ՎԵՐ ՀԱՌՆԵՑ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲԵՐԴԱԽԱՉԸ
16.07.2019 23:57

Հիսուս Քրիստոսի խաչելիությունից հետո խաչը դարձավ փրկության և հավիտենական կյանքի խորհրդանիշ։

Այսօր Ասկերանի դիմացի բարձունքում տեղադրվեց քրիստոնեական հավատքի գլխավոր խորհրդանիշ խաչը, որին տրվել է Բերդախաչ անվանումը։ Այն մետաղական է, 18 մետր բարձությամբ։ Վայրը, որտեղ կանգնեցվել է խաչը բավականին բարդ և դժվարին էր շինարարական աշխատանքների և տեխնիկայի տեղաշարժի համար։ Եվ միայն Աստծո կամոք և օրհնությամբ, ինչպես նաև այդ Աստվածահաճո գործի մասնակից անձնանց նվիրական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կեսօրից հետո Բերդախաչը հպարտորեն վեր խոյացավ Ասկերանի դիմաց։

Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը կատարեց Բերդախաչի

օծման, ինչպես նաև գեղեցիկ ու բարի նախաձեռնությունը կյանքի կոչած անձանց և նրանց ընտանիքների օրհնության արարողակարգ։ Նա աղոթք բարձրացրեց առ Աստված Արցախ աշխարհի հարատև խաղաղության համար, որպեսզի սուրբ խաչը զորավիգ լինի մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին, ասկերանցիներին։

Գաղտնիք չէ, որ խաչը քրիստոնյաներիս համար Աստծո հանդեպ հավատի և մեծ սիրո խորհրդանիշ է, հավատ, որ փոխանցվել է սերնդեսերունդ, ապրեցրել հայերիս։

Ասկերանում խաչ տեղադրելու գաղափարն ու նախաձեռնությունը պատկանում է Իվան Հարությունյանին, Մարատ Հայրապետյանին, Իգոր Գրիգորյանին, Արամ Ասրյանին, Էրիկ Վերդյանին, Սասուն Աղաջանյանին, Մհեր Աղաջանյանին, Արտուր Բաղունցին, Արայիկ Գասպարյանին, Արսեն Գրիգորյանին։ Ինչպես նշեցին նախաձեռնողները, իրենց մտահղացումն իրականություն դարձնելուն աջակցել է Ասկերանի պատվավոր քաղաքացի Կարեն Շահրամանյանը։

Խաչի կանգնեցումը բնորոշում է որպես բնակավայրի պահպանություն և խաչակնքվողներիս համար ևս մեկ սուրբ վայրի  առկայություն։ Չէ որ հնուց եկած կարգի համաձայն, յուրաքանչյուր հայաբնակ վայր պետք է իր սրբատեղին ունենա։ Խաչը մեր մշակույթի ու էության մի մասն է, քանզի աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք և քրիստոնեության ընդունումից ի վեր մենք խաչակնքվում ենք։ Նաև այդ մեծ հավատքի համար պետք է խաչեր բարձրացվեն հայկական բոլոր բնակավայերում, համոզված են նախաձեռնության հեղինակները։ Նրանք նաև նշեցին, որ այս օրվան երկար են սպասել և այս մտահղացումը կյանքի կոչելը նաև հոգու պահանջմունք էր, որով էլ ավելի ամրապնդվեց իրենց հավատն առ Աստված։

Շուտով նախատեսվում է բարեկարգել Բերդախաչի շրջակայքը և լուծել լուսավորության հարցը։ Ինչ վերաբերում է այս նախաձեռնությունը բարեգործություն անվանելուն, խաչը տեղադրողները կտրականապես դեմ էին, քանզի հաղթանակած ու արժանավայել կյանքի արժանի արցախահայության համար ով ինչ բարի ու Աստվածահաճո նպատակ ունի պետք է կյանքի կոչի։

Նրանք նաև շնորհակալություն հայտնեցին բոլորին, ովքեր աջակցել են իրենց նվիրական երազանքն իրականություն դարձնելու համար։

Բերդախաչի տեղադրումով սրբատեղիների թիվն ավելացավ Արցախում։ Իսկապես, զորեղ են այն մարդիկ, ովքեր Աստծո պատգամ են կատարում, ովքեր բարձրաձայնում են իրենց հավատքի մասին։ Մաղթում ենք, որպեսզի Աստծո օրհնությունն ու բարեգթությունն անպակաս լինի  բոլորից։

Հուսանք, խաչի տեղադրումը հավիտենական կյանքի, Աստծո հանդեպ անդավաճան սիրո և մեծ հավատքի առհավատչյան լինելուց բացի, նաև Աստծո խոսքի մեջ ապրելու հավատամք է...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter