ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ՍԻՐԱԾ ԳՈՐԾԻՆ |
25.07.2019 15:01 |
Ոսկերչությունը մարդկության պատմության մեջ ամենահին և հայտնի արհեստներից է: Տարիներ շարունակ ոսկյա զարդերը, իհարկե լավ գործերը, լրացնում են մարդկանց հագուստները և հատուկ տեսք տալիս զարդը կրողին: Յուրաքանչյուր ոսկերիչ իր ճաշակը, ազնվությունը գործերի միջոցով առաջարկում է հաճախորդին և կարողանում վայելել նրա վստահությունն ու հարգանքը: Փորձառու և բանիմաց ոսկերիչ Ալբերտ Գաբրիելյանի անունը հայտնի է մեր շրջանում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս: Համարյա 50 տարի է, ինչ նա ոսկերչության զարմանահրաշ աշխարհում զբաղվում է իր սիրած գործով: Դեռևս պատանեկան տարիներից ծնողները տղայի մոտ նկատել էին սեր դեպի նկարչությունը, ձեռքի աշխատանքները: Ալբերտը սիրում էր իր ձեռքով հետաքրքիր գործեր ստեղծել, հնարել, ստեղծագործել: Շնորհաշատ տղայի մեջ հարազատները և ուսուցիչները ապագա լավ վարպետ էին տեսնում և նրանք չսխալվեցին: Այսօր Ալբերտ Գաբրիելյանը հարյուրավոր ոսկերչական գործերի հեղինակ է և իր աշխատանքի հավետ նվիրյալը: Ծնվել է 1949 թվականի հուլիսի 1-ին Ստեփանակերտի շրջանի Վերին Ղլիժբաղ գյուղում: Ավարտելով Ասկերան ավանի ութամյա դպրոցը՝ ուսումը շարունակել է տեղի երեկոյան դպրոցում: 1968-1971թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում՝ ծառայությունն անցկացնելով Սևաստոպոլ քաղաքի ռազմական նավատորմում: Հմուտ հայ երիտասարդն անմիջապես աչքի է ընկել իր ճարպկությամբ և ձեռք բերել նշանառու-կործանիչի մասնագիտություն: Զորացրվելուց հետո Ալբերտն անմիջապես վերադարձավ իր հայրենի բնօրրանը, թեև նրան հնարավորություն էր ընձեռնվել մնալ Ռուսաստանում և աշխատանքի անցնել այնտեղ: Բազմանդամ ընտանիքի զավակը, ով դժվար մանկություն էր ունեցել, ցանկանում էր օգնել ընտանիքին, սատար լինել ծնողներին: Սկզբից աշխատանքի անցավ Բաքվի Միկոյանի անվան, ապա Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկաներում: 1973 թվականին նա մեկնեց Գորիս և հմուտ վարպետների մոտ սովորեց ոսկերչական գործը: Ութ ամիսց հետո վերադարձավ Ասկերան, ամուսնացավ և ընտանիք կազմեց: Ալբերտ Գաբրիելյանին բախտ է վիճակվել նաև լինել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ու զբաղվել ոսկերչական գործով՝ պայմանագրեր կապելով պետական հիմնարկների հետ: <<Ես միշտ էլ նախընտրում եմ մարդու ստեղծածը, քանզի մարդու միտքն ավելի լավ է գործում և ունի անսահմանափակ հնարավորություններ: Ոսկերչական գործն ավելի շատ արվեստ եմ համարում, քանի որ այն ստեղծելու համար մենք երկար խորհում, նկարում և վերջում ստանում ենք հրաշալի գործեր, որոնցից յուրաքանչյուրին առանձնակի մոտեցում ենք ցուցաբերում՝ ծանոթանալով հաճախորդի ճաշակին ու նախասիրություններին: Պատվերներն ընդունելիս սիրում եմ խոսել մարդկանց հետ, մոտիկից ճանաչել նրանց և ստեղծել ազնիվ փոխհարաբերություններ: Համարյա կես դար զբաղվում եմ այս գործով և այն անում եմ մեծ սիրով: Ունեմ բազմաթիվ հաճախորդներ, ովքեր տարիներ շարունակ դիմում են ինձ և այդ ավանդույթը փոխանցում իրենց սերունդներին: Թե՛ նախկին ժամանակներում, և թե՛ հիմա բազմաթիվ հաճախորդներ ունեմ նաև այլ երկրների մեծ քաղաքներից: Մարդիկ վստահում են ինձ, և ես հենց դա եմ համարում իմ աշխատանքի լավագույն գնահատականը>>,-ասում է փորձառու ոսկերիչը: Մայրը 11 երեխա է ունեցել, ցավոք, յոթն էին ողջ մնացել: Ինչպես հիշում է Ալբերտը՝ մանկության օրերը դժվար ու տխուր էին: Ապրուստի միջոցների համար անընդհատ պայքարի մեջ էին: Հայրն ու մայրը կռիվ էին տալիս հողի հետ և կոշտացած մատներով հաց վաստակում երեխաների համար: Ալբերտն այն ժամանակ իր մեջ երդվել էր՝ անպայման լավ արհեստ սովորել, հմուտ վարպետ դառնալ, որպեսզի օգներ քույր ու եղբայրներին: Եվ այսօր նա հպարտանում է, որ կարողացել է հասնել իր նպատակներին: <<Անգամ երազիս մեջ եմ տեսնում իմ ապագա գործերը և արթնանալով՝ անմիջապես ձեռքս եմ առնում մատիտն ու գծագրում գիշերային իմ պատկերացումները: Չեմ կարող չհպարտանալ իմ ստեղծած գործերով, որոնք զարդարում են շատ ու շատ մարդկանց և առանձնահատուկ փայլ տալիս նրանց>>,-նշում է Ալբերտ Գաբրիելյանը: 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, նա անմիջապես անդամագրվեց նոր կազմավորվող կամավորական ջոկատներին: Ընկերների, հարևանների հետ հերթապահություն էր իրականացնում Ասկերանի մերձակայքում: Հետո սկսեց հաց թխել զինվորների համար, ապա կամավոր մեկնեց ռազմի դաշտ: Երկու անգամ ծանր վիրավորվեց և ինչպես ինքն է ասում՝ ի շնորհիվ մեր բժիշկների, բուժվեց և ոտքի կանգնեց: Սակայն պատերազմի հետքերը դեռևս զգացնել էին տալիս նախկին զինծառայողին, երբեմն ուժեղ ու անտանելի գլխացավերը օրեր շարունակ տանջում են նրան, սակայն նա դիմանում է և Արցախ աշխարհի համար խաղաղություն խնդրում Աստծուց: Նա երազում է բազում հայորդիների արյամբ ներծծված այս հողը միշտ ազատ ու անկախ տեսնել, իսկ իր տանջված ժողովրդին՝ երջանիկ և ուրախ: Շրջապատված զավակների ու թոռների սիրով և հոգատարությամբ, Ալբերտ Գաբրիելյանը նշեց իր ծննդյան 70-ամյակը: Հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա աշակերտները, ովքեր այսօր անուն հանած ոսկերիչներ են, գործընկերները, մարտական ընկերներն ու հարազատները: Ուրախալի էր տեսնել, թե ինչպես էր մանկան պես հրճվել ու ոգևորվել շնորհաշատ մարդը: Նա բոլորին ցույց էր տալիս անցյալի հուշերը մարմնավորող նկարներ, տարբեր հուշամեդալներ : Չէ որ հայացք նետելով դեպի անցյալ, ծանր ու թեթև անելով իր արածն ու թողածը, Ալբերտ Գաբրիելյանը տեսնում է, որ քիչ բան չի արել իր ժողովրդի համար և դրա մեջ է տեսնում իր իրական երջանկությունը: Շնորհավոր Ձեր հոբելյանը, թող Ձեր միտքն ու արհեստավարժ մատները շարունակեն գործել նույն ոգով… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |