ԹՈՂ ՁԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԻ ԼԻՆԻ
15.07.2019 17:41

Հուլիսի 15-ին  ամառային հերթական զորակոչն էր Ասկերանում: Զինկոմիսարիատի բակում հավաքվել էին շրջանի 18 երիտասարդների հարազատներ, ընկերներ: Հավաքվել էին պատանիներին ճանապարհելու դեպի ԱՀ ՊԲ շարքերը, քանզի եկել էր հայրենիքին ծառայելու նրանց ժամը, ինչին տղաները նախապատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ և պարտքի վսեմ զգացումով:

Հիրավի, հուզված էին բոլորը: Չէ որ այս տղաներն օրեր առաջ էին վեր կացել դպրոցական նստարանից և ընդունվել տարբեր ուսումնական հաստատություններ: Նրանցից շատերը պատրաստվում էին

բժիշկ, շինարար, մանկավարժ և լավ արհեստագործ դառնալ, սակայն, հոգ չէ,  ուսումը կշարունակեն երկու տարի ծառայելուց հետո:

Զինկոմ Արծվիկ Գաբրիելյանը շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ, մաղթեց բարի և անփորձանք ծառայություն:

-Մեզանից յուրաքանչյուրը իր պարտքն ունի հայրնեիքի հանդեպ: Մենք համոզված ենք, որ դուք այն կկատարեք ձեր հայրերից ու պապերից ոչ պակաս և դա ցույց է տվել պատմությունը: Եղեք զգոն, ուշադիր, հարգեք միմյանց և ամենակարևորը՝ հիշեք, որ հայրենիքը սրբություն է բոլորիս համար և նրա սահմանների անառիկությունը ձեզանից է կախված:

Իմացե՛ք, ձեր հարազատները սրտատրոփ սպասում են ձեր վերադարձին:

Ինչպես միշտ, նորակոչիկներին մաղթանքի խոսքեր հղեց Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը: Նրա ելույթի ամեն մի բառը հայրենասիրություն, ուժ և կորով էր հաղորդում ներկաներին:

<<Մեր ներկան ու ապագան դուք եք, մենք վստահում ենք ձեզ, քանզի գիտենք՝ ձեր երակներով հայի արյունն է հոսում: Դուք խիզախ, արիասիրտ և պատվախնդիր ազգի սերունդներ եք, քաջ գիտակցում եք, որ այս հողն ինչպիսի գնով ենք ազատագրել և համոզված եմ, որ  դուք ձեր պարտականությունները գերազանց եք կատարելու>>,- ասաց Ռոմելա Գրիգորյանը:

Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը՝ հորդորելով նրանց լինել դիմացկուն և ամուր:

Թող ձեր ճանապարհը բարի լինի, թող այս երկու տարիներին հաջողությունն ու Բարձրյալի օրհնությունն ուղեկցի բոլորիդ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter