտերի դեմ քիմիական պայքար, միջդաշտային ճանապարհների երկկողմ մաքրում և ցանքերի շուրջ 8 մետր լայնությամբ հերկ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 60հա հերկ, 85կմ երկկողմ մաքրում և 147 հա քիմիական պայքար։ Հանրապետությունում պտուղների և հատապտուղների տարածքների ընդլայնման, այն նորագույն ոռոգման տեխնոլոգիաներով հագեցնելու, արտադրությունը խթանելու նպատակով 2018 թվականին կառավարության կողմից ընդունվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, համաձայն որի նախատեսվում է իրականացնել պտղաբուծության աշխարհագրության ընդլայնման քաղաքականություն, ավելացնել բազմամյա տնկարկների տարածքները՝ առաջնահերթություն տալով նռան այգիների հիմնադրմանը: Ընթացիկ տարում շրջանում նռան տնիկիների ձեռքբերման համար 33 հողօգտագործողի անհատույց տրամադրվել է 95563 հատ տնկի, արդյունքում հիմնվել է 158.5հա նռան այգի։ Վերջին շրջանում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շրջանում բավականին ավելացել են նռան այգիների տարածքները։ Շրջանի 808հա նռան այգիներից 456հա նորատունկ է։ Կաթիլային եղանակով ոռոգվում է 277.6 հետկար տարածք։ -Շրջանում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում 550 հողօգտագործողի անհատույց տրամադրվել է գարնանացան մշակաբույսերի սերմեր, ինչպես նաև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութ։ Նշված ծրագրի շրջանակներում 64 հողօգտագործող կատարել է 71.5հա բանջարեղենի, 34հա կարտոֆիլի և 2.1հա լոլիկի մաքուր ցանքս, որոնց տրամադրվել է դրամական աջակցություն։ Ինչպես տեղեկացանք Ա. Ղուլյանից, բաժնում հավաքագրվել և նախարարություն են ներկայացվել նաև վերին ենթաշրջանի համայնքներում պտղատու այգիներ հիմնադրելու համար տնկիներ ձեռք բերելու համար հայտերը։ Բաժնում լիահույս են, որ այս ծրագիրը ևս իր դրական լուծումը կստանա և այգեգործությամբ զբաղվողների քանակի ավելացման հետ մեկտեղ ոռոգման նորագույն տեխնոլոգիաներով հագեցած այգիներ կունենա շրջանը, իսկ արտադրության խթանմանը զուգահեռ կլուծվի նաև զբաղվածության հարցը, ինչու չէ նաև բերքը կարտահանվի թարմ և վերամշակված վիճակում: Արվիդ Ղուլյանի հավաստմամբ, գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում շրջանն ունի մեծ հնարավորություններ, որոնք օգտագործելով հնարավոր կլինի ավելացնել գյուղմթերքների արտադրության ծավալները։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |